ԸՆՏՐՅԱԼԸ
Հայկ Սահակյանին մտերիմները Ռիժիկ էին ասում. այդ մականունը ստացել էր, երբ արդեն մեծ էր, ու մազերը դարձել էին պղնձագույն, իսկ փոքր ժամանակ հարդագույն էին: Մայրն ասում է՝ թափանցիկ, հայրն ասում է՝ արևագույն, նկարները նայելիս իմ մտապատկերում ծնվում է ոսկեգույն բառը: Նկարներում սպիտակ, փափլիկ, ժպտուն երեխա է, ասես՝ արևից պոկված շող լինի:
Սիրում էր իրեն դիտել հայելում, մանրամասն ուսումնասիրում էր սեփական դեմքը: Մի օր էլ մորն ասաց՝ հոնքերդ կտա՞ս ինձ, իմոնք չեն երևում, անգույն են: Դա ինքն իրեն հղկելու նրա առաջին փորձն էր: Կատարելության ձգտումը տարիների հետ ավելի ամրացավ, անդադար մարզում էր մարմինը, որից առանց այդ էլ լայն ուսերն ավելի մկանուտ էին դառնում, պղնձագույն մազափունջը սանրում էր կողքի, մեկ մետր 94 սանտիմետր հասակով կանգնում հայելու առաջ, ու ժպտուն դեմքը ողողվում էր լույսով:
-Ընտրյալ եմ,- ասում էր:
Մայրը հիանում էր իր զավակով, բայց ցույց չէր տալիս:
-Մի՛ պարծեցիր,- ասում էր,- ամոթ է:
Բայց Հայկը շարունակում էր.
-Մեծ մարդ եմ դառնալու:
Հիմա տարիների հեռվից դժվար է ասել՝ ընտրյալ ասելով Հայկը իր անթերի արտաքի՞նը նկատի ուներ, թե մեծ մարդ դառնալու երազանքի մասին էր խոսում: Նրա պատկերացումներում ընտրյալը բարի էր, ուրիշների պատվի համար կռիվ տվող, արդարասեր…Կարող եմ շարունակել նրա առաքինությունների շարքը, բայց ուզում եմ մարդկանց վերհուշներում մնացած զարմանալի պատմություններից մեկը պատմել, որն ուղղակի ապշեցրեց ինձ: Հայկը 10-11 տարեկան էր այդ ժամանակ, ամեն օր նույն ժամին թույլտվություն էր խնդրում ուսուցչուհուց, գալիս էր դպրոցի կողքին գտնվող շենքի մոտ, որ տուն տանի խանութից եկող միայնակ տատիկի տոպրակը: Ու րոպեներ անց վերադառնում էր դասի: Ոչ ոք չէր հանձնարարել, չէր խնդրել, ուղղակի ինքն իր համար որոշել էր հոգալ օտար կնոջ հոգսը:
Նրա գլխում տարիքին անհարիր մտքեր էին պտտվում: Օրինակ՝ ասում էր՝ Գևորգի երեխան պիտի ոչ մի բանի կարիք չունենա: Գևորգը մեծ եղբայրն էր: Ինչո՞ւ էր Գևորգի դեռ չծնված երեխայի մասին մտածում, նրա ապագան գծում, ոչ ոք չգիտեր:
Հայկը կարգապահ էր, պարտաճանաչ, բարեխիղճ: Նրա տետրերն ու գրքերը մաքուր էին, դասավորված, նրա գրած տառերն ուղիղ էին, առանց ջնջումների, առհասարակ, նրա կյանքում ամեն ինչ դասավորված էր, առանց շեղումների, առանց բացթողումների:
Հայկը խաղաղ էր, հավասարակշիռ, զուսպ: Ամենալարված վեճի պահին, երբ ուր որ է՝ կոնֆլիկտը պիտի վերաճեր բախման, Հայկը հանգիստ ասում էր.
-Մի՛ տաքացիր, հիմա հանգիստ կխոսենք, կհասկանանք իրար:
Նույն հավասարակշռվածությամբ հարթում էր ընկերների տարաձայնությունները: Միևնույն ժամանակ, Հայկը համառ էր ու սկզբունքային: Սամվել Երվինյանի կատարումները լսելուց հետո որոշեց, որ պիտի ջութակ նվագի: Մեծ եղբայրն արդեն երաժշտական դպրոցի կլառնետի բաժնում էր սովորում: Մայրը սկսեց համոզել, թե՝ տանը կլառնետ կա, ինչ տարբերություն. կլառնետ նվագել սովորի, բայց Հայկը չհամաձայնեց: Էնքան քանոնն ու մատիտը իրար քսելով՝ նվագեց երևակայական ջութակը հայելու առաջ, մինչև ծնողները գնեցին:
Հայկը հարգանքով էր վերաբերվում յուրաքանչյուրին: Մի քանի տարի ջութակի բաժնում սովորելուց հետո տարվեց կոնտրաբասով: Մայրը առաջարկեց թողնել ջութակի պարապմունքներն ու կոնտրաբաս նվագել սովորել, մանավանդ արդեն և՛ դաշնամուր էր նվագում, և՛ ջութակ: Հայկը չհամաձայնեց, ջութակի ուսուցիչս կվիրավորվի՝ ասաց: Եվ ուսուցչին չվիրավորելու համար համատեղեց ջութակն ու կոնտրաբասը:
Հայկի գլխում խառը երազանքներ կային: Ուզում էր ճարտարապետ դառնալ, միևնույն ժամանակ՝ ֆերմերային տնտեսություն հիմնել: Լրջորեն հետաքրքրվում էր տիբեթական բժշկությամբ, նրա բարձի տակ միշտ գիրք կար՝ գիտական, հոգեբանական, կրոնական: Նրա հետ կարելի էր խոսել ամեն ինչից: Եվ գուցե դա էր պատճառը, որ Հայկի ընկերներին թիվ ու հաշիվ չկար: Նա մագնիսի պես ձգում էր մարդկանց: Մայրը հազիվ էր զսպում իրեն, որ չբարձրաձայնի. «Այ, հիմա իսկապես ընտրյալ ես, տղա՛ս»,- ասում էր մտքի մեջ:
Իսկ ընտրյալն ինչպե՞ս կարող էր չպաշտպանել Հայրենիքը, եթե նույնիսկ ձեռքը կոտրվածքի պատճառով վնասված էր ու հոդախախտ ուներ: Մայրը բժիշկ էր, ու մայր ու տղա միասին որոշեցին ոչ թե ի ցույց դնել, այլ մի բան էլ թաքցնել հիվանդությունը:
-Ես արդեն ընտրյալի մոր կերպարի մեջ էի,- ասում է Աստղիկը: Նա չվիճարկեց ապրիլյան քառօրյա գործողությունների ժամանակ առաջնագիծ գնալու՝ դպրոցական որդու որոշումը, այն դեպքում, երբ ավագ որդին՝ Գևորգը, արդեն բանակում էր: Հայկը չմասնակցեց ապրիլյանին, զինկոմիսարիատի աշխատակիցը հղում արեց օրենքին ու մերժեց նրան: Տղան բավարարվեց հայրենիքը պաշտպանող զինվորների համար անհրաժեշտ պարագաներ հայթայթելով…ու սպասելով իր ժամին:
…Մի քանի ամիս էր մնացել Հայկի զորացրվելուն, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Հայկը երկար չի կռվել, բայց այդ ճակատագրական օրերի ընթացքում անցել է ամենադաժան պատերազմի բովով: Ինչ ասես չի տեսել՝ է՛լ շրջափակում, է՛լ ականանետների պայթյունից բռնկված հրդեհ, որը խլեց նրա բազմաթիվ ընկերների ու հերոս հրամանատարի՝ կապիտան Ալբերտ Խաչատրյանի կյանքը:
Միակ տեսանյութը կռվի դաշտից հոկտեմբերի 1-ին էր: Դաժան ճակատամարտից մեկ օր առաջ: Զինվորները ձիգ են, ինքնավստահ, ժպտուն: Հաջորդ օրը վերջինն էր նրանց կյանքում…. Թշնամին սկսում է ռմբակոծել դիրքերը: Կրակից ականանետները բոցավառվում են, հետո հրդեհը հասնում է խրամատում զենքերի կողքին պատսպարված զինվորներին: Վայրկյանների ընթացքում տղաներն սկսում են այրվել: Զինակից ընկերները փորձում են վազել խրամատ, որ օգնեն կրակից տուժածներին: Բայց 26-ամյա հրամանատարը արգելում է՝ պատճառաբանելով, որ ամեն պահի այրվող զենքերը կարող են պայթել, և մահն աչքի առաջ՝ ինքն է գնում փրկելու իր զինվորներին: Հրամանատարը չորս անգամ մտնում է խրամատ ու կրակների միջից դուրս բերում զինվորներին: Հինգերորդ անգամ մտնելով խրամատ՝ կապիտանը գրկում է այրվող զինվորին, բայց չի հասցնում շարժվել, զենքերը պայթում են… Հրամանատարը զոհվում է իր զինվորին գրկած:
Մնալով առանց հրամանատարի՝ մեր զինվորներն ինքնակազմակերպվում են ու համառ դիմադրությամբ հետ են մղում թշնամու ուժգին գրոհները: Ժամեր անց տեսնելով, որ վիճակն օրհասական է, Հայկը, Մխիթարը, Աբիգը որոշում են իրենց վրա վերցնել կրակը՝ զինակից ընկերներին առաջարկելով նահանջել: Բայց…բոլորը զոհվում են՝ մինչև վերջին շունչը կրակելով թշնամու վրա: Ողջ է մնում միայն մեկը՝ Աբիգը, որը բազմաթիվ վիրավորումներից կուրանում է:
-Իմ կյանքը Ռիժիկն ու Մխոն են փրկել,- ասում է Աբիգը,- աշխարհում Ռիժիկից ու Մխոյից խիզախը չկա: Թշնամու տանկը փախչում էր նրանց ավտոմատի առաջ. իմ աչքով եմ տեսել: Ավտոմատով դուրս էին գալիս տանկի դեմ:
Առաջինը Մխիթարն է զոհվում: Հայկն ընկնում է ընկերոջ մարմինը մարտադաշտից հանելիս:
-Հայկը Հայրենիքի ընտրյալն էր,- ասում է մայրը,- իսկ Հայրենիքն ընտրում է ամենալավերին: Հայրենասիրությունը այն հազվագյուտ ծաղիկն է, որը ծլարձակում է ամենապարարտ հողում: Ես ամեն օր մտովի զրուցում եմ որդուս հետ: Ես նրան չեմ մեղադրում: Ընդհակառակը: Ես ասում եմ՝ տղա՛ս, ցավս սահման չունի, բայց ես հարգում եմ քո ընտրությունը ու հպարտանում եմ քեզնով: Ու եթե մի հրաշքով ժամանակը հետ պտտվի, ես կրկին քեզ չեմ շեղելու Ընտրյալի քո ուղուց՝ այն ճանապարհից, որ քեզ անմահություն է տանելու…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #38 (1503) 13.10.2023 - 20.10.2023, Ճակատագրեր