ԱՆՑՅԱԼՆ ԱՊԱԳԱՅԻՆ ԿԱՊՈՂ ԿԱՄՈՒՐՋ
-Բաղանիսը փոքրիկ դրախտ է երկրի վրա: Անունը ծագել է բաղնիս բառից, որովհետև Բաղանիս գետում ու հարակից լճակներում հայոց արքաներն են լողացել: Մեր գյուղը եղել է նրանց ամառանոցը, արքաներն այստեղ են վայելել իրենց հանգիստը,- ասում է Սասունը:
Ես Բաղանիս անվան ուրիշ մեկնաբանություն եմ լսել Սասունի համագյուղացիներից: Նրանք ասում են, որ գյուղը Բաղանիս է կոչվել իր փարթամ բաղերի՝ այգիների պատճառով: Բայց ոչինչ չեմ ասում այդ մասին, որովհետև նա այնպիսի հպարտությամբ, այնպիսի ոգևորությամբ է ներկայացնում հարազատ գյուղի փառավոր անցյալը:
Սասունը երկու զավակների հայր է, ավագ որդին՝ Էրիկը, մասնակցել է 44-օրյա պատերազմին, կրտսերը՝ Գարիկը, սահմանապահ զինվոր է:
-Զինվորական,- ուղղում է Սասունը,- տղաս ծառայում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, արդեն պայմանագրային զինծառայող է:
Ես ուզում էի, որ Սասուն Ալեքսանյանի ընտանիքը ամբողջ կազմով հավաքվեր պապենական հարկի տակ ու միասին հիշեինք Արցախյան առաջին պատերազմը, Բաղանիսի կամավորական ջոկատի հրամանատար Սուրեն պապին, Էրիկը պատմեր 44-օրյա կռվի հերոսական դրվագներից, Գարիկից իմանայինք, թե ինչպես են ապրում դիրքապահ տղաները սահմանին…Բայց Էրիկը ուսանող է, սովորում է Վանաձորի համալսարանում ու քրոջ՝ Տաթևի հետ միայն հանգստյան օրերին է տուն գալիս, Գարիկը ծառայության մեջ է: Տանը երեքով են՝ Սասունը, կինն ու մայրը: Ավելի ճիշտ՝ ոչ թե տանը, այլ այգում, որին նոյեմբերյանցիները բաղ են ասում:
-Տարվա այս եղանակին առավոտը դուրս ենք գալիս տնից, մեկ էլ ուշ երեկոյան ենք բարձրանում վերև:
Վերև, այսինքն՝ երկրորդ հարկ: Նոյեմբերյանում գրեթե բոլոր տները նման են իրար: Առաջին հարկը գետնափոր է, ժայռին հենված, մյուս կողմից նայում է այգուն, երկրորդ հարկի զարդը մեծ, ապակեպատ պատշգամբն է:
-Դիմացը ձմեռ է,- Սասունը շարունակում է պատմել,- պիտի հասցնենք բերքը հավաքել, մշակել, տեղավորել. կոմպոտ, մուրաբա, մարինադ, չիր… կովեր ու խոզեր էլ ունենք: Միսը, կարագը, պանիրը, մածունն ու կաթը մերն է, չենք առնում: Մառանը պիտի էնքան լցնենք, որ ամբողջ ձմեռ հերիքի: Որ ձմեռը անհոգ, ապահով նստենք տաք վառարանի մոտ ու ոչ մի բանի մասին չմտածենք: Սա Երևանը չի, որ ամեն բանի համար խանութ վազես: Էդպես է, պիտի շատ աշխատենք: Աշխատանքն էնպիսի ուժ է, որին ոչինչ չի հաղթի: Եթե քրտինք թափես, քարն էլ կծաղկի…Ուր մնաց՝ մեր դրախտային երկիրը:
Օրը արևոտ է, բայց օդի մեջ սառնություն կա, ու ձմռան շունչը զգալի է: Ես պատկերացնում եմ գյուղական տաք վառարանի գվվոցը, վառվող փայտերի ճարճատյունը, լույսի թրթիռը պատերի վրա …Ու այդ համայնապատկերին՝ ազնիվ, վաստակած, սիրով ու ջերմությամբ լի, մեծ ու շեն գյուղական ընտանիքը:
-Իսկական երջանկություն,- ասում եմ:
-Միայն թե՝ խաղաղություն լինի,- պատասխանում է Սասունը:
Ալեքսանյանների ընտանիքը լավ գիտի խաղաղության գինը: Սասունը որպես ժամկետային զինծառայող զորակոչվել է 1993-ին: Նոր կազմավորվող բանակի առաջին զինվորներից է եղել: Հայրը՝ Սուրեն Ալեքսանյանը, Բաղանիս գյուղի կամավորական ջոկատի հրամանատարն էր, հետո նրա ջոկատը դարձավ նորաստեղծ բանակի առաջին ստորաբաժանումներից մեկը:
-Ժամկետային ծառայության վերջին 6 ամիսներին հորս զինվորն եմ եղել,- ասում է Սասունը հպարտությամբ,- հայր ու որդի դիրքերում էինք: Ապրիլյան քառօրյայի ժամանակ էլ էինք միասին: Հայրս արդեն զորացրվել էր բանակից, էլ երիտասարդ չէր, բայց երբ հայրենիքին վտանգ էր սպառնում, անմիջապես հագավ զինվորական համազգեստը:
Սուրեն Ալեքսանյանը զորացրվեց 2007 թվականին: Այդ ընթացքում ծնվեցին Սասունի երեք երեխաները՝ երկու որդիներն ու աղջիկը:
-Տղաներս հասցրեցին շփվել պապի, նրա զինվորական ընկերների, սահմանապահ զինվորների հետ,- ասում է Սասունը,- լսեցին նրանց խոսքուզրույցը, հայրենասիրության, ազնվության, քաջության, տղամարդկային արժանապատվության դասեր առան:
Որդիների մասին պատմելիս Սասունը բառեր չի շռայլում:
-Սահմանաբերանին մեծացած տղաները նման են իրար: Շուտ են հասունանում, զուսպ են, հավասարակշռված, աշխատասեր: Գիտեն հայրենիքի ու ընտանիքի արժեքը:
44-օրյա պատերազմի ժամանակ Ալեքսանյանները երկու զինվոր ունեին ռազմաճակատում: Էրիկն ու նրա հորեղբորորդին՝ Դավիթը: Երկուսն էլ հրետանավոր էին, երկուսն էլ մարտական գործողությունների կիզակետում: Առհասարակ, Բաղանիսում ընտանիք չկար, որ դրկից, բարեկամ չունենար պատերազմի դաշտում: Գյուղը կծկվել էր, ձայները լռել էին, գույները խամրել…Ասես՝ աշունը մնացել էր կեսճանապարհին:
Տղաները հեռախոսով խոսում էին պարբերաբար, բայց ոչինչ չէին պատմում: Եթե նրանց հավատայիր՝ կռիվ չկար, բոլորն էլ ապահով ու անվտանգ էին: Բայց լսափողից լսվող աղմուկն ու կրակոցների ձայները մատնում էին իրականությունը:
Էրիկն ու Դավիթը զորացրվելուց հետո էլ ոչինչ չեն պատմում: Երկուսն էլ ընկերներ են կորցրել՝ մանկության ընկերներ, զինակից ընկերներ:
-Փոխվել են,- ասում է Սասունը,- ինքնամփոփ են, տարիքին անհարիր՝ մտածող, ուսերին մեծ բեռ վերցնելու պատրաստ: Եթե նախկինում քննարկում էին մայրաքաղաքում ապրելու հնարավորությունը, այսօր իրենց ապագան միայն գյուղի հետ են կապում: Ավելի հոգատար են ընտանիքի, առհասարակ՝ մարդկանց հանդեպ:
-Հոր համար չկա ավելի մեծ երջանկություն, երբ կարող է ասել՝ հպարտանում եմ իմ տղաներով: Եվ հայրենասեր ու քաջ զավակներ ունենալուց ավելի մեծ հպարտություն չկա,- ասում է Սասունը,- Գարիկը շուտով կհանձնի ատեստավորման քննությունները: Հույս ունի, որ բարձր գնահատականի է արժանանալու: Ասում է՝ հայրենիքի պատպանությունը այն գործն է, որ միջակություն չի հանդուրժում: Ամբողջովին նվիրվել է ծառայությանը: Պապը ողջ լիներ, շատ կուրախանար, կասեր՝ իմ գենն է: Կախիչը, որից հորս զինվորական համազգեստն էր կախված, դատարկ չի մնա: Սիրտս տաքանում է էդ մտքից:
Սասունը երազանք ունի. ուզում է տուն կառուցել ավագ որդու համար:
-Ես ապրում եմ իմ պապի կառուցած տանը: Հիմա ո՛չ պապս կա, ո՛չ հայրս, բայց կա տունը, որ ես ժառանգել եմ, որտեղ ծնվել են իմ երեխաները: Սրա խորհուրդը այնքան մեծ է, որ դժվար է բառերով բացատրել: Քո գյուղում, քո հողի վրա տուն կառուցելը, նոր օջախ հիմնելը մեծ բախտավորություն է: Տունը հողն ավելի ամուր է դարձնում, հայրենիքն՝ ավելի ուժեղ: Քարը դնում ես քարին ու գիտես, որ շուտով քո կառուցած տանը թոռներդ են վազվզելու…Ու մի օր, երբ դու չլինես, նրանք ասելու են իրենց թոռներին՝ այս տունը մեծ պապդ է կառուցել քեզ համար…
Հիմա ես ավելի լավ եմ հասկանում, թե ինչու են բաղանիսցիները այդքան սիրում իրենց գյուղը, ինչու են այդպես կառչած իրենց հողին: Չկա ավելի շոշափելի ու զգայական Հայրենիք, քան պապիդ կառուցած տունը, որտեղ վազվզում են թոռներդ, ու չկա անցյալն ապագային կապող ավելի հուսալի կամուրջ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #37 (1502) 02.10.2023 - 06.10.2023, Բանակ և հասարակություն