Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՎՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ



ՊԱՏՎՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎՌազմական կրթությունը առանցքային նշանակություն ունի մեր երկրի համար. փոխվում են ժամանակները, փոխվում են մարտահրավերները, համապատասխանաբար էլ վերանայվում են ռուհերի ուսումնական ծրագրերը, կիրառվում է դասավանդման նոր մեթոդաբանություն:

Ա. Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտում ենք՝ սպաների դարբնոցում: Կուրսանտները տարբեր զինվորական մասնագիտություններ են յուրացնում, տեսական գիտելիքներն ամրապնդում գործնական պարապմունքներով:

 

-Զինվորական համազգեստը դեռ վաղ տարիքից գրավել է ինձ: Հայրս էլ, պապս էլ մի առանձնահատուկ ակնածանք ունեն զինվորական գործի հանդեպ ու իրենց խոսքում միշտ էլ շեշտադրում են՝ ոչ թե պարտականություն, այլ պատիվ ու բախտավորություն է սեփական երկրի պաշտպանը լինելը: Մարդու համար ամենաթանկը հայրենի տունն է, հողը, ծննդավայրը… Հայրենիքը մեր հավատքն է, մեր լեզուն, մշակույթը, մեր ինքնության վկայագիրը, մեր հենման կետը: Ես այս արժեքներով եմ մեծացել…

Զրուցակիցս երկրորդ կուրսի կուրսանտ, ապագա հակաօդային պաշտպան Ռոմիկ Սիմոնյանն է: Լոռու մարզի Մեծավան գյուղից է Ռոմիկը:

-Սկզբում որոշել էի տանկիստ դառնալ, բայց հետո մտադրությունս փոխեցի. հակաօդային պաշտպանի մասնագիտությունն ընտրեցի հորաքրոջս որդու ուղղորդմամբ, ինքն էլ մասնագիտությամբ հակաօդային է: Ժամանակակից մարտերում որոշիչ հարվածը հիմնականում հենց օդուժն է հասցնում, իսկ օդային հարձակման կանխողը, կասեցնողը հակաօդայիններն են՝ օդային դարպասների սահմանապահները:

ՊԱՏՎՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎՄեր այսօրվա խնդիրն է հնարավորինս կատարյալ տիրապետել զինատեսակի բոլոր նրբություններին:

Ռոմիկը ինստիտուտի լավագույն կուրսանտներից է, աչքի է ընկնում գերազանց առաջադիմությամբ:

-Պիտի չթերանանք սովորելիս, բոլոր ոլորտներում էլ գիտելիքը առաջընթացի, վստահ գործելու երաշխավոր է, իսկ ռազմական ոլորտում այն կարևորվում է կրկնակի:

Անկեղծանում է՝ ուսման գործընթացում նաեւ դժվարությունների է հանդիպում:

-Բայց ամեն դժվարություն էլ հաղթահարելի է, երբ գիտակցում ես, որ քո հայրենի եզերքի համար է…:

-Մոնթեն կասեր՝ դժվար է մեր ուղին, բայց նպատակը վեհ է, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է,- զրույցին միանում է ավիացիոն ֆակուլտետի երկրորդ կուրսի կուրսանտ Արմեն Խաչատրյանը:

Զինվորականի ընտանիքից է կուրսանտ Խաչատրյանը:

-Հայրս այժմ պահեստազորում է, 17 տարեկանից մասնակցել է ազատամարտին, մարտական տարբեր գործողությունների, սպա դառնալու որոշումս հենց ինքն է խրախուսել:

ՊԱՏՎՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎԱրմենն ապագա օդաչու է, մինչև ռազմական կրթօջախում ուսանելը սպորտով է զբաղվել՝ լողով, մասնակցել է Հայաստանի, Եվրոպայի առաջնություններին, սպորտի վարպետ է:

Ջրային աշխարհի՝ լողի վարպետը հիմա էլ անհամբեր սպասում է երկնքի անհուն կապույտում «լողալուն»՝ իր առաջին թռիչքին:

-Մարտ ամսից կսկսենք մեր թռիչքները, կյուրացնենք «թռչելու արվեստը»:

Գործնական պարապմունքների ընթացքում օդաչու կուրսանտները օդ են բարձրանում սկզբում հրահանգչի ուղեկցությամբ, այնուհետեւ արդեն մենակ:

-Բարձր կուրսերի տղաները հաճախ են պատմում իրենց առաջին թռիչքի մասին, իրենց ապրումներից, ճախրանքի վեհությունից ու խորհուրդ են տալիս լուրջ մոտենալ մասնագիտությանը: Օդաչուներն իրենց հետաքրքիր սովորույթներն ունեն, առաջին թռիչքը իրականացնելուց հետո մոտենում են իրենց երկաթաթեւ թռչունին եւ որպես շնորհակալություն բարեհաջող, ապահով վայրէջքի՝ ինքնաթիռի անիվն են համբուրում:

Շատերի համար օդաչուի մասնագիտությունը լոկ ռոմանտիկ, հրապուրիչ գործ է թվում, մինչդեռ բազում դժվարություններ կան երկինքը նվաճելու համար: Ինքնին հասկանալի է՝ միայն ցանկությունը բավարար չէ օդաչու դառնալու համար:

ՊԱՏՎՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ-Գերազանց առողջություն, սուր տեսողություն,- Արմենը մեկիկ-մեկիկ թվարկում է,- ճկուն միտք, տարբեր անկանխատեսելի իրավիճակներում անսխալ գործելու ունակություն, վճռականություն, հավասարակշռվածություն…

-Ու ամենակարեւորը՝ անմնացորդ նվիրում,- կրտսեր ընկերոջ թվարկածներին հավելում է Նարեկ Սարգսյանն ու բանաձեւում՝ առանց նվիրումի չես կարող դառնալ իսկական օդաչու:

Նարեկը չորրորդ կուրսում է ուսանում, ինքն արդեն հասցրել է նվաճել երկնքի կապույտը, «օդային» կենսագրությունում 30 ժամից ավելի թռիչք ունի:

-Ամեն թռիչք յուրահատուկ է, չկրկնվող, ու ամեն ճախրանքից հետո ավելի ես տարվում երկնքով… Երկնքում ուրիշ է, աննկարագրելի զգացողություններով ես համակվում, հազար բան է հոգիդ փոթորկում՝ ազատության զգացողություն, պատասխանատվություն, լարվածություն, հպարտություն, հրճվանք, ադրենալին… Աչքիդ առջեւ անկրկնելի տեսարան է բացվում, ու երկնքում դու ես և քո երկաթե հավատարիմ ընկերը, որի հետ խոսում ես, անմիջական զրույցի բռնվում…

Օդաչուն պետք է անընդմեջ կատարելագործի մասնագիտական կարողություններն ու հմտությունները, զարգացնի թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական ներուժը, ինքնակրթվի: Որքան էլ փորձառու լինես, դարձյալ սովորելու տեղ ունես,- ընդգծում է Նարեկը:- Ասում են՝ թե գետնի վրա հինգի գիտես, դա օդում հավասարազոր է երեքի իմացության…

ՊԱՏՎՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎՀիշում եմ՝ երբ հայրս տեղեկացավ, որ ռազմական օդաչուի մասնագիտությունն եմ ընտրել, երկար զրուցեց հետս, մանրամասնորեն բացատրեց, պարզաբանեց ընտրածս մասնագիտության ռիսկայնությունը, բոլոր հնարավոր դժվարություններն ու բարդությունները, բայց չխոչընդոտեց, ասաց միայն՝ կամքը քոնն է, դու ես ընտրել:

Վստահ եմ՝ երբ սիրում ես գործդ, ամեն ինչ էլ կհաղթահարես: Պատերազմի օրերին ավելի կարևորեցի ընտրածս մասնագիտությունը, մենք oդային մարտիկներ ենք, oդային վահան…

-Ամեն մասնագիտություն էլ իր կարևորությունն ունի, բայց երբ խառն են ժամանակները, զինվորականի մասնագիտությունն առաջնային է,- նշում է կուրսանտ Ռոբերտ Բեգլարյանը: -Ինքս էլ զինվորականի ընտանիքում եմ մեծացել, հայրս նաեւ պատերազմի մասնակից է, տեսել ու ապրել եմ զինվորական կյանքին բնորոշ բոլոր դժվարությունները:

Այնուամենայնիվ, մասնագիտություն ընտրելիս ես մեկ վայրկյան իսկ չեմ վարանել, հայրս արդեն պահեստազորի սպա է, ես կշարունակեմ նրա գործը: Պատվով ու նվիրումով:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (1503) 13.10.2023 - 20.10.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/10/2023