Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՐԲԱԶԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՐԲԱԶԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՀրետանավոր կուրսանտները ճամբարային հավաքների են՝ մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ամրապնդում են գործնական պարապմունքներով:

-Օրեցօր ավելի վարժ ու սահուն են գործում կուրսանտները: Կիրթ, գրագետ երիտասարդներ են, իրենց բազային գիտելիքների հենքի վրա խարսխում են զինվորականի մասնագիտությունը: Արվում է հնարավորը, որ կուրսանտները գերազանց տիրապետեն հրետանավորի մասնագիտության նրբություններին, լիարժեք գիտելիքներով, հմտություններով արդեն հիմնական ծառայավայրերում նպաստեն բանակի մարտունակության ամրապնդմանը և  խնդիրը ստանալուն պես կարողանան վստահ ու գրագետ գործել,- մեզ հետ զրույցում նշում է փոխգնդապետ Արմեն Սարգսյանը:

-Հրետանավորները միշտ էլ պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Նոր հերթափոխն էլ պատվով կկատարի իր առաքելությունը,- վստահեցնում է փոխգնդապետ Արտավազդ Պեպանյանը:- Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են: Գործնական հմտությունները կատարելագործելու, ուսուցանելու շատ բան կա: Զգալի աշխատանք է կատարվում, որպեսզի թերացողները շուտ ընկնեն հունի մեջ, ծրագրից հետ չմնան, որ զորքեր գնալիս ունենան անհրաժեշտ ու պահանջված որակները: Ժամանակին զուգընթաց փոխվում են մարտահրավերները, հրետանավորներն էլ տեղում դոփելու իրավունք չունեն, մշտապես պետք է հարստացնեն իրենց գիտելիքի պաշարն ու սովորածը փոխանցեն ենթականերին:

***

Դաշտային վարժանքների համար նախատեսված ուսումնական կետերից մեկում մարտկոցի հրամանատար, կապիտան Վլադիմիր Ռապյանը հրահանգավորում է անձնակազմին, անհրաժեշտ ցուցումներ տալիս: Երիտասարդ սպան արդեն 12 տարի ծառայում է զինված ուժերում, նվիրված եւ անձնվեր ծառայության համար արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի: Մարտական գործողությունների մասնակից կապիտանը այժմ էլ իր փորձն է փոխանցում նորաթուխ հրետանավորներին:

***

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՐԲԱԶԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԿուրսանտական անձնակազմը ջանասիրաբար պարապում է: Նախ որոշում են նշանակետերի անկյուններն ու հեռավորությունը, ապա կոորդինատները կրակային դիրք փոխանցում, ինչից հետո իրականացվում է պայմանական թիրախների անվրեպ խոցում։

Ուսումնական զորամասի լավագույն կուրսանտներից է Յուրա Թանդիլյանը: Համազգեստին երկու կրծքանշան է՝ հրետանավորի եւ երրորդ կարգի որակավորման, որը շնորհում են բարձր գնահատականների արդյունքում:

-Հրետանավորի մասնագիտությունը շատ եմ սիրում: Վստահեցնում եմ, որ հարկ եղած դեպքում ուսումնական զորամասում ստացած մասնագիտական գիտելիքների շնորհիվ կկարողանամ գերազանց կատարել առաջադրված խնդիրները,- ասում է կուրսանտ Թանդիլյանը:

-Ծառայությունը շատ է տարբերվում մեր պատկերացրածից: Բավականին հագեցած ու համակարգված է անցնում ամեն օրը: Ճամբարային հավաքների ժամանակ մեր մասնագիտական հմտություններն ավելի են կատարելագործվում,- կուրսանտ Գագիկ Մարտիրոսյանն է միանում զրույցին: Գագիկը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2-րդ կուրսից է զորակոչվել բանակ: Ուսումից բացի, բազմազան հետաքրքրություններ ունի՝ պարուսույց է, երգուսույց:

-13 տարի զբաղվում եմ ազգագրական երգուպարով: Պարը պատմություն է, ժողովրդի ապրած կյանքի խտացված պատկերը, որի ամեն տողատակում ազգային բաղադրիչ կա: Մեր ազգային մշակույթը, մեր տեսակը, մեր ինքնությունը պահպանելը չափազանց կարևոր է: Դրա համար առաջնահերթ ամուր բանակ է պետք: Ու ոչ թե պարտք, այլ սրբազան իրավունք է ամեն հայի համար հայրենիքի պաշտպանը լինելը: Իմ զինվորական մասնագիտությունը հաշվարկող է: Ասում են՝ հաշվարկողը հրետանու ուղեղն է, եթե հաշվարկը սխալ եղավ, ամբողջ աշխատանքը ջուրը կընկնի,- հումորով է ավարտում խոսքը Գագիկը:

-Ճշգրիտ հաշվարկ, կրակի կառավարում, նշանակետի խոցում… Հրետանին կոլեկտիվ զինատեսակ է, ու ամեն մեկիս վրիպումը, սխալը ճակատագրական կարող է լինել,- Գագիկի խոսքը «խմբագրում» է կուրսանտ Արման Հարությունյանը,- ես էլ նշանառու եմ, ամեն մեկս էլ հստակ գիտակցում ենք մեր գործի կարեւորությունն ու ջանում կատարյալ տիրապետել հրետանավորի մասնագիտության բոլոր նրբություններին:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՐԲԱԶԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՏղաները լավ գիտեն, որ ռազմական գիտելիքների գերազանց  իմացությունը վստահություն է հաղորդում:

Արմանը մասնագիտությամբ ծրագրավորող է, զինվորականի որդի.

-Մինչ բանակ զորակոչվելս բավականին ծանոթ էի զինվորական այբուբենին: Արդեն երեք ամսվա ծառայող եմ, ծառայության ընթացքում նոր ընկերներ եմ ձեռք բերել: Իմ զենքը եւս իմ ընկերն է:

-Ձգտում ենք գերազանց տիրապետել մեր զինտեխնիկային, ամեն րոպեն նպատակային օգտագործել,- զրույցը եզրափակում են հաշվարկի հրամանատար զույգ եղբայրներ Կարեն և Արթուր Ադամյանները: Սահմանամերձ Բերդ քաղաքից են եղբայրները, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ են ընդունվել եւ զորակոչվել բանակ:

-Միասին սպորտով ենք զբաղվել, բուհ ընդունվել, հիմա էլ միասին մեր սրբազան առաքելությունն ենք իրականացնում՝ հստակ գիտակցելով յուրաքանչյուր զինվորի դերն ու կարեւորությունը հայրենիքի պաշտպանության սրբազան գործում։ Մեր հողն ու ջուրը մենք պիտի պաշտպանենք, մենք ենք հայրենիքի վահանը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (1504) 20.10.2023 - 27.10.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/10/2023