ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օրերս ՊԲ շտաբի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, ծառայությունների ու բաժինների պետերը, բանակի վարչության սպայակազմը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ընթացիկ ու առաջիկա խնդիրները, որոշ ոլորտների պատասխանատուներին տրվեցին ցուցումներ ու հանձնարարականներ։ Այնուհետև հրապարակվեց բանակի հրամանատարի հրամանը նախորդ տարվա վերջին ամսվա արդյունքների ամփոփման մասին։ Մի շարք զինծառայողներ խրախուսվեցին պատվոգրերով ու դրամական պարգևներով։ Պաշտպանության նախարարի հրամանով բանակի հրամանատարի տեղակալները, ծառայությունների ու բաժինների պետերը պարգևատրվեցին հանրապետության զինված ուժերի 20-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներով։ Մեդալներով կպարգևատրվի նաև բանակի ամբողջ սպայական կազմը։
Հունվարի 18-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում տեղի ունեցավ բանակի թիկունքային ապահովման և ռազմաբժշկական խնդիրների քննարկմանը նվիրված ծառայողական խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում շոշափվեց բանակում թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացվող գործընթացների համալիրը, խոսվեց անձնակազմի բժշկական սպասարկման և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման խնդիրների շուրջ։ Նույն օրը բանակի հրամկազմի, շտաբի բաժինների ու ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի ու առանձին ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ տեղի ունեցավ մեկ այլ ծառայողական խորհրդակցություն, նվիրված բանակային նոր ուսումնական տարվա ձմեռային ուսումնական փուլի մեկնարկային շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների կատարմանը։ Խորհրդակցության ընթացքում ըստ ուղղությունների ներկայացվեցին կատարված աշխատանքները ու դրանցում տեղ գտած թերությունները, որոնց վերացման համար տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։
Մ. ԱՀՅԱՆ
Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Ազգային բանակ