ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ
-Շատ հետաքրքիր մասնագիտություն է, սովորում ենք, թե ինչ նշանակություն ունեն կրակի կառավարման սարքերը, ինչպես օգտագործել դրանք։ Երկամյա զինծառայությունը, իմ ընկալմամբ, ոչ թե պարտք է, այլ հայրենիքին ծառայելու սրբազան իրավունք։ Ուստի, առաջիկա երկու տարիներին իմ առաջնահերթ խնդիրն է լինելու պատվով կրել այդ իրավունքը, լավագույնս տիրապետել հայրենիքի պաշտպանի մասնագիտությանը։
Հաշվարկողի դերում ինձ պարտավորված եմ զգում, քանի որ հաշվարկողից է կախված հրետանու աշխատանքի վերջնարդյունքը,- ասում է կուրսանտ Գագիկ Մարտիրոսյանը:
Գագիկին և մյուս կուրսանտներին հրետանավորի մասնագիտական գաղտնիքներն ու ունակությունները փոխանցող սերժանտներից մեկն էլ Արգիշտի Մկրտչյանն է՝ ուսումնական կենտրոնի լավագույն զինծառայողներից մեկը: Նա ասում է, որ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր առաքելությանը, անում է առավելագույնը՝ ինքնակատարելագործման և ապագա հրետանավորների պատրաստության համար։
-Ինքս ձգտում եմ լավագույնների շարքում լինել, որ հմուտ մասնագետ դառնամ։ Որ թե՛ ծառայության երկու տարիների ընթացքում և թե՛ անգամ զորացրվելուց հետո, երբ իմ կարիքը լինի, կարողանամ օգտակար լինել։ Ձգտում եմ այնպես անել, որ կուրսանտների մեջ ավելի մեծ հետաքրքրություն առաջանա, ձգտեն ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել,- ասում է նա:
Ապագա հրետանավորների պատրաստության գործի նվիրյալներից է նաև սերժանտ Հովհաննես Սասայանը։ Հրանոթի լավագույն հրամանատարներից մեկը արդեն երկրորդ զորակոչն է, որ իր գիտելիքներն ու փորձն է փոխանցում ապագա հրետանավորներին։
Սերժանտը մատնացույց է անում իր կրծքանշաններն ու բացատրում.
-Սա հրետանավորի մասնագիտական որակավորման համար է, սա՝ երրորդ աստիճանի հրետանավորի որակավորման, իսկ քննությունների վերջին փուլի արդյունքներով՝ երկրորդ անգամ ֆիզիկական պատրաստությունից «գերազանց» արդյունքներ ցուցաբերելու համար էլ ստացել եմ այս «Լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշանը։
Սերժանտը հպարտությամբ է խոսում իր կուրսանտների մասին:
-Ծառայությանս տասնչորս ամիսների ընթացքում ունեցել եմ շատ լավ կուրսանտներ, որոնք բազմիցս խրախուսվել են թե՛ հրամանատարության և թե՛ սերժանտական կազմի կողմից։
Խոսելով ծառայողական առօրյայի և մշտապես լավագույնների շարքում լինելու ձգտման մասին՝ Հովհաննեսն ասում է.
-Իմ ենթակայությամբ ծառայող կուրսանտներին, ջոկի անձնակազմին ձգտում եմ հնարավորինս ամբողջական փոխանցել այն ամենը, ինչին ինքս հասել եմ պարապմունքների ընթացքում։ Այդ գիտելիքների, հմտությունների կարևորությունը շատ մեծ է, քանի որ առաջին հերթին կռվի դաշտում մարդու կյանքը փրկողը և հակառակորդին ճնշողը հենց իր պարտականությունների գերազանց իմացությունն ու կատարումն է։ Ինքս էլ անընդհատ կատարելագործվում եմ, որպեսզի գերազանց տիրապետեմ մասնագիտությանս։
Ի մի բերելով վերը ասվածը՝ տղաները շեշտում են. ինչպես սերը հայրենիքի հանդեպ չունի չափման միավոր, այնպես էլ հայրենիքի պաշտպանի առաքելությունը չի սահմանափակվում ժամկետային զինծառայության երկու տարիներով։ Նա հայրենիքի պաշտպան է անժամկետ։
-Ամեն մի հայ պետք է պատրաստ լինի հայրենիքի պաշտպանության համար ցանկացած պահի կանգնելու թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես,- մեր անկեղծ զրույցն այսպես եզրափակեց կուրսանտ Գագիկ Մարտիրոսյանը։
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #38 (1503) 13.10.2023 - 20.10.2023, Ազգային բանակ