Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՔԵԶ ՊԱՀԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ



«Ի Քրիստոս շինված սուրբ Եկեղեցին հոգեւոր տապան է այս աշխարհի ծովի մէջ, որ մեր հոգին փրկում է մեղքի ջրերից»։
(Գր. Տաթեւացի, Գիրք Հարցմանց)

Եկեղեցի բառը երկու կարեւոր իմաստներով է գործածվում։ Առաջինը՝ աննյութական եկեղեցին է կամ Քրիստոսի խորհրդական մարմինը, որի գլուխը Ինքը՝ Քրիստոս է, իսկ հավատացյալներն այդ հոգեւոր շինության կենդանի քարերն են։ Երկրորդը՝ նյութական եկեղեցին է կամ տաճարը, որը կոչվում է Աստծու տուն կամ աղոթքի տուն։ Այս իմաստով եկեղեցին այն վայրն ու շինությունն է, ուր հոգեւորականներն ու հավատացյալները հավաքվում են աղոթքի, ծիսակատարության, խոստովանության, հաղորդության եւ այլ բարեպաշտական նպատակների համար։ Հնուց ի վեր թե՛ եկեղեցու կառուցման վայրը, թե՛ ճարտարապետությունը տրվել են հայտնությամբ։ Եկեղեցիների շինությունը հատուկ արարողակարգով սրբագործվել է, որից հետո այդ կառույցը ստացել է իր հատուկ անունը եւ դարձել սրբավայր։
Եթե որեւէ աշխարհիկ հաստատություն ներկայանալիս այցելուներից պահանջվում է վարքագծի, հագնվածքի եւ այլ պահանջներ, ապա որքան առավել եկեղեցի մտնողները պետք է հետեւեն որոշակի կանոնների, որովհետեւ մտել են Տիրոջ սրբազան տաճար։ Եկեղեցի մտնելիս պետք է խաչակնքվել։ Ներսում պետք է խոնարհվել եւ խաչակնքվել սուրբ սեղանի առջեւ՝ հիշելով, որ այնտեղ խորհրդաբար եւ էապես ներկա է Աստված, եւ աղոթել։ Եկեղեցի մտնողը պետք է քաջ գիտակցի, որ ինքը եկել է կանգնելու Աստծո առաջ, բացելու սիրտը եւ աղոթելու։ Երբ կանգնած ես Տիեզերքի թագավորի առջեւ, վայել չէ, որ միտքդ այս ու այն կողմ թափառեցնես եւ խորհես երկրորդական բաների մասին, այլ պետք է հավաքես խորհուրդներդ ու մտքերդ եւ ծայրագույն ուշադրությամբ աղոթես։
Մեր ավանդության համաձայն` եկեղեցում աղոթում են կանգնած կամ ծնրադրած։ Աղոթքը երբեմն ուղեկցվում է խոնարհումներով եւ երկրպագություններով։ Ըստ ս.Գրիգոր Տաթեւացու՝ ծնրադրել նշանակում է մեր ամբողջ կյանքը եւ կամքը, այսինքն՝ մեր մարմինն ու հոգին Քրիստոսին ի հնազանդություն հանձնել։ Երբ մարմինդ չարչարում ես, այնժամ չար խորհուրդը փախչում է քեզնից, եւ արտասուքն ու ծունր իջնելը աղոթքը համարձակ ու հասանելի են դարձնում։
Հարկ է եկեղեցի մտնել պատշաճ, վայելուչ եւ մաքուր հագուստներով՝ տղամարդիկ՝ գլխաբաց, իսկ կանայք՝ գլխաշորով՝ ըստ Պողոս առաքյալի հրամանի [Ա Կոր. ԺԱ 4]։ Երբեք չմտնել եկեղեցի ոչ վայել՝ կարճ ու բաց հագուստներով. խստիվ արգելվում է այդպիսի հագուստով եկեղեցում երեւալ. մտնելուց առաջ հաշիվ տանք մեզ, որ Աստծո ներկայության առջեւ ենք կանգնելու, որ ասում է. «Նայի՛ր քեզ, զգո՛ւյշ եղիր քո անձի համար. գուցե սրտիդ մեջ ծածուկ անօրեն բան լինի» [Բ Օր. Դ 9, Ը 11, ԺԱ 16]։
Հոգեւորականի հանդիպելիս պետք է հարգալիր գլուխ տալ՝ թեթեւակի խոնարհվելով, եւ դիմել յուրաքանչյուր կարգի համար ընդունված ձեւով. Վեհափառին՝ «Աստված օգնական, Վեհափա՛ռ տեր», Արքեպիսկոպոսին եւ եպիսկոպոսին՝ «Աստված օգնական, սրբազա՛ն հայր», վարդապետին եւ աբեղային՝ «Աստված օգնական, հա՛յր սուրբ», քահանային՝ «Օրհնեցե՛ք, տե՛ր հայր»։
Եկեղեցում ծանոթների հանդիպելիս չի կարելի ձեռքով բարեւել, զրուցել եւ տեղից տեղ անցնել։ Պետք է եկեղեցի գնալ մինչեւ արարողությունների եւ հատկապես՝ մինչեւ սուրբ Պատարագի սկսվելը, իսկ ուշանալու դեպքում մտնել անաղմուկ եւ առանց ներկաներին խանգարելու տեղ գրավել։ Սուրբ Պատարագի եւ ժամերգությունների ընթացքում պետք է աղոթակից լինել հոգեւոր դասին, սակայն ոչ բարձրաձայն՝ կողքիններին չխանգարելու համար։ Իսկ երգեցողությանը մասնակցելիս պետք է մեղմ ձայնով եւ ոչ թե աղմուկ-աղաղակով երգել. պետք է նախապես սերտել երգեցողությունը՝ մարդկանց ուշադրությունը սխալ երգեցողությամբ չշեղելու համար։ Եթե վստահ չես, որ ճիշտ ես երգելու, ավելի լավ է մտքով հետեւես երգեցողությանը։
Սուրբ Հաղորդությանը պետք է մոտենալ «միայն զգուշությամբ, միայն զղջմամբ, միայն մաքրությամբ, միայն ապաշխարությամբ, միայն երկյուղով, ամոթխածությամբ եւ հոգեւոր պատկառանքով, միայն տքնությամբ եւ արթնությամբ, միայն ողորմածությամբ եւ բարեգործությամբ… Ո՛չ հուսահատությամբ հրաժարվելն է բարի եւ ո՛չ հանդգնությամբ խիզախելը, այլ ընտրողությամբ վայելելը» (Եղիշե)։
Կիրակի օրը, տերունական տոներին եւ Զատկից մինչեւ Հոգեգալստյան օրը արգելվում է ծունկի իջնել, այլ պետք է կանգնած աղոթել. այդ արգելքը դրվել է Առաջին տիեզերական ժողովի 20-րդ կանոնով, այն կրկնում են նաեւ I-V դարերի Եկեղեցու հայրերը (Բարսեղ Մեծ, Եպիփան Կիպրացի եւ այլք)։ Այդ օրերին աղոթքի ժամանակ կանգնած լինելը, ըստ սուրբ Բարսեղ Կեսարացու, նշանակում է մեր՝ Քրիստոսի հետ հարություն առնելը։ Սա վկայած է նաեւ մեր Եկեղեցու հայրերի կողմից։ Հովհան Մանդակունին ասում է. «Զատկից մինչեւ Հոգեգալուստ բոլոր օրերը որպես կիրակի են, չի հրամայվում ծունր դնել, այլ ոտքի կանգնած եւ երկրպագությամբ աղոթել» (Կանոնք Հովհաննու Մանդակունու)։ Իսկ սուրբ Գրիգոր Տաթեւացին կիրակի օրը մեղքերից, առուվաճառքից, զվարճալիքներից, դավերից, արբեցողությունից եւ անկողնու հեշտություններից հեռու մնալու մասին խոսելիս նշում է. «Կանոն է սահմանվել ծունկի չիջնել կիրակի օրը, որովհետեւ Քրիստոս հարություն առավ մեռելներից եւ մեզ կանգնեցրեց» (Ամարան)։
Իսկ երբ կիրակի կամ տերունական օրերին սարկավագը քարոզում է. «Աստծուն երկրպագենք», ապա այդ օրերին պետք է խոնարհվել եւ մատների ծայրով դիպչել գետնին եւ ոչ թե ամբողջական երկրպագություն կատարել (Գրիգոր Տաթեւացի)։
Երբ պատարագիչ հոգեւորականը բերում է ս. ընծան, պետք է խոնարհել գլուխը եւ ընծան բերող հոգեւորականի հետ աղոթել, որ Աստված հիշի մեզ իր արքայության մեջ։
Երբ հոգեւորականը ներկաներին խաչակնքում է աջով (տեառնագրում), խաչով, Ավետարանով կամ սկիհով, որի մեջ մեր Տիրոջ Մարմինն ու Արյունն է, պետք է խոնարհվել եւ խաչակնքել. նաեւ, երբ խնկարկում են քեզ։ Մոմերը պետք է վառել արարողություններից առաջ կամ ժամերգությունների կատարման ընթացքում՝ եկեղեցում ավելորդ իրարանցում չառաջացնելու եւ արարողության մասնակիցներին չխանգարելու համար։
Սուրբ Ծննդյան տոնի Ճրագալույցի Պատարագին եւ Ծննդյան բոլոր օրերին, երբ հոգեւորականն ավետիս է տալիս՝ ասելով. «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ձեզ եւ մեզ մե՜ծ ավետիս», բոլորը պետք է խաչակնքվեն եւ ասեն. «Օրհնյա՜լ է Ծնունդն ու Հայտնությունը Քրիստոսի»։ Իսկ Զատիկի Ճրագալույցին եւ Հարության բոլոր օրերին, երբ պատարագիչ հոգեւորականը խաչը ձեռքին խնկարկում է եւ ասում. «Քրիստոս հարյավ ի մեռելոց», պետք է խաչակնքվել եւ ասել. «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։ Այդ օրերին նաեւ բոլոր քրիստոնյաներն իրար հանդիպելիս պետք է նույն ողջույնները հղեն միմյանց։
Հոգեւորականից օրհնություն ընդունելիս պետք է համբուրել նրա աջը՝ ի հարգանք նրա օծման ու անձի։
Սուրբ Պատարագի ավարտից հետո, երբ մոտենում են Ավետարանը համբուրելու, պետք է համբուրել նաեւ հոգեւորականի աջը՝ ասելով. «Մեղա Աստծու։ Հիշեցի Տեր ամենայն պատարագը քո եւ ուխտ քո ընդունելի արասցե»։

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Հոգևոր-մշակութային


01/02/2012