ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ
Ջոկի հրամանատար, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Սմբատ Կիրակոսյանը 2011 թվականին ժամկետային զինծառայության է անցել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում, իսկ 2013-ին, զորացրվելով, անմիջապես պայմանագրային զինծառայության է անցել իր հայրենի եզերքը պաշտպանող զորամասում ու վստահ է՝ սա՛ է իր կյանքի գործը, որևէ այլ տեղ իրեն պատկերացնել ո՛չ կարողանում է, ո՛չ էլ ցանկանում։
-Հարազատներիցս շատերը՝ այդ թվում եղբայրս, մեր սահմանապահ բնակավայրի բնակիչների զգալի մասը, ծանոթ-բարեկամներս, այս ճանապարհն են ընտրել՝ պայմանագրային զինծառայողներ ենք: Տանս պատշգամբից նայելով՝ մեր դիրքերն եմ տեսնում,- ասում է Սմբատը,- հենց սա՛ է եղել կարևոր խթանը, որ զինվորական ծառայության անցնեի։ Մեր դիրքում բոլորս էլ երիտասարդներ ենք և կարող էինք ուրիշ մի գործ գտնել մեկ այլ ոլորտում ու աշխատել, բայց ես անձամբ ինձ չեմ պատկերացնում առանց համազգեստի, առանց զենքիս։ Սովորել եմ զինվորական կյանքին, դիրքերում ավելի շատ եմ լինում, քան տանը՝ ընտանիքիս հետ։
Տանը Սմբատին սպասում են մայրը, կինը, երկու երեխաները՝ ութամյա որդին և յոթամյա դուստրը։ Երեխաները շա՜տ կարոտած են դիմավորում դիրքերից վերադարձող հայրիկին, դժվարությամբ բաժանվում, երբ կրկին մարտական իր հերթափոխն է մոտենում։ Հայրիկին ամո՜ւր գրկում ու չեն ուզում բաց թողնել։
-Բայց այդպես է, պիտի՛ սովորեն,- ասում է Սմբատը։ -Տղաս արդեն մեծ է, ամեն ինչ հասկանում է, ու ինքն էլ արդեն պատրաստի զինվոր է։ Խաղալիքներից ամենասիրելին հրացանն է։ Ընկերների հետ խոսելիս անընդհատ հպարտությամբ ասում է. «Պապաս պոստերում է, մեզ է պաշտպանում։ Մեծանամ՝ ես էլ եմ զինվորական դառնալու»։ Հնարավոր է՝ մեծանա, մի ուրիշ գործով տարվի, բայց հիմա իրեն ապագա զինվոր է պատկերացնում։ Ինձ հիմնականում համազգեստով է տեսնում։ Իր խնդրանքով իր համար էլ եմ զինվորական փոքրիկ համազգեստ կարել տվել: Հագնում, հպարտ շրջում է։ Երբ հերթափոխիս օրն է գալիս, և պետք է դիրքեր բարձրանամ, երեխաներիս թվում է, թե ես մարտի եմ գնում։ Որդուս որքան հնարավոր է՝ բացատրում եմ, ներկայացնում զինծառայության առանձնահատկությունները։ Ինձ հարցեր է տալիս, փորձում պատկերացնել, ըմբռնել ասածներս:
…Դիրքում կանգնած՝ առաջին հերթին մեծ պատասխանատվություն ես զգում,- ասում է Սմբատը,- այստեղից մեր տուն կարճ ճանապարհ է։ Այնտեղ ընտանիքս է, երեխաներս։ Սա այն սահմանն է, որտեղից ոչ մի քայլ նահանջելու իրավունք չունենք։ Եթե ո՛չ ես, ո՛չ մյուսը, ապա ո՞վ պիտի մեր փոխարեն այս գործն ավելի լավ անի։ Միշտ պետք է զգոն լինենք, սահմանին ենք, պատրաստ պետք է լինենք ցանկացած զարգացման։ Մեր ազգաբնակչության, մեր ընտանիքների խաղաղության ապահովումը մե՛ր պարտքն է։
Իր մարտական եղբայրության մասին Սմբատը անթաքույց հպարտությամբ ու մեծ գորովանքով է արտահայտվում:
-Գիտե՞ք, ընդհանրապես, մենք իրար ավելի շատ ենք տեսնում, քան մեր ընտանիքի ցանկացած անդամի։ 24 ժամ իրար հետ ենք, հարազատ եղբայրներ ենք դարձել։ Մեկը մրսում, հիվանդանում է, թեյ ենք տալիս, հոգում, որ շուտ լավանա։ Մեկը քնում է, վերմակը վրայից ընկնում է, ծածկում ենք։ Երեխա չենք. բոլորս հասուն մարդիկ ենք ու գիտակցում ենք, որ մեկս մյուսիս թև ու թիկունք ենք՝ ամենավստահելի մարդիկ այս աշխարհում։ Շատ ներողամիտ ենք մեկս մյուսի հանդեպ։ Տարբեր ընտանիքներից ենք եկել, բայց արդեն տասը տարի է, ինչ ես իմ նույն այս անձնակազմի հետ մերված, մեկս մյուսի ցավով ապրող ընտանիք ենք դարձել։ Անգամ երբ իջնում ենք դիրքերից, կարոտում ենք իրար, ինչպես մեր ընտանիքի անդամներին ենք կարոտում։
Սմբատի խոսքով՝ իրենց համար ընտանիքի անդամ են դարձել նաև դիրքերում ապրող կենդանիները՝ կատուն, շները, աղավնիները. նրանց մասին սիրով հոգում են, կերակրում։ Իսկ հանգստի ազատ պահերին նրանք լավ ընկերներ են, հաճելի զբաղմունք։
-Տասնյակ տարիներ շարունակ աղավնիները մեր դիրքի մշտական բնակիչներն են,- ասում է Սմբատը,- պահում ենք, մեկս մյուսին փոխարինելով՝ խնամում։ Մեր աղունիկների թռիչքը դիտելը շատ հանգստացնող է։ Ընդունված է ասել, որ նրանք խաղաղության, բարության ու սիրո խորհրդանիշն են. մեզ համար դա իրոք այդպես է։ Հանգստի ժամին, եթե լավ եղանակ է լինում, նստում ենք գետնատնակի մոտ, նայում ենք նրանց ճախրանքին ու հանգստանում, թոթափում ծառայության դժվարությունները, ամեն տեսակի խնդիրները, զգում խաղաղության շունչը։
Այս պահին մեր սահմանին կայուն վիճակ է,- վստահեցնում է Սմբատը,- մենք էլ՝ ամառ լինի, թե ձմեռ, շուրջօրյա հերթապահություն ենք իրականացնում, մեր դիրքերն ամրացնում։ Այսօր արդեն, կարելի է ասել, մեզ մոտ ձմեռ է։ Ձմռան շունչը արդեն կա, այսօր-վաղը ձյունը կդնի, ու մինչև ապրիլ ամիս ձմեռ կլինի։
Սմբատի կինը նրա ծառայությանը շատ սովորական, որպես լիովին բնական իրողության է վերաբերվում։ Նրա հայրն ու եղբայրն էլ են զինվորական։
-Ժամկետային զինծառայությունից հետո զորացրվելով,- պատմում է Սմբատը,- մեկ ամիս անց ամուսնացել ենք, ու մի ամիս անց էլ ես պայմանագրային զինծառայության եմ անցել։ Եթե հարկ եղած դեպքում, անգամ գիշերով, զանգում, կանչում են, շատ հանգիստ է վերաբերվում։ Երբ դիրքերից իջնում եմ, համազգեստս նույն օրը լվանում, արդուկում է։
Երբ Սմբատին հարցրի՝ ի՞նչ կասի հենց ի՛ր ծառայության մասին, համեստորեն պատասխանեց.
-Ի՞նչ ասեմ, սովորական հայ զինվոր եմ։ Ի՞նչ տարբերություն՝ քանի տարեկան եմ, ինչ ճանապարհ եմ անցել, 18 տարեկան մեր զինվորից ո՛չ ավել եմ, ո՛չ պակաս։ Բոլորս նվիրված, հավասար մեր պարտքն ենք կատարում՝ մեր երկրի սահմաններն ենք պաշտպանում։ Ընդհանրապես, ցանկացած ոլորտում աշխատող մարդը իր գործը պետք է սիրով ու նվիրումով կատարի։ Եթե այստեղ ես, այս գործին ես նվիրվել, ուրեմն՝ պետք է պատվով կրես ծառայությունդ։ Մենք՝ դիրքապահներով, սիրում ենք մեր գործը, սա մեզ համար աշխատանք չէ, այլ ծառայություն այս բառի բուն իմաստով… Այսքան բան կասեմ։
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #45 (1510) 01.12.2023 - 08.12.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում