ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
Երկար ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո Խաչատրյանների ընտանիքում այսօր վերածնունդ է։ 44-օրյա պատերազմում միակ որդուն կորցնելուց հետո կրկին արու զավակ են ունեցել։
-Հոգեկան ապրումները ծանր էին, դրանց ուղեկցող առողջական խնդիրները նույնպես, բայց երեխա ունենալու որոշումը այլընտրանք չուներ,- ասում է հայրը՝ Մանուկ Խաչատրյանը։
Փոքրիկը օրեր առաջ է լույս աշխարհ եկել, բայց այս կարճ ժամանակում հասցրել է հիմնովին փոխել ընտանեկան մթնոլորտը՝ իր հետ բերելով ապրելու նոր հույս ու լույս։ Նորածինը մերօրյա հերոս Գառնիկ Խաչատրյանի կրտսեր եղբայրն է։ Նրան նույնպես Գառնիկ են անվանակոչել։
-Դիմագծերով շատ է նման ավագ եղբորը:
Գառնիկիս ծնունդով կյանքը մեր ընտանիքում վերաիմաստավորվեց, և սեփական փորձից ելնելով այժմ ավելի քան վստահ ենք՝ նորածին մանկան ճիչ պետք է լսվի յուրաքանչյուր որդեկորույս ընտանիքում,- ասաց մայրը՝ Հերմինե Մնացականյանը։
Խաչատրյանների ավագ որդին՝ Գառնիկ Խաչատրյանը, հետախույզ էր։ Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #38 (1503) 13.10.2023 - 20.10.2023, Ճակատագրեր