ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ուսումնական զորամասերում մեկնարկել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների նոր հոսքի պատրաստության գործընթացը։ Ծրագիրը լայն ճանաչում ունի արդեն, երիտասարդներին առաջարկում է գրավիչ և մրցունակ պայմաններ։ Շատերն են ցանկանում զինծառայությունը շարունակել նոր ձևաչափով՝ կառավարության սահմանած կարգով դառնալ պայմանագրային զինծառայող, օգտվել սահմանված բոլոր արտոնություններից, ստանալ բարձր աշխատավարձ։ Բացի այդ, ատեստավորման և մարտական հերթապահության դեպքում նրանց կտրվի նաև հավելավճար։
Պատրաստության եռամսյա շրջանի ավարտին ամփոփիչ քննությունները հաջողությամբ հաղթահարած զինծառայողները կշարունակեն հետագա ծառայությունը՝ համապատասխան զորամասերում նշանակվելով իրենց նախընտրած հաստիքներին։ Իսկ մինչ այդ, ուսումնական կենտրոններում ակտիվ պարապմունքներ են ընթանում։ Առաջիկա շաբաթների ընթացքում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները կատարելագործելու են իրենց մասնագիտական կարողությունները, նախապատրաստվելու են շարային, կրակային և ֆիզիկական պատրաստություն առարկաներից քննություններին։
Զորամասի շարահրապարակում ենք։ Սերժանտները սպաների հսկողության ներքո պարապմունք են անցկացնում։ Շարային ձիգ կեցվածքը, ճիշտ քայլքը, հրամանները ճշգրիտ կատարելն ու նաև հրամաններ արձակելը շարային պատրաստության բաղկացուցիչ տարրերից են, դրանց հստակ իմացությունը զինծառայողի համար պարտադիր է։ Բոլոր վարժությունները կատարվում են մի քանի անգամ՝ ավտոմատացման աստիճանի ամրապնդելով դրանց իմացությունը։
Պարապմունքները շարունակվում են լսարանային պայմաններում։ Անձնակազմը նաև մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների տեսական իմացությունից է ստուգվելու։ Օրակարգը հագեցած է։ Սպայակազմը ձգտում է լիարժեք կազմակերպել ուսումնական գործընթացը յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար, իսկ կուրսանտները ջանք ու եռանդ չեն խնայում՝ դառնալու պատրաստված մասնագետներ։
Շարքային Ալիկ Հովակիմյանը Գորիսի Ակներ գյուղից է։ Մեկ տարի երեք ամիս ծառայելուց հետո դիմել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրին միանալու համար։
-Մոտ ութ տարի ապրել եմ Ռուսաստանի Դաշնությունում, վերադարձել եմ բանակում ծառայելու նպատակով,- ասում է Ալիկը։ -Տրակտորիստ եմ եղել, աշխատել եմ, տեխնիկայից լավ գլուխ եմ հանում, դրա համար էլ որպես տանկի մեխանիկ-վարորդ եմ ծառայում։ Անցած հոսքից ծանոթ եմ ծրագրի մանրամասներին, տեսել եմ՝ ինչը ոնց է, շահառուները ինչպես են պարապում։ Ինձ համար որևէ նորություն ու բարդություն չկա։ Բոլոր առարկաներից էլ լավ եմ, գերազանց կրակում եմ, միայն երեք կմ վազքի ցուցանիշը չի գոհացնում, բայց մարզվում եմ, մինչև քննությունների մեկնարկը հաստատ արդյունքներս կբարելավեմ։
Փոքրուց սիրել եմ զինվորական գործը, թեև հարազատներիս շրջանում զինվորական չկա, բանակի մասին էլ ընդհանուր պատկերացում ունեի։ Հայրս էլ չի ծառայել։ Ծառայելու իմ ձգտումը և՛ պարտքի զգացում է, և՛ մյուսների բացը լրացնելու ցանկություն։ Բանակային կյանքը իսկն ինձ համար է, շատ եմ հավանել։ Այժմ որպես «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դիրքապահ ծառայությունն եմ ընտրել, սակայն հետագայում հնարավորության դեպքում ծառայությունս նաև որպես տանկիստ եմ շարունակելու։ Ծառայությունն իմ կյանքն է, փոշմանել եմ, որ ավելի շուտ չեմ կնքել պայմանագրային ծառայության անցնելու պայմանագիր։
Շարքային Արմեն Լազարյանը ճամբարակից է։ Սահմանամերձ բնակավայրում շփումը զինվորական կյանքի հետ շատ է եղել։ Տեսել է սահմանին մոտ ապրելու դժվարությունները, զգացել սահմանն անձեռնմխելի պահելու անհրաժեշտությունը, ինչն էլ մեծապես ազդել է հայրենիքի պաշտպանության նպատակային ծրագիրն ընտրելու նրա որոշման վրա։
-«Պաշտպան հայրենյաց» ծրագրի առավելություններից մեկը բնակավայրին մոտ զորամասում ծառայելու իրավունքն է,- ասում է Արմենը։ -Ցանկությունս մեծ է պաշտպանելու իմ տունը, իմ բնակավայրը, ինչի կարևորությունը առավել քան լավ եմ հասկանում։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս նաև էապես բարելավելու ընտանիքիս սոցիալական վիճակը։ Խոհարար եմ, իմ մասնագիտությամբ գուցե շատ ավելի մեծ գումար կարող էի վաստակել, բայց ես ընտրել եմ հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործը։ Ոգևորված եմ, որ հայրս շատ է աջակցել ինձ որոշումն ընդունելիս։
Արդեն ութ ամիս ծառայել եմ, շատ բան եմ սովորել, սակայն եռամսյա լրացուցիչ ուսումնառությունը պայմանագրային ծառայության անցնելուց առաջ հաստատ մեծ օգուտ կտա։ Ամեն օր նոր բան ենք սովորում, կրթվում, մասնագիտորեն զարգանում։ Հինգ տարվա պայմանագիր եմ կնքել, ցանկացած նոր գիտելիք, գաղափար, արդեն իմացածի ամրապնդում հաստատ օգտակար կլինեն այդ տարիների ընթացքում։
Կրտսեր սերժանտ Ժորա Հարությունյանն էլ Ագարակից է։
-Մայրս, հորեղբայրս, հորաքույրս զինվորական են, կարելի է ասել՝ աչքերս բացել եմ ու համազգեստ, ծառայություն եմ տեսել, ինձ դուր է եկել զինվորական ապրելակերպը։ Վստահ եմ՝ ծրագրի շահառու դառնալով ճիշտ որոշում եմ կայացրել։ Կօգտվեմ տարբեր առավելություններից, կզբաղվեմ իմ նախընտրած գործով։ Բժշկական կրթություն ունեմ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել եմ բուժակների երկամսյա դասընթացների։ Սա մեծ օգուտ և փորձառություն կլինի ինձ համար, քանի որ հետագայում իմ սեփական կլինիկան եմ ուզում բացել։ Դժվարություններ, իհարկե, կան, բայց դրանք հաղթահարելի են։ Ուղղակի յուրաքանչյուրս պետք է հասկանա, թե ինչու է այստեղ, ինչ առաքելություն ունի։ Ուսումնական կենտրոնում մեզ ամեն ինչ սովորեցնում են, տալիս են համապատասխան գիտելիք։ Մնացածը մեր անելիքն է։ Ժամկետային ծառայության համեմատ մենք լրացուցիչ առավելություններ ենք ստանում, բայց նաև՝ լրացուցիչ պատասխանատվություն։
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #40 (1505) 30.10.2023 - 6.11.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում