Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ՎԵՐԱՓՈԽԵՑ ԻՆՁ



ԲԱՆԱԿԸ ՎԵՐԱՓՈԽԵՑ ԻՆՁՀրամանատարության բնութագրմամբ՝ ժամկետային զինծառայող Վլադ Մարգարյանը կարգապահ, պարտաճանաչ, աշխատասեր ու խելացի զինվոր է: Եռանդուն է, նախաձեռնող, հանձնարարությունները կատարում է անթերի: Մասնակցում է զորամասի մշակութային միջոցառումներին, կիթառ է նվագում: Նա լավ օրինակ է զինակից ընկերների համար իր շիտակ, հանդուրժող, հավասարակշիռ բնավորությամբ, բարությամբ, ընկերներին օգնելու պատրաստակամությամբ, խիզախությամբ ու հայրենասիրությամբ:

-Ես արտաշատցի եմ,- պատմում է Վլադը:- Արքայանիստ քաղաքի պատմությունը, Դվինի ավերակները հայրենասիրության ակունք էին: Տատս պատմության ուսուցչուհի էր, երբ տանը պարապում էր դիմորդների հետ, ես լսում էի նրա դասերը, ու Հայոց պատմությունը շատ մոտ էր ինձ: Բայց անկեղծորեն պիտի ասեմ, որ այդ ամենն ինձ առանձնապես չէր ներշնչում: Ես չգիտեի՝ ինչ է Հայրենիքը, ինչ նշանակություն ունի մարդու համար:

…Շատ մտերիմ էի պապիս հետ: Մենք ամբողջ օրը միասին էինք: Նա ինձ շախմատ խաղալ էր սովորեցնում, զրուցում էր հետս, խորհուրդներ էր տալիս: Պապիս մասին խոսելիս միշտ լեզվիս ծայրին փայլուն բառն է: Պապս փայլուն էր և՛ արտաքինով, և՛ ներաշխարհով: Միշտ կոկիկ, արդուկված հագուստ էր կրում՝ սպիտակ վերնաշապիկ, սև կոստյում, մաքրությունից շողարձակող կոշիկներ: Նրա շուրջն ամեն ինչ դասավորված էր, ամեն ինչ իր տեղում էր, ճիշտ, առանց շեղման: Պապս նույնքան անթերի էր նաև մարդկային հարաբերություններում: Նրան բոլորն էին հարգում: Մենք միասին գնում էինք այգի, իսկ թոշակ ստանալու օրերին խանութը դատարկում էինք քաղցրավենիքից… Ահա այսպիսին էին իմ մանկությունն ու իմ մանկության մարդիկ:

-Դու ի՞նչ էիր երազում պատանեկության տարիներին: Ի՞նչ նախասիրություններ ունեիր, ի՞նչ ծրագրեր՝ ապագայի հետ կապված…

-Ես ոչ մի երազանք չունեի: Մի օր հասկացա, որ արդեն մեծ եմ ու պիտի ինքնուրույն ապրեմ: Հետո չգիտես որտեղից հայտնվեցին ինչ-որ հետաքրքրություններ, ավելի ճիշտ՝ մոլորություններ: Հարազատներս ամբողջ ուժով պայքարում էին ինձ համար, բայց ես օր օրի ավելի խորն էի ընկղմվում ճահճի մեջ:

Հիմա ես գիտեմ, որ անտարբերությունը աշխարհի ամենամեծ չարիքն է, որովհետև դու կարող ես փոխել կողքիդ մարդու ճակատագիրը, կարող ես նրան փրկել կործանումից: Այդ օրերին ես ծանոթացա Միքայելի հետ: Նա հիմա իմ ամենամոտ ընկերն է: Միքայելը հոգևոր մարդ էր, նա իմ խառնաշփոթ օրվա մեջ գտնում էր պատեհ պահը ու Աստվածաշունչ էր կարդում ինձ համար՝ առանց վհատվելու, համառորեն, այն մտայնությամբ, որ եթե մի նախադասություն էլ մնա գլխիս ու հոգուս մեջ, կշահեմ:

…Նախկինում չէի ուզում ծառայել բանակում, մտածում էի, որ ծառայության երկու տարին անիմաստ վատնած ժամանակ է:

-Այդ տրամադրությա՞մբ եկար բանակ:

-Չէ՛, զինվորանալու շեմին ես արդեն ուրիշ մարդ էի՝ Միքայելի ազդեցությամբ: Ես ասես թմբիրի մեջ էի, նա դիպավ հոգուս, արթնացրեց ինձ: Իսկ բանակը վերջին ու ամենակարևոր հղկումներն արեց: Բանակն ինձ վերակերտեց:

-Չե՞ս չափազանցնում…

-Հիմա ավելի մանրամասն կպատմեմ: Բանակը վերացրեց իմ բնավորության ամենավատ գծերը: Բանակում հասկացա, որ ես ամբողջի մի մասնիկն եմ ու որքան էլ ուժեղ լինեմ, միայնակ ոչինչ եմ: Սահմանին մենք՝ զինակից ընկերներով, մի ամուր վահան ենք հակառակորդի հարվածի առաջ: Սահմանին հասկացա, որ կյանքն ուրիշ կերպ է չափվում:

ԲԱՆԱԿԸ ՎԵՐԱՓՈԽԵՑ ԻՆՁԲանակում ես ձերբազատվեցի ծուլությունից: Ծուլությունը մեռնում է այնտեղ, որտեղ ծնվում են մեծ նպատակները: Հայրենիքի սահմանները պաշտպանելուց էլ մեծ նպատա՞կ: Կարևորը գաղափարն է, ձգտումը, իսկ եռանդը ծնվում է ինքնաբերաբար: Ու դու հասկանում ես, թե ինչքան գործ կարող ես անել ցանկության դեպքում: …Բանակն ինձ դարձրեց կարգապահ, բարեխիղճ, պարտաճանաչ, պատասխանատու, ընկերասեր…

Դիրքերում առաջին անգամ հայրենասիրական թրթիռ զգացի: Շատ ուժեղ ապրում էր: Հետևում հայկական գյուղն էր, դիմացը՝ հակառակորդը: Հանկարծ հասկացա, թե որքան աննշան էի մինչ այդ և որքան կարևոր եմ հիմա՝ զինվորի իմ առաքելությամբ: Հանկարծ հասկացա, որ առանց տատանվելու կյանքս կզոհեմ Հայրենիքիս համար: Հիմա ես ամեն ինչ տալիս եմ ծառայությանը, որովհետև գիտեմ՝ Հայրենիքը մեզ ի վերուստ տրված ամենամեծ պարգևն է:

-Հրամանատարներդ ասում էին, որ դու օգնում ես զորամասի սարկավագին:

-Ես որպես ուղեցույց ունեմ Միքայելի օրինակը՝ անծանոթ տղան հարազատի պես աջակցում էր ինձ ամեն հարցում: Կողքինին օգնելը մարդու առաքելությունն է:

-Ինչպե՞ս ես պատկերացնում քո ապագան:

-Զինծառայությունն ավարտելուց հետո երաժշտությամբ եմ զբաղվելու: Երազում եմ խումբ կազմել, կատարել հոգևոր երգեր, որոնց խոսքերը կլինեն իմաստալի, կդիպչեն մարդու հոգուն, կարթնացնեն գեղեցիկ մտքեր ու հույզեր: Դա իմ ամենամեծ երազանքն է:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #33 (1498) 23.08.2023 - 29.08.2023, Ազգային բանակ


28/08/2023