Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ



Զինվորական ծառայությունը նախկինում ընկալվում էր զուտ որպես տղամարդկային տիրույթ, ու կանանց մուտքն այդ տարածք սվիններով էր ընդունվում։ Ժամանակի հետ կոտրվում են քարացած կարծրատիպերը, ավելին՝ այսօր աշխարհում այնպիսի երկրներ կան, որտեղ զինվորական ծառայությունը պարտադիր է ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց համար։

Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն կանանց համար. 2023 թվականի փետրվարին հանրային քննարկման դրվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին օրինագիծը, որն անդրադառնում է իգական սեռի քաղաքացիների զինվորական ծառայությանը։ Ապրիլի 21-ի կառավարության նիստում նախագիծը հավանություն ստացավ և ուղարկվեց Ազգային ժողով։

Ծրագիրն արդեն կյանքի է կոչվել՝ 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները կամավոր հիմունքներով կարող են անցնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։

Ծրագրի մասնակիցները ծառայելու են բացառապես ուսումնական զորամասում։

Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում մասնակիցները կստանան պատվովճար, 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 միլիոն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ նշված գումարը վեց ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում՝ ստացված չափով։

6-ամսյա ժամկետը լրանալուց հետո մասնակիցները կարող են ծառայությունը շարունակել նաեւ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության, այդ դեպքում, բնականաբար, օգտվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր արտոնություններից։

«Հայ զինվորը» հարցախույզ է իրականացրել՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն ծրագրի վերաբերյալ։

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈւԿԱՍՅԱՆ

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար

Աշխատանքի բերումով հաճախ եմ հանդիպում և շփվում մարդկանց հետ, ու պայմանավորված մեր երկրի անվտանգային հարցերով, խոսակցությունների առանցքում է նաև կանանց ու աղջիկների բանակում կամավոր ծառայության անցնելու թեման: Անշուշտ, դեմ ու կողմ կարծիքները հերթագայում են իրար` յուրաքանչյուրն իր պատճառաբանությամբ ու հիմնավորմամբ:

Միանգամից ասեմ, որ փոխվել են ժամանակներն ու իրավիճակը. այժմ չկա զբաղմունք, պարտականություն կամ աշխատանք, որ կարելի է բաժանել սեռերի միջև: Կանայք այնտեղ են, որտեղ իրենց կարիքը կա, որտեղ իրենք զգում են իրենց ներկայության ուժը:

Համոզված եմ, որ կանայք կարող են արժանապատվորեն ծառայել նաև զինված ուժերում:

Այդ առումով մեր բանակն ունի գրված պատմություն. կանայք և՛ իրենց աշխատանքով, և՛ ներկայությամբ բանակային կյանքին հաղորդել են որակ և բովանդակություն:

Այժմ էլ` օրենքի փոփոխությամբ, մեկ քայլով էլ կմոտենանք բանակում նոր մշակույթի ձևավորմանը` միաժամանակ կանանց տալով ընտրության հնարավորություն, ֆինանսական լրացուցիչ ռեսուրսներ:

Կանայք կարող են բանակային կյանքում փոխել տրամադրություն, ձևավորել նոր հարաբերություններ: Ուրեմն, ինչու չօգտագործել նրանց ներուժը, գիտելիքները, մտավոր և կամային որակները:

Չմոռանանք, որ Հայաստանը գտնվում է մարտահրավերների առաջ, որոնց մեջ պաշտպանության խնդիրներն առաջնահերթ են:

Մի պահ թերթենք մեր պատմության էջերը. կանայք կարևորագույն և բախտորոշ պահերին եղել են ամենադժվար տեղերում, տղամարդկանց հավասար պաշտպանել են մեր երկիրը:

Ստեղծելով արհեստական պատնեշներ` կանանց առջև փակում ենք ճանապարհներ, այնինչ, օրինաչափ ու սովորական պետք է լինի կանանց մասնակցությունը բանակաշինությանը: Ապահովելով մասնակցություն` լուծվում են նաև ֆինանսական մի շարք հարցեր, որը պակաս կարևոր չէ մեր օրերում:

Ողջունելով աղջիկների ու կանանց մուտքը զինված ուժեր, համոզված եմ, որ  բանակին հաղորդվելու է նոր որակ, արժեհամակարգ, փոխվելու են մեր պատկերացումները բանակի մասին, և ամենակարևորը` կանանց ու աղջիկների միջոցով ու նրանց շնորհիվ բանակը մեկ քայլով էլ է մոտենալու հասարակությանը, ընտանիքին, մեր ներկա ու ապագա զավակներին:

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐԱՆՆԻ ՎԱՀԱՆՅԱՆ

դասախոս

Երբ միասին հնչում են կին եւ բանակ բառերը, շատերս առաջինը մտաբերում ենք Իսրայելը: Իսրայելում պարտադիր հիմունքներով զորակոչման են ենթակա բոլոր 18 տարին լրացած, չամուսնացած, երեխաներ չունեցող աղջիկները, եւ որքան տեղյակ եմ՝ զինվորական մասնագիտությունների 90 տոկոսը մատչելի է կանանց, վերջիններս ծառայում են նաեւ մարտական ստորաբաժանումներում: Այսօր քիչ չեն երկրները, որտեղ ծառայությունը կանանց համար պարտադիր է՝ Թայվան, Նորվեգիա, Պերու…

Մեր բանակի շարքերում ևս քիչ չեն ծառայող կանայք: Կարծում եմ՝ պաշտպանության ոլորտում նրանց ներգրավվածությունը միայն ու միայն ողջունելի է, եւ վեցամսյա այս ծրագրով մասնակից իգական սեռի ներկայացուցիչները ևս պատվով կկատարեն իրենց առաքելությունը։

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

գրող, լրագրող

Առաջարկ ստացա ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» հանդեսի համար գրելու կարծիք, թե ի՞նչ եմ մտածում բանակում կանանց ծառայության մասին։ Համաձայնեցի ու նույն րոպեին էլ ընկա մտատանջության մեջ` իսկապես, ի՞նչ եմ մտածում։ Մի բան է, երբ լսում, կարդում և կարևորում ես կանանց` բանակի գործերում մասնակցության դեպքերը, այլ բան` երբ խոսքն իրական ծառայության մասին է, որը կանոնակարգվելու է օրենքով։ Պատկերացումներս այլ հիմք չունեն, բարոյականից բացի։

Եվ պիտի ասեմ` վաղուց մոռացության գիրկն է անցել նախնական զինպատրաստության դպրոցի իմ փորձառությունը, երբ ամեն դասի ժամանակ պատերազմն ու զենքերը աշխարհի երեսից սրբելու բաղձանք էր մեջս առաջանում։ Բայց, որքան էլ մոռացել, դեռ հիշում եմ, թե որքան խիստ ու խստապահանջ էր մեր զինղեկը: Ու թե ոնց էի ես` փոքրիկ աղջնակս, նրա դասաժամերին առաջինից մինչև վերջին վայրկյանն անցկացնում դողով: Դողով՝ վախից, դողով՝ զինվորական համազգեստից, դողով՝ ինքնաձիգին դիպչելու ու այն պատահաբար գործի դնելու ահից։ Ի՞նչ զենք, ի՞նչ պատերազմ, ի՞նչ զինպատրաստություն։ Մեզ պե՞տք է։ Մինչև նույն տարում, երբ ավարտում էի դպրոցը` 1988 թվականին, Սումգայիթում չսկսվեցին հայերի զանգվածային սպանությունները, ու ազգային ինքնապաշտպանական-ազատագրական խնդիրները միանգամից չսթափեցրին։ Սերնդի ճակատագիր էր։ Այն ժամանակ չէինք մտածում, որ այսքան տարի կձգվի ու կանգ չի առնի պատերազմը։ Իմ գրքերում, էսսեներում շատ եմ անդրադարձել պատերազմի պատմություններին, ես կորցրել եմ դասընկերոջս, դասընկերուհիս` որդուն, իսկ իմ դպրոցական ընկերուհիներից շատերը` հայրերին, և անկեղծորեն՝ որպես գրող, որպես կին, կուզենայի, որ ինչ-որ հրաշքով աշխարհի բոլոր անկյուններից բոլոր տեսակի զենքերը հօդս ցնդեին, որպեսզի պետությունների միջև ծագած խնդիրները չլուծվեին պատերազմով։ Սակայն, իհարկե, հասկանում եմ, որ դա անիրականանալի է: Ուստի, առաջին բանը, որ ուզում եմ երկրիս համար` անգերազանցելի անվտանգությունը և ուժեղ բանակն է։

Ինչ խոսք, կին ազատամարտիկներ մենք շատ ենք ունեցել, և կնոջ սխրանքը պատերազմի օրերին հատկապես գնահատելի էր։ Ես հաճախ եմ մտածել` ինքս կունենայի՞ էդ համարձակությունը, էդ հերոսականությունը, եթե լինեի իրենց փոխարեն (պիտի խոստովանեմ` իմ սերնդի կանանց համար մեքենա վարելն էր անգամ համարձակություն)։ Սակայն միշտ մտածել եմ, որ եթե մի տեղ, ռազմի դաշտում, զինվորի կողքին հրաշքով կին հայտնվի, էդտեղ հաստատ մայրական կամ քրոջ սիրով և խնամքով կհագենա միջավայրը։ Ի վերջո, այն աշխարհաքաղաքական իրավիճակում, որում մեր երկիրն է, մի՞թե կամա-ակամա զինվոր չեն բոլորը։ Մայրը, որը զինվոր որդի ունի բանակում, աղջիկը, որը սիրած տղա ունի բանակում։ Կինը, որի ամուսինն է բանակում։ «Եռաբլուրի» հրեշտակների հարազատները, քույրերը, մայրերը, մի՞թե նրանք զինվորներ չեն բոլորը։ Քառասունչորսօրյա պատերազմի օրերին մենք տեսանք ու հասկացանք շատ բաներ, որոնք անսպասելի էին մեզ համար, ցավալի ոչ պակաս, քան մեր կորուստները, և հենց այդ ամենն ավելի սթափ ու իրական փոփոխություններ կատարելու խնդիր են դրել մեր առջև։ Ակնհայտ է, որ միայն հերոսականությամբ այսօր բանակը չի կարող մարտունակ լինել։ Հարկավոր է գերժամանակակից զինտեխնիկա, միջոցներ։ Ես շատ հեռու եմ ռազմական գործից և չգիտեմ` ինչպես են այդ գործընթացները կազմակերպելու, բայց նորագույն զինտեխնիկայից գլուխ հանելը, զինվորական պատրաստություն անցնելը մեր երկրում անհրաժեշտություն է դարձել, նաև կանանց համար (կա տարբեր երկրների փորձը, ի վերջո)։ Ուստի, կարծում եմ, փորձնական տարբերակով և կամավորության սկզբունքով կարելի է իրականացնել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր այն հայրենակցուհիներին, ովքեր առաջինը կցանկանան անցնել ծառայության։ Ամրություն, անխախտություն և խաղաղություն մեր հայրենիքին։

