ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Ավագ լեյտենանտ Սոնա Եղիազարյանն արդեն ինը տարուց ավելի է, ինչ զինված ուժերում է։ Սկսել է շարքայինից, այնուհետև ավարտել է հինգամսյա սպայական դասընթացները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և սահմանապահ զորամասում ծառայության անցել որպես հրետանային դասակի հրամանատար։ Նրա մեջ ներդաշնակորեն համադրվել են զինվորական կարգապահությունը, նպատակասլացությունը, խիզախությունը և կանացի նրբությունը:
-Դեռ մանկուց ինձ ձգում էր զինվորական գործը,- ասում է Սոնան: -Դպրոցն ավարտելուց հետո շատ էի ուզում ռազմական համալսարան դիմել, սակայն այն ժամանակ դեռ աղջիկների ընդունելություն չկար։ Ավարտեցի Վանաձորի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը։ Աշխատանք էի փնտրում և իմացա, որ զորամասերից մեկում աշխատելու հնարավորություն կա։ Ծնողներիս տեղյակ պահեցի, երբ արդեն նշանակվել էի տվյալ հաստիքին, այլապես չէին համաձայնի։ Աստիճանաբար հունի մեջ մտնելով հասկացա, որ սիրում եմ զինվորական գործը, կարգուկանոնը, առօրյան։
Սպա դառնալու որոշումը Սոնայի համար եղել է գիտակցված ընտրություն: Ավարտելով սպայական դասընթացները՝ Սոնան 2020 թ. մայիսին նշանակվել է ծառայության սահմանապահ զորամասերից մեկում։
-Սպա դառնալու պատասխանատու քայլին գնալու հիմնական շարժառիթը իմ ցանկությունն էր՝ իմ փոքրիկ ներդրումն ունենալ բանակի զարգացման գործում, գիտելիքներս, փորձս փոխանցել անձնակազմիս։ Հրամանատարը պետք է զգոն լինի, պատասխանատու, աշխատի իր կարողությունների կատարելագործման ուղղությամբ։ Դրա համար էլ ուզում էի անմիջապես հայտնվել առաջնագծում՝ մտածելով, որ դա կօգնի ավելի արագ կոփվել, ավելի հեշտ հարմարվել սպայական ծառայության բարդություններին։
Հեշտ չեն եղել Սոնայի ծառայության առաջին երկու տարիները՝ տնից, հարազատներից, սովորական միջավայրից հեռու։ Պետք էր ինտեգրվել, կայանալ նոր միջավայրում, գործով ցույց տալ, թե ինչու պետք է հաշվի նստեն իր ընտրության հետ։
-Կնոջ համար այս ամենն, իհարկե, ավելի դժվար է,- խոստովանում է Սոնան: – Միայն ամենօրյա աշխատանքի, նվիրվածության շնորհիվ հնարավոր եղավ դա անել։ Անկախ դժվարություններից, անձնակազմիս պատրաստությամբ էի զբաղվում։ Պարբերաբար ինքս ինձ հիշեցնում էի, որ արդյունքն է կարևոր։ Հպարտ եմ, որ իմ ենթակայության տակ գտնվող անձնակազմը միշտ պատվով է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Ինձ համար լավագույն պարգևը միշտ եղել է այն, որ զինվորս հստակ իմացել է իր պարտականությունները, նվիրված ու լավ է ծառայել և ողջ-առողջ տուն է վերադարձել։ Հիմա էլ զորացրված տղաները զանգում են, ինձ «կամանդիր» կամ «ընկեր Եղիազարյանով» են դիմում։ Ներկայացնելիս հարգանքով ասում են՝ «Դասակիս հրամանատարն է եղել»։
Խոսելով կանանց ծառայության առանձնահատկությունների մասին՝ երիտասարդ սպան նկատում է.
-Զինվորական գործը հատուկ որակներ է պահանջում։ Սահմանամերձ զորամասում ծառայության անցնելով՝ հիմա ավելի քան վստահ եմ, որ կին զինծառայողը ևս կարող է մարտական դիրքում իր առջև դրված խնդիրները լիարժեք կատարել։ Ամեն ինչ կախված է հրամանատարի և իր անձնակազմի պատրաստվածության աստիճանից։
Սոնայի համար իր արհեստավարժությունը գործով ապացուցելու փորձաքար էր մասնակցությունը այս տարի օգոստոսին ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո ուժային կառույցների ներկայացուցիչների միջև անցկացված բանակային խաղերին: Երիտասարդ սպան դիպուկահար զենքից հրաձգության մրցմանը գրավեց առաջին հորիզոնականը։
-Մրցումներին պատրաստվելիս սկզբում չէի զգում զենքը, բայց որոշիչ փուլից մի քանի օր առաջ արդեն լավ արդյունքներ գրանցեցի։ Կարևոր էր նաև հաղթահարել լարվածությունը, ինչը ևս ստացվեց: Մեծ պատասխանատվություն էր դրված իմ ուսերին. ոչ մի դեպքում չպետք է հուսախաբ անեի։ Մրցույթի վերջին փուլում նույնպես լավագույն արդյունքները գրանցեցի։
Սոնան կանանց շարքում առաջիններից է եղել, որ բացարձակ գերազանցիկ է դարձել հոկտեմբեր ամսին կայացած ատեստավորման արդյունքներով։
-Առանց երկար մտածելու որոշեցի մասնակցել ատեստավորմանը։ Շատ էի ուզում փորձել ուժերս: Հետաքրքիր է, որ դիպուկահարի հրացանից կրակելուց հետո Կալաշնիկովի ինքնաձիգից կրակելը բավականին դժվար էր, չէի կարողանում թիրախները խոցել։ Որպեսզի կարողանամ կենտրոնանալ այս զենքից կրակելու հմտության վրա, շատ եմ աշխատել։ Իմ խնդիրը՝ թիրախների խոցումը, կատարեցի «գերազանց»։ Ինքս իմ առաջ նպատակ դրեցի՝ բոլոր քննություններին լավագույնս ներկայանալ։ Միշտ ցանկացած գործ անելիս կարևոր է, որ ուժերիդ վստահես, հավատաս քո հնարավորություններին։
Սահմանին ծառայությանս ընթացքում ինքնակրթությամբ շատ եմ զբաղվել։ Այս շրջանը իմ կյանքում շատ բան է փոխել, կարդում էի, լսում էի աուդիոգրքեր, մասնակցում էի տարբեր առցանց դասընթացների։ Ինքնակրթությունը շարունակական, չդադարող գործընթաց է։ Այսօր էլ որոշում ու հերթով իրականացնում եմ կյանքիս բոլոր երազանքները։ Զինվորական գործն ինձ հոգեհարազատ է, բայց արվեստը նույնպես միշտ ձգել է ինձ։ Այժմ, երբ սահմանամերձ զորամասում չեմ, հաճախում եմ դաշնամուրի դասերի. դաշնամուր նվագելն իմ մանկության երազանքն էր։ Նաև նկարչության դասեր եմ վերցնում։ Ինձ համար հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից է ձեռք բերածով չբավարարվելը, նորանոր բարձունքներ գրավելու տրամադրվածությունը։
Ձգտում եմ միշտ մարտունակ լինել, բարձրացնել մասնագիտական պատրաստվածությունս։ Ամեն օր մեծ նվիրումով, մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ եմ ներկայանում ծառայավայր։ Ինձ համար մեծ պատիվ է համազգեստ կրելը։
Սոնան վստահեցնում է՝ եթե կա ձգտում, մասնագիտության հանդեպ սեր ու նվիրում, ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է:
-Հիմա շատերի մեջ կա այս կարծրացած մտածելակերպը՝ ի՞նչ գործ ունի աղջիկը զինվորական միջավայրում։ Բայց երբ շփվում են քեզ հետ, ճանաչում, շատ բան է փոխվում։ Զինված ուժերում ծառայող կանայք կարծրատիպեր են կոտրում, նաև՝ զորամասի մթնոլորտը։ Տղամարդիկ նեղ միջավայրում կարող են իրենց թույլ տալ խոսել ինչպես կուզեն, բայց երբ կին զինծառայող կա զորամասում, շատ ավելի զուսպ են, բարեկիրթ։
Սոնան զինվորական գործը յուրացնելու իր ձգտումը պարզ է բացատրում՝ փոքր երկրները, ինչպիսին մերն է, պետք է ինքնապաշտպանական մեծ ներուժ ունենան։ Սա ամբողջ ազգաբնակչությանն է վերաբերում։ Մենք իրավունք չունենք թույլ լինելու՝ տղամարդ, թե կին։ Եթե սիրում ես հայրենիքդ, պետք է պատրաստ լինես կանգնելու հանուն հայրենիքիդ պաշտպանության, հանուն երկրիդ խաղաղության։
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #42 (1507) 14.11.2023 - 21.11.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում