Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՔՆԱՇԵՆ ԶԵՆՔԵՐԻ ՈՒ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՊԻ ԺԱՄԱՆԱԿԸ



1990թ.

Ադրբեջանում, Հյուսիսային Արցախում ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում 1990 թվականի հունվարյան դեպքերը վերջնականապես սասանեցին Ադրբեջանի հրահրած արյունահեղությունները բանակային ստորաբաժանումների կողմից կանխելու կարողության կամ դրա ցանկության նկատմամբ հավատը: Բոլորի համար պարզ դարձավ յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրում ինքնապաշտպանության կազմակերպման և հատկապես` Շահումյանին ու Գետաշենին զինական ուժով սատար կանգնելու անհրաժեշտությունը:

Այսպիսով, Ղարաբաղյան խնդիրը շատ արագ հասավ իր զարգացման առաջին շրջադարձին, որը ստացավ «ճանապարհների պատերազմ» անվանումը, որի ժամանակ պայքարի հիմնական միջոցը քարերն էին, իսկ առավելությունն ի սկզբանե Ադրբեջանի կողմն էր, քանի որ մի ճարպիկ գծագրմամբ իրենց գյուղերով էին անցնում հայկական բնակավայրերը միմյանց կապող ճանապարհները:

«Ճանապարհների պատերազմում» քարերին շուտով փոխարինեց դարանակալ մահվան ուրվականը: Սկզբում այն եկավ մարդորսության և կամ ավտոմեքենայի վրա դարանից կրակ բացելու, ապա տրոտիլի, ամոնալի կամ դրանց փոխարինող տարբեր պայթուցիկ նյութերի տեսքով: Իրական ականներ դեռ չկային, այլ ինքնաշեն ականապայթուցիկ միջոցներ էին, որոնք երբեմն հարվածային ուժ ու բեկորային բաղադրիչ էլ առանձնապես չունեին, բայց շատ բարձր ձայն էին հանում: Արցախում նույնիսկ այդպիսի դյուրակիր փոքր հրթիռներ էին հորինել: Դրանք հիմնականում պատրաստվում էին Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական սարքերի ու կոնդեսատորների գործարաններում:

Մի պահ նկատելի տարածում գտավ նաև տների նկուղները պայթուցիկ միջոցների արհեստանոցների վերածելու գործելակերպը, ինչն առավել քան վտանգավոր էր, ու Շարժման ղեկավարությանը շուտով հաջողվեց դադարեցնել նման անհատական ձեռնարկումները:

Կամավորների շրջանում բավական տարածված էր նաև ՕՄՕՆ-ի հենակետերի վերածվող ադրբեջանական գյուղերին շուրջ 50 կիլոգրամ ամոնալով լցված անվադողերով պատժելու մարտավարությունը: Բայց մեջը որքան էլ մետաղի կտորտանք էին լցնում, «ռումբը» բեկորային չէր դառնում:

ԼՂՀ ներսում գտնվող կրակակետերից հակառակորդն ամեն ինչով խփում էր հայկական բնակավայրերին, բայց իրական հարձակում դեռ հազվադեպ էր լինում, ու ներկա ըմբռնմամբ՝ ականապայթուցիկային արգելափակոցների անհրաժեշտություն չկար: Հայ մարտիկները դեռ միայն ճանապարհներին էին ական դնում, գիտենալով, որ բուն կրակակետերը շուտով լռեցնելու են: Իսկ ադրբեջանցիներն ավելի քիչ էին «ականապատում», հուսալով, որ շուտով հարձակման են անցնելու:

Ինքնապաշտպանության ինժեներական ապահովումն այդ ժամանակ հանգում էր նրանց փակած ճանապարհների փոխարեն շրջանցիկները կառուցելուն, ու ճանապարհաշինության ասպարեզում Շարժման սկզբից ի վեր հսկայական աշխատանք կատարվեց: Հիշատակելի է հատկապես Ստեփանակերտից Քարինտակ ու Ղազանչի, Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա, Դաշուշեն-Կարմիր Շուկա, ինչպես և Նորագյուղ-Սարդարաշեն-Ասկերան շրջանցիկ ճանապարհների կառուցումը:

Արցախին զուգընթաց ինքնաշեն ականապայթուցիկային նյութերի գաղտնի արտադրություն սկսվեց և Հայաստանում, որտեղ դրա հնարավորություններն անհամեմատ մեծ էին: Այս ասպարեզի առաջագնացներից էին այսօր գնդապետ, Վալերի Աղաբեկյանը, պահեստի գնդապետ Գևորգ Բաղդասարյանը, նկարիչ, այսօր «Հայք-1» ձեռնարկության տնօրեն Վալերի Մարտիրոսյանը և Սամվել Շահինյանը, որոնք գործարանային պայմաններում սկսեցին զենք-զինամթերքի արտադրությունը: Հիմնական կոնստրուկտորն Արթուր Ազիբեկյանն էր: Շատ էին օգնում զինագործ Աշոտ քեռին և գործարանի ինժեներներից Վոլոդյա Քերոբյանը, որի աչքերը վնասվեցին հարմարեցված դետոնատորի պայթյունից: Արտադրում էին ականանետներ, նորոգում որսորդական հրացաններ, ուսումնական ավտոմատները վերածում մարտականի:

Միաժամանակ «Կենտրոնաձույլ» գործարանի հալման բյուրոյի պետ Արտուշ Բալյանի նախաձեռնությամբ պայթուցիկ միջոցների մետաղական մասերի ձուլման մեծ աշխատանքներ էին սկսվել: 1989-ին եկավ Վազգեն Սարգսյանը, և սկսեցին «արտադրանքի» բաշխումը կատարել ըստ սպարապետի գրությունների: Պայթեցումներ իրականացնող լեռնահանքային և այլ հիմնարկներից տրոտիլ ու ամոնալ էին բերում և լցնում իրենց արտադրած կաղապարների մեջ, որոնց վրա սկզբում տեղադրում էին էլեկտրական պայթուցիչներ, հետո անցան քուղային (քուղը վառում էին ու նռնակը նետում), ապա եւ մեխանիկական պայթուցիչներին: Շուտով սկսեցին համագործակցել Հայաստանի Ազգային հերոս Վիտյա Այվազյանի հետ, որի գլխավորությամբ «Լազերային տեխնիկա» ԳԱՄ-ում զինագործների մեկ այլ խումբ «Ալազանի» արկեր էր ձուլում:

Ի վերջո, Մոսկվայի հեռուստատեսությամբ հայտարարեցին, թե հայերը ոչ ստանդարտ ականների զանգվածային արտադրություն են սկսել: Զինագործներին հատկապես հաճախ էին կանչում դատախազություն ու ՊԱԿ և զգուշացնում, որ անօրինական գործունեություն են ծավալել:

Ապա սպարապետի կարգադրությամբ սկսվեց ցանկացած տրամաչափի արկերի ձուլումը, կախված այն բանից, թե փողի համար գործարանը կամ տվյալ կամավորական ջոկատը հատուկ նշանակության ինչ տրամաչափի խողովակ էր ճարել: Անհրաժեշտ գործիքներն արտադրում էր գործիքաշինական գործարանը: Սահմանամերձ շրջանների զինագործներն արտադրության նոր եղանակների յուրացման համար հաճախ էին գալիս «Կենտրոնաձույլ» գործարան (հատկապես Սյունիքից), և ինչ նոր եղանակ հայտնաբերվում, իսկույն տարածվում էր ողջ Հայաստանով մեկ: Արտուշ Բալյանը համագործակցում էր «Հայք» ձեռնարկության և «Հիդրոապարատների» գործարանի հետ, որտեղ Աշոտ Նավասարդյանի տղաներն ականանետ էին պատրաստում:

Հակատանկային կառավարվող կայանքների բարձրակարգ մասնագետ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, այսօր պաշտոնաթող գնդապետ Մարատ Ղարիբյանն էլ դեռ զբաղված էր ուսումնական զենքերը մարտականի վերածելով: Աշխատում էին «Օրբիտայում», հետո՝ «Այգ» գործարանի առաջին տնօրեն, լուսահոգի Հովիկ Սիմոնյանի հետ «Աստրոյում»:

Ինքնաշեն զենքերի պատրաստումը լայն թափ էր ստացել նաև սահմանամերձ շրջաններում: Գնդապետ Ներսես Մուրադյանը հիշում է Ագարակում կամավորների հետ պատրաստած իրենց առաջին ականանետի փորձարկումը. «Փողը հորատման աշխատանքներում օգտագործվող քրոմապատ խողովակից էր, հենարանը շրջանաձևի փոխարեն քառակուսի էր, փողը բարձրացնում իջեցնում էինք ոռոգման ջրի փականներով, իսկ անկյունը որոշում աշակերտական անկյունաչափով»:

Գնդապետ Ֆելիքս Պողոսյանը հիշում է, որ սկզբում ԼՂՀ Մարտունու շրջանի միակ հրետանին ՀՄՄ-ի փողն էր, որը, մոռանալով հետհարվածի մասին, խնամքով եռակցել էին կրող հարմարանքին, և ամեն երկրորդ կրակոցից հետո զոդման կարերը պոկվում էին. «Մեքենայի ամորտիզատորների զսպանակներով հարմարեցրի, և այն Ամիրանլարի դիմացի դիրքից բավական աշխատեց: Շուտով ՀՄՄ-1-ի փողից ավելի «կատարելագործված» հրանոթ պատրաստեցինք»:

1989-ի աշնանը, ղարաբաղյան հակամարտության շրջագծում ստեղծվեց աննախադեպ մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, ցամաքայինից բացի, սկսեց նաև հեռահաղորդակցության (կապի կոմունիկացիաների) շրջափակումը: Լեռնային Ղարաբաղի գերակշիռ մասն ու Շահումյանի շրջանը կապի առումով ևս կտրվեցին արտաքին աշխարհից: Միայն ինքնավար մարզի ղեկավարությունը շրջանցիկ ուղիներով կապ ուներ Բաքվի հետ: Իսկ Հայաստանում ու այլուր բնակվող արցախցիներն այլևս հնարավորություն չունեին գեթ մեկ լուր իմանալու անգամ ծանր հիվանդ հարազատի մասին: Այդ շաբաթներին էլ առաջին անգամ փորձ արվեց ռադիոկապ հաստատել Արցախի շրջանների հետ:

Խորհրդային Հայաստանի ռադիոսիրողների խմբակը լավագույններից էր հսկա ԽՍՀՄ-ում, եւ ռադիոսիրողներն իրավունք ունեին հավաքել ռադիոկայաններ, հզորացնել ունեցած կայանքները և անգամ հատուկ դրության պայմաններում կարողանում էին օրենքի շրջանակներում ամենատարբեր հանգույցներ հայթայթել: Ի լրումն դրա, երկրաշարժից հետո հայ ռադիոսիրողները ձեռք էին բերել նաև արտասահմանյան ռադիոկայաններ և ամենասրամիտ լուծումներով վերափոխելու միջոցով կարողանում էին անցնել այլ՝ չամրագրված հաճախականություններ, որոնք դժվար էր իսկույն գտնել ու լռեցնել:

ԴՕՍԱԱՖ-ի ռադիոսիրողների խմբակի ղեկավար Կարեն Կարապետյանի և ՀԽՍՀ կապի նախարարության ավագ մասնագետ Արմեն Ազարյանի ջանքերով Արցախ ուղարկվեցին մասնագետներ, շրջկենտրոններում խիստ գաղտնիության պայմաններում տեղադրվեցին ռադիոկայաններ: Որոշ տեղերում ալեհավաքները քողարկվել էին որպես… լվացքի պարաններ:

Գետաշենում, որտեղ ուղղաթիռային թռիչքահրապարակ կար՝ ավիացիոն ռադիոկայան էր. Լեռնային Ղարաբաղում փոքր ավիացիան որոշ չափով զարգացած էր, ինչը բավական օգնեց ռադիոկապավորների ուսուցմանն ու Հայաստանի հետ կապի ապահովմանը: Գետաշենի ռադիոկապավորը հայտնի Լենան էր, որ օդանավակայանի կապի օպերատորն էր եղել:

Երբ Արցախում հատուկ դրություն մտցվեց, և պետական ու ռազմականացված կառույցների բոլոր կապուղիներն իսկույն փակվեցին, միայն ռադիոսիրողների գաղտնի կապն էր գործում, և Ադրբեջանն ու խորհրդային զինվորականները, բոլոր ուժերը կենտրոնացնելով միայն ամրագրված հաճախականությունները խլացնելու վրա, չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Մինչդեռ ռադիոսիրողները, «Աղվեսաորս» խաղի սկզբունքներով հմուտ աշխատելով, կարողանում էին նրանց պետական ու զինվորական կապը որսալ ու շատ բան իմանալ:

Օգտվելով օրենքի ընձեռած հնարավորություններից` նրանք շարունակում էին ամենատարբեր ճանապարհներով ռադիոկապի միջոցներ ներկրել Հայաստան: Հեռանալով աղետի գոտուց` միութենական շինկազմակերպությունները (հատկապես Վանաձորում) կապի բավական միջոցներ թողեցին, Ուկրաինայից Էջմիածնի կապավորները բավական տեխնիկա բերեցին, և սիրողական միջոցներով կազմավորվեց ռադիոկապի հզոր ու այլևս ոչ սիրողական ցանց: Դա գաղտնի համակարգ էր, որի հաճախականությունները, խոսակցական աղյուսակները, կապի ռեժիմը միայն ռադիոսիրողները գիտեին, Ղարաբաղի բոլոր շրջաններում իրենց կետերն ունեին: Աշխատում էին Խորհրդային Հայաստանի պետական, ընդդիմադիր ու ռազմականացված բոլոր կառույցների հետ: Ամիսներն անցնում էին, Ադրբեջանի սանձազերծած մարդաորսն ու «ճանապարհների պատերազմը» վերաճում էր մարտական գործողությունների: 1990 թվականն էր: Առջևում պատերազմն էր…

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Պատմության էջերից


01/02/2012