Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈԿՐԻՇԿԻՆԻ 90 ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԽՍՀՄ-Ի



ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ

Յուրաքանչյուր պատերազմ ունի իր հերոսները: Նրանք կարող են լինել իրական կամ շինծու, այն է` քարոզչական հերոսներ: Պետական քարոզչությունը շատ ժամանակ հենց իրական հերոսներին է դարձնում առավել ազդեցիկ` հերոսի անվանը չափազանց մեծ նշանակություն տալով: Նմանները խիստ անհրաժեշտ են ապագա սերունդը դաստիարակելու համար:

Օդային պատերազմների հերոսների մասին գրվել են հազարավոր գրքեր, նկարահանվել բազում կինոնկարներ: Հերոսների այս տեսակը յուրահատուկ համակրանքի է արժանանում ժողովրդի կողմից: Ցանկացած փոքրիկ տղա իր հոգու խորքում գոնե մի անգամ ցանկացել է օդաչու դառնալ, եւ եթե օդաչու, ապա, ինչ խոսք, ինչպես Չկալովը, Պոկրիշկինը, Կոժեդուբը կամ Նելսոն Ստեփանյանը: Ցանկը բավականին մեծ է, սակայն կան անուններ, որոնք չափազանց հնչեղ են եղել` իսկական սերունդ դաստիարակելու գործում հանդես գալով որպես կուռք-իդեալներ: Շատ օդաչուներ իրականում կատարել են ոչ պակաս և նույնիսկ ավելի մեծ հերոսություններ, սակայն հասարակայնության լայն շրջաններին նրանք հայտնի չեն: Օրինակ` Հայրենական մեծ պատերազմի ժամանակ միայն Մարեսևը չէր, որ երկու կտրված ոտքով էր թռչում: Այլ օդաչուների անուններ մեզնից շատերը չգիտեն:

Պատերազմում խորհրդային հերոսական ժողովուրդը տվեց բազում քաջարի բազեներ, որոնցից հատկապես երկուսի` Իվան Կոժեդուբի ու Ալեքսանդր Պոկրիշկինի անունները հնչում էին բոլորի շուրթերից: Երկուսն էլ դարձել էին պատերազմի եռակի հերոս: Նրանք օդային մարտերում համապատասխանաբար ոչնչացրել էին հակառակորդի 62 և 59 ինքնաթիռ:

Հետագայում, երբ պատերազմն ավարտվեց, պատմաբանների մի մեծ բանակ ամբողջ աշխարհում փորձում էր գտնել լավագույն կործանիչ օդաչուին: Օդաչուների ցուցակից դուրս չէին մնացել նաև այս երկու հերոսները: Շատ հեղինակավոր մասնագետներ պնդում էին, որ խորհրդային օդաչուների մեջ լավագույնը Պոկրիշկինն է: Նույնիսկ նշում էին նրա ոչնչացրած 80-90 ինքնաթիռները: Նմանատիպ թեմաները հիմնականում արտասահմանում էին շոշափվում: ԽՍՀՄ-ում աշխատում էին հնարավորինս զերծ մնալ այդ ամենից: Սակայն շատերը չէին վախենում հարկ եղած դեպքում խորհրդային ղեկավարների մոտ նշել, որ Պոկրիշկինն իսկական աս է: Շատ արդարամիտ ամերիկացիներ ու անգլիացիներ նշում էին, որ նա դաշնակիցների լավագույն ասն է: Լինում են այնպիսի օդաչուներ, որոնց քաջությունն անսահման է, և հենց նրանց նկատմամբ ճակատագիրը բարեհաճ է եղել: Արդյունքում` նրանց անունները մնում են պատմության էջերում և դառնում լեգենդ: Մինչդեռ լինում են նաև այնպիսի օդաչուներ, որոնք, քաջությունից բացի, նորույթ են բերում օդային մարտի տեսության և պրակտիկայի մեջ: Պոկրիշկինը այդպիսի օդաչուներից է, և հենց արևմտյան մասնագետները նրան առաջինն անվանեցին խորհրդային կործանիչ ավիացիայի «Հայր»:

Հետագայում` Ֆելիքս Չուևի հետ հարցազրույցի ժամանակ, Պոկրիշկինն ասել է, որ, իր հիշելով, նա ոչնչացրել էր ավելի քան 90 ինքնաթիռ: Սակայն ինչպե՞ս եղավ, որ նման բացառիկ անձնավորությունը հայտնվեց երկրորդ տեղում: Պատասխանը հեղինակի սեփական կարծիքն է` հիմնված որոշակի փաստերի վրա:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՍԵՐԸ

Նախ և առաջ ներկայացնենք այս երկու օդաչուների անցած մարտական ուղին և համեմատենք մրցակցող կողմերին այլ օդաչուների հետ:

Ալեքսանդր Իվանի Պոկրիշկինն օդաչու էր դարձել 1939 թվին` 26 տարեկանում, իսկ մինչ այդ ինժեներական կրթություն էր ստացել: Նա Հայրենական մեծ պատերազմի նախաշեմին 55-րդ կործանիչային ավիագնդում արդեն օղակի հրամանատար էր: Ավիագունդը տեղակայված էր ռումինական սահմանից քիչ հեռու: Նա պատերազմի հենց սկզբից աչքի էր ընկել քաջությամբ ու մեծ ակտիվությամբ, սակայն խորհրդային զորքերի զանգվածային նահանջն անհանգստություն էր պատճառում: Հարկ էր որոշակի միջոցներ ձեռնարկել: Շուտով գունդը վերանվանվեց 16-րդ գվարդիականի: Պոկրիշկինը դարձավ էսկադրիլիայի հրամանատար: Գունդը տեխնիկապես ու անձնակազմով համալրվելուց հետո մշտապես պատերազմի առաջին գծում էր: Պոկրիշկինն այլ օդաչուների հետ միասին կիսեց խորհրդային ավիացիայի դառը և պանծալի օրերը: 1943-ի սկզբին նա բազում այլ շքանշանների ու մեդալների կողքին արժանանում է նաև Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ տարեվերջին դառնում է կրկնակի հերոս և նույն գնդի հրամանատար: Այդ ժամանակ նրա հաղթանակներն անցնում էին 35-ից: Հետագայում փառաբանված ասը գնդապետի կոչումով դարձավ 9-րդ գվարդիական ավիադիվիզիայի հրամանատար: 1944թ. կեսին նա ստացավ հերոսի իր երրորդ ոսկե աստղը: Այս երևույթը բացառիկ էր և առաջինն էր խորհրդային բանակում: Պատերազմից հետո նա զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ և ավարտելով ակադեմիան, դարձավ մարշալ:

Իվան Նիկիֆորի Կոժեդուբն օդաչու դարձել է 1941թ-ին` ավարտելով Չուգուևսկի Օդաչուական ուսումնարանը, որտեղ էլ մնացել էր որպես օդաչու-հրահանգիչ: Նա 1943թ-ի մարտից իր խնդրանքով տեղափոխվել է ռազմաճակատ` կործանիչների 240-րդ ավիագունդ: Միանգամից յուրացնելով նոր «Լա-5» կործանիչը` Կոժեդուբը մասնակցել է Կուրսկի աղեղի հայտնի մարտերին: Արդեն տարեվերջին նա դառնում է էսկադրիլիայի հրամանատար, իսկ 1944թ. նշանակվում է 176-րդ գվարդիական կործանիչային ավիագնդի հրամանատարի տեղակալ: Տարեվերջին Կոժեդուբն արդեն մայոր էր և ուներ ավելի քան 45 օդային հաղթանակ: Հերոսի առաջին կոչումը նա ստացավ նույն թվականի փետրվարի 4-ին: Կոժեդուբն առաջիններից էր, որ կարողացավ ոչնչացնել գերմանական նորագույն «Մե-262» ռեակտիվ կործանիչը: Դա տեղի ունեցավ 1945-ի փետրվարի 24-ին, իսկ հերոսի երրորդ կոչմանը նա արժանացավ պատերազմի ավարտից հետո` 1945-ի օգոստոսին:

Դաշնակիցներից ոչ մի օդաչու չի ունեցել 50 հաղթանակից ավելի ցուցանիշ: Անգլիացիները ԽՍՀՄ-ից հետո երկրորդն էին: Նրանց լավագույն ցուցանիշ ունեցող Ջոն Պետլը գրանցել էր 50 հաղթանակ, իսկ մնացածները` 40-ից պակաս: Երևույթը, ինչ խոսք, ունի իր տրամաբանական բացատրությունը: Պատկերն այսպիսին էր, քանի որ մարտերը հիմնականում տեղի են ունեցել խորհրդային ռազմաճակատում: Եվ երբ պատերազմի ավարտից հետո կողմերը սկսեցին հաշվարկներ կատարել, պարզվեց, որ պարտվող պետությունների օդաչուներն ունեն օդային հաղթանակների ավելի մեծ ցուցանիշներ: Առաջին տեղում դարձյալ գերմանացիներն էին, ինչպես Առաջին աշխարհամարտի ժամանակ: Երկրորդ տեղը բաժանում էին կրկին պարտություն կրած ճապոնական և ֆիննական օդաչուները: Սա ևս որոշակի տեսանկյունից ունի տրամաբանական բացատրություն, թվերի հավաստիությունը մինչ օրս էլ կասկած է հարուցում: ԽՍՀՄ-ը, թեկուզ դաշնակիցների մեջ լինելով առաջին տեղում, ընդհանուր հաշվով զբաղեցնում էր «պատվավոր» չորրորդ տեղը: Լավագույն ցուցանիշ ունեցող գերմանացի աս Էրիկ Հարթմանը ոչնչացրել էր հակառակորդի 352 ինքնաթիռ, իսկ լավագույն ցուցանիշ ունեցող ճապոնացի օդաչու Թացուրո Իմամոտոն և ֆինն Էյնո Յուուտիլայնենն ունեին 94-ական հաղթանակ: Այսինքն` բացի գերմանացիներից, ուրիշ ոչ մեկի հաղթանակների թիվը չէր հասնում հարյուրի: Դա այն դեպքում, երբ հարյուրից ավելի հաղթանակներ ունեցող գերմանացի օդաչուների քանակն անցնում էր հարյուրից: Ավելի քան 10-ը օդաչու ուներ 200-ից ավելի հաղթանակ, իսկ երկուսը` 300-ից ավելի:

Հավաստի՞ են այս տվյալները, թե ոչ, ամենևին էլ մեր հոդվածի քննարկման առարկան չէ: Կարևորն այն է, թէ ինչո՞ւ Պոկրիշկինն իր ավելի քան 90 հաղթանակներով դարձավ ԽՍՀՄ-ում երկրորդը, և դրանով խորհրդային ցուցանիշը երկրորդ տեղից հայտնվեց չորրորդ տեղում: Փորձենք պարզաբանել հերթականությամբ:

ԻՆՉՊԵ՞Ս ՈՐՈՇԵԼ` ՈՎ ՈՒՄ ԽՈՑԵՑ

Օդային մարտը շատ բարդ գործընթաց է: Հատկապես, երբ տարբեր կողմերից մասնակցում են մեկից ավելի ինքնաթիռներ, բավականին դժվար է որոշել, թե ով ում խփեց: Փորձառու հրամանատարը կարող էր մարտում տարած իր հաղթանակներից որոշ քանակ տալ նույն մարտին մասնակցող նորեկներին և հակառակը` բոլոր հաղթանակները վերագրել հենց իրեն: Այդ և շատ այլ պատճառներով տարբեր երկրներ տարբեր կերպ են հաշվում օդաչուի խոցած ինքնաթիռների քանակը: Շատ ժամանակ անհնարին էր լինում փաստել խոցված ինքնաթիռների քանակը: Խնդիրը չէին կարող լուծել նույնիսկ մարտին մասնակցած օդաչուները, և անհրաժեշտ էր ցամաքային զորքերի հավաստիացումը, իսկ նման ապացույց միշտ չէ, որ կարելի էր ստանալ: Որոշ դեպքերում օդաչուի կատարած այս կամ այն զանցանքի համար նրանից հանում էին նախկին հաղթանակները: Նման օրենքների զոհ էին դառնում հատկապես այն օդաչուները, որոնք տառապում էին «օդային կարգազանցությամբ»: Նման օդաչուներից էր Պոկրիշկինը: Նա բազմիցս իր ինքնաթիռով կատարել էր անթույլատրելի վարժություններ: Չափազանց մեծ էր թե՛ իր, թե՛ իր ղեկավարած 16-րդ գվարդիական ավիագնդի հեղինակությունը ռազմաօդային ուժերում: Գունդը մինչև պատերազմի ավարտը, ըստ խորհրդային տվյալների, ոչնչացրել էր հակառակորդի ավելի քան 650 ինքնաթիռ. իհարկե դա զիջում է 402 կործանիչային կարմրադրոշ Սևոստոպոլյան գնդի ցուցանիշը (810), բայց լավ ցուցանիշ է:

Ահա այսպիսին են պաշտոնական տվյալները վերը նշված հերոսների մասին: Բնականաբար, նման օդաչուները գերագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում էին, և նրանցով հպարտանում էին բոլորը: Իսկ քարոզչությունը այդ ամենը որոշակի տեսանկյունից ներկայացնելու հզոր ազդակ է:

(Շարունակելի)

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից, Ռազմական


01/02/2012