Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈԽԱՆՑԻԿ ԴՐՈՇԸ ԿՄՆԱ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



2011թ. արդյունքներով դարձյալ ուսումնական զորամասերի մեջ լավագույնը ճանաչվեց հրետանային զորամասը եւ անընդմեջ երրորդ անգամ նվաճեց փոխանցիկ պատվադրոշը, ինչը նշանակում է, որ այն իր մշտական գրանցումն է ստանում հրետանային ուսումնական զորամասում։ Սա աննախադեպ հաջողություն է ազգային բանակում, որին հրետանավորների պատրաստման զորամասի անձնակազմը հասավ երիտասարդ հրամանատար գնդապետ Արմեն Հարությունյանի ղեկավարությամբ։

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

-Ոչ մի բան միանգամից չի ստեղծվում, ես պարզապես օգտագործել, զարգացրել եմ հաջողության նախադրյալները, այն ամենը, ինչ ինձնից առաջ ստեղծել էին գնդապետներ Ա. Մկրտչյանը եւ Ս.Հովհաննիսյանը,- ասաց գնդապետ Ա. Հարությունյանը։ -Տարիների ընթացքում այստեղ ամեն ինչ ստեղծվել է անձնակազմի ապրելու եւ սովորելու համար։ Մեր զորանոցները հարմարավետ են, գեղեցիկ, ճաշակով կահավորված, մաքուր, տաք։ Շատ լավ պայմաններ են ստեղծված նաեւ սպաների համար։ Ուսումնական բազան նույնպես ապահովված է ամեն ինչով, թեեւ մենք այն միշտ կատարելագործում ենք։ Հայտնի է,- շարունակեց հրամանատարը,- որ մենք հրթիռահրետանային զորամասերի, ստորաբաժանումների համար պատրաստում ենք կրտսեր հրամանատարներ, տարբեր համակարգերի հրանոթների հրամանատարներ եւ այլն։

Ես մշտապես հետաքրքրվում եմ, թե մեր կադրերն իրենց ինչպես են դրսեւորում մարտական զորամասերում եւ, բարեբախտաբար, միշտ գովեստի խոսքեր եմ լսում։ Մեր կադրերին տեղերում սպասում են։ Ես նաեւ հաշվի եմ առնում մարտական զորամասերի հրետանավոր սպաների առաջարկները, իսկ առաջարկներ, թե որ հարցերի վրա հատկապես ավելի շատ ուշադրություն դարձնենք, լինում են։ Յուրաքանչյուր ուսումնական փուլից առաջ վերանայում, թարմացնում ենք ծրագիրը եւ ներկայացնում վերադասի հաստատմանը։ Մեծ տեղ ենք տալիս գործնական պարապմունքներին եւ կազմակերպում ենք ճամբարային հավաքներ, որոնց ժամանակ բոլոր կուրսանտները կրակում են իրենց հաստիքային զենքերից։

Մասնագիտական պարապմունքներից բացի, մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ մյուս առարկաներին՝ ՀՊՊ-ին, ֆիզիկական, շարային, կրակային պատրաստություններին։ Զորամասն ունի իր շարժական հրաձգությունը, որի ծառայություններից օգտվում են նաեւ մյուս զորամասերը։ Անցած ուսումնական տարում մեզ մոտ ստուգումներ է անցկացրել գլխավոր ռազմական տեսչությունը։ Նաեւ եղել են բազմաթիվ այլ ստուգումներ, այցեր, հանկարծակի ստուգումներ։ Առանց նախապես զգուշացնելու զորամաս է այցելել նաեւ նախարար Սեյրան Օհանյանը։ Զորամասի գնահատման գործում որոշիչ են եղել նաեւ տարբեր ծառայությունների գնահատականները։

Ինչպես նշեցի, մշտապես կատարելագործվում է ուսումնական բազան. «Վաշտի, մարտկոցի կրովի ուսումնանյութական բազայի ուսումնական սարքավորումների եւ դիտարկման նյութերի լրակազմերի ձեռնարկ»-ում բավական շատ են օգտագործվել մեր սպաների ներկայացրած նորամուծությունները, որոնք ընդունվել են համապատասխան մասնագետների կողմից։ Ասեմ նաեւ, որ զորամասի ուսումնական բազայի հիման վրա կազմակերպվում եւ անցկացվում են հավաքներ, մրցույթներ եւ զորավարժություններ։ Զորամասը ոչ միայն կրտսեր հրամանատարների պատրաստման, այլեւ սպաների կատարելագործման կենտրոն է դարձել։ Մեր սպայական անձնակազմը հաճախակի է փոփոխվում։ Այստեղ փորձ ձեռք բերելով՝ նրանք տեղափոխվում են մարտական զորամասեր, զորամիավորումներ եւ նշանակվում ավելի բարձր պաշտոնների։

