Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ



ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸԸնդամենը օրեր առաջ լույս աշխարհ եկած աղջնակը մարմնավորում է Մխիթարյանների ընտանիքի վերածնունդը։ Երբ թվում էր, թե միակ արու զավակին կորցնելուց հետո կյանքը կանգ է առել, պատերազմից ուղիղ երեք տարի անց ծնվեց Վանեն, եկավ իր հետ բերելով կյանքի նոր գույն, իմաստ և ապրելու հույս։

-Վանեն ամբողջությամբ փոխեց մեր կյանքը, մեր մեջ առաջացավ ապրելու հույս, նպատակ: Բալիկ ունենալու միտքը մեզ տվեց մեր մեծ աղջիկը, ասաց՝ երազ եմ տեսել, որ աղջկա հետ եկավ։ Դե, մենք ընդհանրապես չէինք պատկերացնում, բայց, փառք Աստծո, ունեցանք մեր Վանեին,- ասում է մերօրյա հերոսի մայրը՝ Լուսիկ Մանուչարյանը:

-Աստված լսեց մեր խնդրանքը ու մեզ պարգևեց փոքրիկ հրաշքին,- կնոջն է միանում ամուսինը՝ Արմեն Մխիթարյանը:

Նրանք թեև գիտեին, որ հեշտ ճանապարհ չի սպասվում, բայց որոշեցին պայքարել։ Միասին անցան նախածննդյան բոլոր դժվարություններով, հաղթահարեցին առողջական լուրջ խնդիրներ և հասան իրենց նպատակին:

Վանեն ծնվեց Վահեի երկնային օրհնությամբ՝ վստահ են ծնողները։ Եվ դրա վկայությունն է նաև այն, որ հղիության ինը ամիսների ընթացքում տիկին Լուսիկն անընդմեջ զգացել է որդու ներկայությունը, նրա շունչն ու ուժը: Իսկ հիմա այդ ուժը դարձել է Վանեն, որն իր գոյությամբ լույս է սփռում ամենուր:

-Ամեն անգամ, երբ վատ էի զգում, որդիս գալիս էր երազիս ու ասում՝ մա՛մ, ես գալու եմ: Վանեին որ դրեցին մոտս, ինձ թվաց՝ Վահես է, այսքան նմանություն,- հիշում է Լուսիկ Մանուչարյանը:

ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸԵվ Վահեի խոստումը իրականություն դարձավ։ Իր ծնունդով Վանեն ծնողներին նորից երազելու հնարավորություն տվեց։ Փոքրիկի անունն էլ պատահական չի ընտրված՝ Վահե անվան նմանությամբ են կոչել նորածնին։ Թեև ոչ մի պարագայում Վանեն չի կարող զբաղեցնել եղբոր տեղը, կամ լրացնել նրա պակասը, ասում է մայրը, բայց եղբոր հետ իր նմանությամբ բազմաթիվ հիշողություններ է արթնացնում:

44-օրյա պատերազմում Վահե Մխիթարյանը կռվի մեջ է մտել հենց առաջին ժամերից, թեև ծնողներին ասել էր, թե ապահով վայրում է։ Լինելով տանկիստ՝ առաջադրանքներ է կատարել առաջնագծի երկայնքով,  հաջողությամբ լուծել իր առջև դրված խնդիրները, հրամանատարի հետ հակառակորդի թիկունքից երկու տանկ է առգրավել:

-Մեր բոլոր տղաները հաղթողներ են,- ասում է Վահեի հայրը,- պարտությունը նրանց անգամ մոտ չի եկել։ Եվ նոր ծնունդներով ծնողներն են ապացուցում, որ իրենց զավակների գործը դեռ շարունակվելու է։ Ինչպես Վահեին, Վանեին նույնպես մեծացնելու ու դաստիարակելու են հայրենիքը անսահման սիրելու ու պաշտպանելու գաղափարով:

Եվ վերջում ամենակարևորը՝ Վահեի հարազատները Վանեի նման լույս են մաղթում մյուս բոլոր հերոսածին ընտանիքներին՝ վստահեցնելով, որ ծնունդներն իրենց ընտանիքներում խորհրդանշում են նաև մեր հայրենիքի վերածնունդը։

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #36 (1501) 13.09.2023 - 19.09.2023, Ճակատագրեր


18/09/2023