Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՇԱԿՈԹՈՂ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



ՀՈՒՇԱԿՈԹՈՂ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆԱրմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Շենավան գյուղից շատերը մասնակցեցին Արցախյան 44-օրյա պատերազմին: Շենավանցիներից Լևոն Գագիկի Եղիազարյանն ու Մանուկ Սամվելի Իսախանյանը մարտիրոսվեցին քառասունչորսօրյա պատերազմում, իսկ Ռուսլան Վալտերի Թովմասյանը հերոսաբար ընկավ 2022 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած ագրեսիայի ժամանակ Իշխանասարի համար մղված մարտերում։

Օրերս Շենավան գյուղում տեղի ունեցավ մերօրյա հերոս շենավանցիների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացումը, որին ներկա էին Արմավիրի մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, հերոսների հարազատներ, մարտական ընկերներ, համագյուղացիներ: Բացման հանդիսավոր արարողությունն սկսվեց ՀՀ օրհներգի կատարումով։ Պատվո պահակախմբի կրակահերթից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմահ հերոսների հիշատակը։ Հուշակոթողն օրհնեց Գեղակերտի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր սպասավոր, Տեր Ահարոն քահանա Գրիգորյանը։

Հայոց բանակի զինվորները, գյուղի դպրոցի աշակերտներն իրենց ելույթներում անդրադարձան մեր ժողովրդի պատմությանն ու հերոսական դրվագներին, վերջին մարտական գործողությունների ընթացքում մեր զինվորների ու սպաների, մասնավորապես՝ Լևոնի, Մանուկի և Ռուսլանի անցած մարտական ուղուն: Հնչեցին նաև հայրենասիրական կատարումներ: Միջոցառման ավարտին ներկաները խնկարկեցին ու ծաղիկներ խոնարհեցին հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ։

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #33 (1498) 23.08.2023 - 29.08.2023, Ճակատագրեր


28/08/2023