Վերջին տարիների հաջողությունների մեջ, անկասկած, շատ մեծ է ուսումնական մասի պետ փոխգնդապետ Ա. Բալայանի, մայոր Բ. Մարտիրոսյանի, մայոր Վ. Հարոյանի, կապիտաններ Է. Բազազյանի, Ա. Ավագյանի, Տ. Մելքոնյանի, ենթասպա Ա. Դանիելյանի, ավագ սերժանտ Ա. Սահակյանի ներդրումը։

-Այս ուսումնական տարին նույնպես լավ ենք սկսել,- շարունակեց գնդապետը։ -Մարտավարաշարային եռօրյա պարապմունքներից հետո սկսվել են պարապմունքները։ Նախապատրաստվում ենք նաեւ ազգային բանակի քսանամյա տարեդարձի տոնակատարություններին։ Մշակել ենք միջոցառումների հարուստ ծրագիր։ Միաժամանակ համագործակցում ենք տարածաշրջանի մի շարք դպրոցների հետ, որոնց նույնպես մեր միջոցառումներին մասնակցելու հնարավորություն կընձեռենք։ Ուզում եմ նաեւ ասել, որ բավական լավ համալրում ենք ստացել։ Շատ ճիշտ էր զորակոչի հենց սկզբից ուսումնականները համալրելու որոշումը։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԵՏԸ

Փոխգնդապետ Ա. Բալայանը զորամասի ուսումնական մասի պետն է, ասել է թե՝ հենց նա է կուրսանտների (նաեւ սպաների) գիտելիքների ձեռքբերման պատասխանատուն։

-Ծնվել եմ Սեւանում, 1977-ին, 1993թ. ավարտեցի տեղի N3 միջնակարգ դպրոցը, իսկ հաջորդ տարի ընդունվեցի նորաստեղծ ռազմական ինստիտուտ։ 1998թ., երբ ավարտեցի ուսումս, սահմանային N զորամասում նշանակվեցի դասակի հրամանատար,- ասաց փոխգնդապետ Ա. Բալայանը։

Որոշ ժամանակ անց երիտասարդ սպան նշանակվում է մարտկոցի հրամանատար։ 2001թ. նշանակվում է շտաբի պետ, 2006-ին մեկ այլ սահմանային զորամասում նշանակվում է դիվիզիոնի հրամանատար, 2009-ին տեղափոխվում է առաջնագծի մեկ այլ զորամաս, իսկ 2010-ին՝ ուսումնական զորամաս։

Փոխգնդապետ Ա. Բալայանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության», «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի մեդալներով։ Նա հպարտությամբ նշում է, որ ինքն է առաջնորդել զորամասի ստորաբաժանումը ՀՀ անկախության քսանամյա տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ։

-Ոսումնական ծրագրի կազմումը իմ ղեկավարությամբ է կատարվում։ Ձգտում ենք այնպես անել, որ ուսուցումը հեշտ լինի, կուրսանտները շուտ սովորեն։ Մշտապես հետեւում եմ պարապմունքների ընթացքին, երբեմն էլ ինքս եմ պարապմունքներն անցկացնում։ Միաժամանակ չորս սպայի մշտապես ներգրավում եմ ուսումնական գործընթացում։ Նույն առարկան մի օր ստորաբաժանման անմիջական հրամանատարն է պարապում, հաջորդ օրը՝ ուսումնական մասի սպան։ Վստահում ենք նաեւ փորձառու սերժանտներին։ Այսպես մի տեսակ միմյանց լրացնելու, միմյանց արածն ստուգելու գործընթաց է ստացվում, ինչը շատ լավ արդյունք է տալիս։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԵՎ…

Մայոր Բ. Մարտիրոսյանի վաստակը նույնպես շատ մեծ է դիվիզիոնի հաջողության մեջ։ Մայոր Բ. Մարտիրոսյանը ծնվել է Քասախում։ Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտել է եւ իր ցանկությամբ ծառայության նշանակվել առաջնագծի զորամասերից մեկում։ 2008թ. նրան տեղափոխել են հրետանային ուսումնական զորամաս եւ նշանակել մարտկոցի հրամանատար, այնուհետեւ՝ ուսումնական գծով դիվիզիոնի հրամանատարի տեղակալ ։

-Իմ ղեկավարությամբ ուսումնական փուլն սկսել ենք հաջողությամբ. մարտավարաշարային պարապմունքներից ստացանք «լավ» գնահատական։ Վերջին տարիներին զորամասի ձեռքբերումների մեջ շատ մեծ է նաեւ միջին ու կրտսեր հրամանատարական կազմերի ներդրումը։ Նրանք են անմիջականորեն աշխատում կուրսանտների հետ եւ անփորձ երիտասարդներից բանիմաց մասնագետներ պատրաստում։ Այնպես որ` վստահաբար կարող եմ ասել` ազգային բանակի քսանամյակը ծառայողական բարձր կարգապահությամբ եւ նվիրված աշխատանքով են նշանավորում դիվիզիոնի հրամանատարի տեղակալ մայոր Ա. Կիրակոսյանը, մայոր Վ.Հարությունյանը, կապիտաններ Տ.Գրիգորյանը, Հ.Գալոյանը, Է.Բազազյանը, սերժանտ Ս. Թոփլաղալթյանը, կրտսեր սերժանտներ Ա. Մանուկյանը, Մանվել Խատինյանը եւ շատ ուրիշներ։ Արդեն առաջին պարապմունքներն ենք անցկացնում, եւ կուրսանտները ծանոթանում են իրենց զենքերին։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ

Ականանետային մարտկոցի հրամանատար մայոր Ա. Գեւորգյանը շատ գովեց այս զորակոչի տղաներին։ Նա ասաց, որ առաջին գործնական պարապմունքն է, եւ կուրսանտները զենքի ընդհանուր բնութագրերն են ուսումնասիրում։ Պարապմունքն անմիջականորեն անցկացնում էր կապիտան Վ. Գաբրիելյանը, նրան օգնում էր ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Էդգար Մուրադյանը։ Ականները երթայինից մարտական վիճակի բերելու, կրակի նախապատրաստելու գործողությունները հաջողությամբ կատարեցին կուրսանտներ Ռուստամ եւ Աբրահամ Խանոյանները, Լյուդվիգ Տեսարանյանը, Անուշավան Եգորյանը, Աշոտ Ազիզյանը, Ավետիք Մանուկյանը եւ մյուսները։

Ֆագոտի համար նախատեսված ուսումնական կետում իր կուրսանտներին զենքի կառուցվածքն էր պարզաբանում կրտսեր սերժանտ Գեւորգ Մարգարյանը։

ԴԻՎԻԶԻՈՆԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ

Դիվիզիոնի հրամանատար մայոր Ա. Քոչունցը նույնպես վերջերս է նշանակվել այս պաշտոնին։ Երիտասարդ սպայից սպասելիքները շատ են։ Հրետանավորները նույնպես գործնական պարապմունքի էին դուրս եկել ուսումնական կետեր։ ՄՄ-21-ի մոտ կրտսեր սերժանտ Արամ Պողոսյանն էր իր հաշվարկի կուրսանտների՝ Վահե Ղազարյանի, Թաթոս Գրիգորյանի, Կարեն Առաքելյանի եւ Անդրանիկ Գրիգորյանի հետ։

-Առայժմ կայանքի մասին ընդհանուր տեղեկություններ ենք տալիս կուրսանտներին,- պարզաբանեց սերժանտը։

Դ-30 հրանոթի մոտ պարապմունքը ղեկավարում էր ավագ սերժանտ Առաքել Սահակյանը։ Կուրսանտներ Գեւորգ Պողոսյանին, Վանիկ Շահինյանին, Տիգրան Հակոբյանին, Մուրադ Ղարիբյանին, Արտաշես Ենգիբարյանին եւ Վահրամ Վարդանյանին նա հորդորում էր համարձակորեն մոտենալ հրանոթին, ուսումնասիրել նշանառության սարքավորումները։ Հետո սկսեց նրանց մասնակցությամբ հրետանին բերել երթային վիճակի, հետո կրկին բացազատել։

Ավագ սերժանտ Առաքել Սահակյանը լավագույններից մեկն է կրտսեր հրամանատարների մեջ։ Նա ծնվել է Սիսիանում 1989թ.։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է մայրաքաղաք, եւ նա սովորել է N 133 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է պետական տնտեսագիտական համալսարան։ Բանակ է զորակոչվել 2010թ. հունիսին։ Առաքելը պատանեկան տարիներից զբաղվել է բազկամարտով, իսկ բանակում երկու անգամ դարձել է համաբանակային սպարտակիադայի չեմպիոն։ Նա պարգեւատրվել է «Լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշանով, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից թանկարժեք նվերով։

-Զինվորը պետք է լինի բարեխիղճ եւ համարձակ։ Լինում են կուրսանտներ, որոնք թեմայի տեսական մասը լավ չեն յուրացնում, բայց համարձակորեն ուսումնասիրում են զենքը, տվյալ դեպքում հրանոթը եւ շատ լավ հրետանավորներ են դառնում։ Դրա համար եմ տղաներին ասում, որ չպետք է կանգնել ու լսել, այլ հարկավոր է մտնել գործի մեջ, փորձել ամեն ինչ ինքնուրույն անել, եւ դժվարություններն օր օրի կհաղթահարվեն։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/02/2012