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐԷԼՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ

ուսանողուհի

Կամավոր պարտադիր զինվորական ծառայություն կանանց համար….

Մի պահ շփոթություն է առաջացնում, այնպես չէ, կամավոր-պարտադիր… Ընտրությունը կամավոր հիմունքներով է, ու երբ ինքնակամ ընտրել ես, պարտադիր վեց ամիս պետք է ծառայես։

Հաշվի առնելով, որ կանայք սովորաբար մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց առջև դրված խնդիրներին, կարողանում են հաղթահարել ցանկացած դժվարություն, վստահ կարող եմ շեշտել, որ այս ծառայությունը եւս արժանապատվորեն կիրականացնեն։

Ցանկացած կին, հայ կին պետք է կարողանա պաշտպանել իրեն, իր իրավունքները, իր տունն ու սուրբ հայրենիքը` ներդրում ունենալով նրա պաշտպանության գործում։

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐԼՈՐԵՏԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

բանաստեղծուհի

Պատմության ամբողջ ընթացքում հայ կինն իր տղամարդու հետ մեջք մեջքի մղել է գոյապահպանման և պետականապահպանման մարտը։ Մենք դեռ շարունակում ենք մեր վսեմ գոյապայքարը։

Բավական է ինքնաճանաչման լույսի ներքո հայացք նետել նախաքրիստոնեական հայոց դիցարանին և կբացահայտենք Նանեին՝ ռազմի, իմաստության և ողջախոհության աստվածուհուն։ Ռազմիկները հենց Նանեի հովանավորության ներքո էին ելնում պատերազմի։

Կարմիր թելի նման է մեր էպոսով անցնում Հայ կնոջ հավաքական կերպարը, որքան հավատարիմ ու քնքուշ, նույնքան էլ իմաստուն, խոհեմ, մարտնչող ու հզոր, իր տղամարդու կողքին երկիրը հավասար կառավարող տիրուհի, կին և մայր՝ ի դեմս Դեղձուն Ծամի, Արմաղանի և մյուս կերպարների։

Այսպես, մեր հավաքական էությունն եկան ամրագրելու հայտնի և անհայտ հայուհիները, Անիի պարիսպներից թշնամուն նետահարող Այծեմնիկներ, ովքեր իրենց խոցված մարմնից նետեր դուրս քաշելով՝ նետահարեցին սարսափահար թշնամուն, Զարմանուհիներ, Սոսե մայրիկներ ու Դիանա Աբգարներ։

Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում ևս հայուհիները հարուցեցին միայն խոր հիացմունք և հպարտություն՝ կռվելով թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում։

Բնությունը չի կորցրել այն գենետիկ առանձնահատկությունը, որը միավորում է հայ կանանց։ Չէ՞ որ պատերազմի ժամին բոլորն են դառնում փամփուշտ ու արկ, որ պիտի պարպվեն թշնամու գլխին՝ վիժեցնելու ցանկացած ցեղասպանական մղում, այն էլ 21-րդ դարի կույր դեմոկրատիայի աչքերի առջև։ Որպես աշխարհազորային գնդերից մեկում որոշակի ռազմական պատրաստվածություն անցած կին՝ պնդում եմ, որ ցանկացած հայ կին պետք է պատրաստ լինի ամեն զարգացման…

Գոյապայքարի ժամին չկա կին և տղամարդ, չկա կուսակցություն և կուսակցամոլություն, չկա ոչ մի տարանջատում, բոլորը Հայ են, ազգը պետք է բաբախի մեկ սրտով, մեկ մտքով, մեկ բռունցքով։

Եթե տենչում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի՝ ամեն վայրկյան՝ թե՛ մտավոր, թե՛ ռազմական և թե՛ մարդկային զինանոցով։

Պատրաստեց՝  ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #35 (1500) 06.09.2023 - 12.09.2023, Բանակ և հասարակություն


11/09/2023