ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զինված ուժերում արդեն կես տարի է, ինչ կյանքի է կոչվել նոր ծրագիր՝ «Պաշտպան հայրենյաց», ինչը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։
Ծառայության ժամկետը հինգ տարի է: Այդ ընթացքում ծրագրի մասնակիցը կստանա աշխատավարձ՝ օգտվելով պայմանագրային զինծառայողի համար նախատեսված արտոնություններից, կունենա աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն, եթե ատեստավորում անցնի, իսկ ծրագրի ավարտին էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար:
Եթե ժամկետայինը պայմանագիր է ստորագրում ու անցնում վճարովի ծառայության, բայց ընթացքում որոշում է հրաժարվել այս ծրագրով ծառայելուց, ապա պայմանագրային ծառայության այդ ժամկետը չի հաշվարկվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, եւ զինծառայողը կշարունակի պարտադիր ծառայության չծառայած մասը։
«Հայ զինվորը» շարունակում է հարցախույզը՝ պարզելու, թե «Պաշտպան հայրենյաց» ծրագրին որքանո՞վ են տեղյակ մեր հայրենակիցները, և եթե տեղյակ են, ապա ի՞նչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն։
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը զինծառայողներին հեռանկարային հնարավորություն է ընձեռում` միաժամանակ լուծելով մի քանի կարևոր խնդիր: Շատ նորակոչիկներ մտավախություն ունեն, թե ի՞նչ է սպասում իրենց պարտադիր ժամկետային ծառայությունից հետո, ինչո՞վ պետք է զբաղվեն: Այս ծրագիրը ոչ միայն լուծում է այդ բարդ խնդիրը, այլև տալիս բացառիկ հնարավորություն հենց այդ ընթացքում անցնելու պայմանագրային ծառայության՝ իր բոլոր առավելություններով:
Բանակաշինության կարևոր մաս է հանդիսանում զինծառայողի հետ կրթադաստիարակչական և ռազմահայրենասիրական աշխատանքը վաղ տարիքից: Ծրագիրը տալիս է հնարավորություն արդեն իսկ ծառայության մեջ գտնվող զինծառայողին դարձնել ռազմական պրակտիկ գիտելիքների տիրապետող սպայի:
Տասնութ տարին լրացած երիտասարդի մոտ դեռ հստակ ձևավորված չեն ապագայի տեսլականը, կայունության վերաբերյալ պատկերացումները: Առաջարկվող ամսական մրցունակ աշխատավարձը լուծում է այս խնդիրն ամբողջապես: Ատեստավորումը բարձրացնում է զինծառայողի ռազմական գրագիտության մակարդակը, որն էլ իր հերթին դրականորեն ազդում է նաև ամսական եկամտի վրա: Պատվովճարը, ազատ տնօրինման իրավունքով, կարող է և հիմնականում կհանդիսանա բնակարանի/տան կառուցման կամ ձեռքբերման կանխավճար՝ լուծելով նաև տանիքի կարևորագույն խնդիրը: Հարկ եմ համարում նշել, որ բավականին գրագետ է ընտրված նաև ծրագրի հնգամյա ժամկետը, որն առավելագույնի է հասցնում առաջարկի գրավչությունը: Առավել երկար ժամկետն, առաջին հայացքից, կարող էր հապաղում առաջացնել ծրագրի հաջող և արագ մեկնարկի համար:
Կարող ենք եզրակացնել, որ ծրագիրը լիարժեք ծածկում է մարդու հիմնական պահանջները և ունի բոլոր շանսերը՝ դառնալու մինչ այս պահը ՀՀ զինված ուժերում կիրառված ամենաբարձր արդյունավետություն ունեցող ծրագրերից մեկը:
Լիահույս եմ, որ մշակված ծրագիրը կգտնի իր արժանի շահառուներին և արդյունավետորեն կծառայի նրանց դեռ երկար տարիներ, իսկ նրանք՝ մեր հայրենիքին անմնացորդ և անվերապահ նվիրումով:
ԱՎԵՏԻՍ ՎԱՐՈՍՅԱՆ
գործարար
***
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, կարծում եմ, լավ հնարավորություն է ստեղծելու պրոֆեսիոնալ բանակ ու իրենց գործին գիտակ զինվորականներ ունենալու:
Պայմանները լավն են ու կհետաքրքրեն մեր երիտասարդներին, հատկապես, որ բազում արտոնություններ է պարունակում ծրագիրը և ունի ֆինանսական շահագրգռող բաղադրիչ: Նորակոչիկներից շատերի համար այս ծրագիրը աշխատանք ունենալու, մեծ գումար վաստակելու նախընտրելի տարբերակ է:
ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գեղարքունիքի «Գեղամա» մարզային հեռուստաընկերության տնօրեն
***
Իմ տեսանկյունից՝ սա հրաշալի ծրագիր է թե՛ սպայակազմի, թե՛ ժամկետային զինծառայողների համար:
Նկատի ունենանք նաեւ, որ այս ծրագրի շնորհիվ զինվորը, բացի իր պարտքը տալուց հայրենիքին, նաև համատեղում է աշխատանքը (բարձր աշխատավարձով), սա հրաշալի ծրագիր է այն մարդկանց, այն սպաների և զինվորների համար, ովքեր բնակարան չունեն կամ ֆինանսական հենք կարող է հանդիսանալ տարբեր ձեռնարկումների համար, նաեւ ուսում ստանալու։
Ես ինքս պատերազմի մասնակից եմ ու լիովին գիտակցում եմ, թե որքան կարևոր է ամուր բանակի առկայությունը, ուստի, ամեն քայլ, ամեն ծրագիր, որ կբարձրացնի բանակի գրավչությունը, կամրապնդի բանակը, պիտի ողջունել ու աջակցել:
ՎԱՉԱԳԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ուսանող
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #38 (1503) 13.10.2023 - 20.10.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում