ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայաստանյան լավագույն կրթօջախներից մեկն է:
Վարժարանը հիմնադրվել է 1993 թվականին Երևանում, 2017-ի սեպտեմբերի 1-ից սկսել է գործել Դիլիջան քաղաքում:
Վարժարանում անվճար կրթություն են ստանում ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները: Վարժարանը հոգում է նաեւ սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։
Կրթօջախում ուսումնառության համար ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխանող կատարյալ պայմաններ։
Սաների կրթությունը, դաստիարակությունը, ռազմամարզական պատրաստությունը կազմակերպվում և իրականացվում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող մանկավարժների, զինվորական դաստիարակների և մարզիչների ուժերով, պարբերաբար թարմացվում են ռազմակրթական ծրագրերը։
Վարժարանում դասավանդվում են հանրակրթական ավագ դպրոցի բոլոր առարկաները եւ ռազմագիտական 9 առարկա, որոնց ծրագրերը մշակվել է վարժարանի կողմից եւ հաստատվել ԿԳՄՍ նախարարի հրամանով:
Ժամանակակից շնչով համալրված լսարաններ, վարժասրահ, մարզադահլիճ, լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և թենիսի խաղահրապարակներ… Վարժարանի սաները մասնակցում են տարբեր միջազգային ստուգատեսների, մրցույթների և մշտապես մրցանակներով, նվաճումներով վերադառնում հայրենիք՝ բարձր պահելով մոնթեականի պատվաբեր կոչումը:
Ճանապարհ դեպի բարձունք՝ մոնթեականների կարգախոսն է, գործելու բանաձևն ու կենսակերպը։
-Ու երբեք չբավարարվել ձեռք բերածով, միշտ դեպի վեր՝ նորանոր բարձունքներ նվաճելու, սա է մեր տեսլականը,- ասում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Գեղամ Սարգսյանը: – Շատ ոգևորիչ է, որ մեր սաների 80 տոկոսը գնում են ռազմական բուհեր, և ի պատիվ մեզ նշեմ, որ իրենց շատ լավ են դրսևորում: Ի դեպ, նոր հրամանով վարժարանի սաների համար սահմանվելու է կրթաթոշակ, որը ևս ուսման, առաջադիմության լրացուցիչ խթան կհանդիսանա:
Մի լավ նորություն եւս. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվելուց հետո, որոշ ժամանակ անց, մեր սաները կարող են ուսանել նաև արտերկրում, քանի որ ռազմական ակադեմիայի և մի շարք երկրների դեսպանատների միջև՝ Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան, կնքվել է պայմանագիր։ Այդ նպատակով մենք երեք նոր խմբակ ենք բացել՝ իտալերենի, ֆրանսերենի և հունարենի, որպեսզի մեր սաները կարողանան հաղորդակցվել և նաև հետագայում քննություն հանձնել այդ լեզուներով:
***
Մեկնարկել է նոր ուսումնական տարին։
Նորաթուխ մոնթեականները առաջին քայլերն են անում բարձունք տանող ճանապարհին…
Արդեն մի քանի տարի է՝ մոնթեականների շարքերը համալրում են նաև աղջիկները: Արմինե Պապյանը նրանցից մեկն է:
-44-օրյային մասնակցել է նաեւ մորեղբորս տղան՝ Արթուր Բարսեղյանը: Հենց այդ ժամանակվանից որոշեցի ինքս էլ հայրենիքի պաշտպան դառնալ: Ծնողներս դեմ չէին, հակառակը՝ մայրս ինձ ոգեշնչում է, խրախուսում,-ասում է Արմինեն,- մինչ վարժարան ընդունվելս պարի եմ գնացել, այստեղ բռնցքամարտի եմ հաճախում: Պարս մղվել է երկրորդ պլան, ճիշտ է՝ մեկ-մեկ կարոտում եմ, հիշում եմ շրջագայություններս տարբեր երկրներում, բայց մի պահ եմ տրվում սիրուն հուշերիս, գալիս է սառը գիտակցությունը՝ ամուր ու պաշտպանված հայրենիք ունենալու առաջնահերթությունը: Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում, անսահման շատ ու առանց վարանելու պատրաստ եմ հայրենիքիս վահանը դառնալ: Սկզբում նպատակադրվել էի ռազմական բժիշկ դառնալ, բայց երբ տեղեկացա, որ աղջիկների չեն ընդունում, որոշեցի հետախույզի մասնագիտությունն ընտրել:
-Իմ վարժարան ընդունվելու նպատակը ևս հայրենիքի ապագա պաշտպան դառնալն է,- վանաձորցի Հովհաննես Դանիելյանն է միանում զրույցին,- հպարտ եմ, որ սովորում եմ Ազգային հերոս Մոնթեի անունը կրող վարժարանում, մենք էլ պիտի Մոնթեի նման հայրենասեր ու հայրենապաշտ լինենք: Քեռիս և եղբայրս 44-օրյա պատերազմի մասնակից են: Ես 6-րդ դասարանից հետաքրքրված էի ռազմարվեստով, մինչ այստեղ գալս դասընթացների եմ մասնակցել, հենց այդ ժամանակվանից էլ վճռեցի ուսումս շարունակել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որ հետագայում դառնամ հայոց բանակի սպա, օգտակար լինեմ ազգիս: Այստեղ ժամանակը բավականին հագեցած է անցնում, ամեն օր նոր հմտություններ ու նոր գիտելիք ենք ձեռք բերում:
***
Նորաթուխ մոնթեականները մի քանի շաբաթ են ընդամենը այստեղ, բայց արդեն ավելի կազմակերպված են դարձել, ինքնուրույն, պատասխանատու:
-Պիտի լավ սովորենք, նաեւ անընդհատ ինքնակատարելագործվենք,- վարդենիսցի Գոռ Կարապետյանը եւս հետախույզի մասնագիտությունն է ընտրել:
-Գիտեմ՝ արտաքուստ հրապուրիչ, սակայն բավական դժվար մասնագիտություն է, բայց պիտի երազանքս իրագործեմ: Հայրս պատերազմի ժամանակ կամավոր գնաց, ես էլ էի ուզում միանալ իրեն: Պատերազմից հետո, կարծում եմ, շատերն են ինձ պես որոշել զինվորական դառնալ:
-Ես էլ հրանոթի մասնագետ եմ դառնալու, կսովորեմ ամեն մանրուք մանրամասնորեն,- իր ապագա ծրագրերի մասին բարձրաձայնում է Ալբերտ Ծառուկյանը: Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղից է Ալբերտը, ասում է՝ իր համար առանձնակի պատիվ է հերոս Մոնթեի անունը կրող վարժարանում սովորելը:
***
Պատվախնդիր, նպատակասլաց, կիրթ ու բանիմաց սաների պակաս չունի վարժարանը:
-Վիլսոն Աղասյան,- ներկայանում է հաջորդ զրուցակիցս:
Չարենցավանցի Վիլսոնը անկեղծանում է՝ սկզբում դժգոհ էր իր անունից, կուզեր հայկական անուն ունենալ:
-Պապիկիս անունն են դրել, իրեն էլ անվանակոչել են ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով:
Երիտասարդը քաջատեղյակ է ամերիկացի անվանակցի կենսագրական ամեն մանրամասնության, հանգամանալից խոսում է Վիլսոնյան Հայաստանի մասին, Սևրի պայմանագրից…
Վիլսոնը մտադրվել է իր հոր եւ հորեղբոր ուղին ընտրել՝ զինվորական դառնալ:
-Հայրս երեք պատերազմի է մասնակցել: 18 տարեկանում՝ ժամկետային ծառայության ժամանակ, մասնակցել է Արցախյան ազատամարտին, հետո՝ ապրիլյանին, ապա՝ 44-օրյային: Ես որոշել էի Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվել, բայց նախընտրեցի զինվորական կյանքս ավելի շուտ սկսել և այդ կյանքի այբուբենը սերտել Մոնթեի անունը կրող ռազմամարզական վարժարանում:
Վիլսոնը նաեւ շախմատի ասպարեզում մեծ ձեռքբերումներ ունի, տարբեր մրցումների է մասնակցել:
-Շախմատ խաղալիս բոլորին հաղթում եմ, ամեն ասպարեզում պիտի հաղթող լինենք…
Վարդենիսից Յուրի Աբրահամյանն էլ զինվորական քեռու խորհրդով է ընդունվել:
-Պատերազմի մասնակից քեռիս միշտ կրկնում է՝ ամեն մարդ իր երկրի զինվորը պիտի լինի, իր երկրի պաշտպանն ու տերը: Ես Վարդենիսում քիք-բոքսինգով եմ զբաղվել, այստեղ սամբոյով ու ձեռնամարտով եմ զբաղվում: Գիտեմ, որ իմ մասնագիտության համար ֆիզիկականը շատ կարևոր է, հետևողականորեն մարզվում եմ։
-Ես էլ քիչ թե շատ ծանոթ եմ զինվորական գործին,- ներկայանում է Էդուարդ Առուստամյանը,- Երևանի Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարանում եմ սովորել, եղբայրս էլ է այնտեղ սովորում: Հայրս պատերազմի մասնակից է, քեռիս՝ Համլետ Հարությունյանը, զոհվել է պատերազմի ժամանակ…Մեր երկրի համար առաջնահերթ մասնագիտությունը այսօր հայրենիքի պաշտպան լինելն է: Ուժեղ պիտի լինենք, մի բռունցք՝ մեր հայրենիքը մենք պիտի ունակ լինենք պաշտպանելու:
-Քանի որ հայրս ատամնաբույժ է, ծնողներս ուզում էին, որ ես էլ ատամնաբույժ դառնամ: Սակայն ես ինձ տեսնում եմ միայն ու միայն հայրենիքի պաշտպանների շարքերում,- ասում է Սուրեն Գաբրիելյանը:
-Մենք էլ ենք հայրենիքի ապագա պաշտպան,- աբովյանցի Վարդանն ու Ստեփանը զույգ եղբայրներ են,- միասին, իրար թևութիկունք կկանգնենք պաշտպանելու հող հայրենին….
-Մեր հորաքրոջ տղան՝ Վլադիմիրը, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն էր ավարտել, մեզ խորհուրդ տվեց այստեղ դիմել, մեր ծնողներն էլ ողջունեցին մեր որոշումը,- իրար լրացնելով՝ պատմում են զույգ եղբայրները:- Ոմանց համար հիմնականում դժվար է կանոնակարգված ռեժիմին դիմանալը՝ շուտ արթնանալ, շուտ քնել, բայց մենք փոքր ժամանակից վաղ ենք արթնացել, որ Աբովյանից հասնենք Երևանի մեր դպրոց: Այստեղ տարբեր մասնագիտություններ ենք ուսումնասիրում, մեկիս գրավում է հակաօդային պաշտպանությունը, մեկիս էլ՝ օտար լեզուները…
***
Վարժարանում ամեն պայման կա ե՛ւ լավ ուսման, ե՛ւ մարզվելու, կոփվելու, ե՛ւ հանգստի համար…
Ամենուր եռուն պարապմունքներ են ընթանում ՝ կրթվում են, մարզվում, ուժեղանում:
Միանշանակ՝ այստեղ կրթվում են նաև Մոնթեի լուռ հայացքի ներքո:
-Իմ կենացը մի՛ խմեք, գործս շարունակեք,- ասում էր Մոնթեն…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #36 (1501) 13.09.2023 - 19.09.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում