ԶՈՐՔԵՐՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարության և Անվտանգային ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի հետ համագործակցության հուշագրի շրջանակում դեկտեմբերի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում’ նվիրված կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգին, ինչպես նաև իգական սեռի ներկայացուցիչների զորակոչ իրականացնող երկրների (Ֆինլանդիա, Լիտվա, Նորվեգիա և Շվեյցարիա) լավագույն փորձի ներկայացմանը։
Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը (DCAF) աջակցում է Հայաստանի պաշտպանության նախարարությանը և զինված ուժերին «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի իրականացմանն ուղղված գործողությունների ազգային ծրագրի իրագործման հարցում: Հայաստանը վերջերս ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավոր են դարձնում զորակոչային ծառայությունը կանանց համար՝ «կամավոր պարտադիր» մոդելով։ Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության հայեցակարգը ենթադրում է, որ կանայք կամավոր որոշում են՝ ցանկանո՞ւմ են զինծառայության անցնել: Այն կանայք, որոնք կամավոր հիմունքներով դիմում են պարտադիր զինվորական ծառայության, իրավունք են ստանում հաշվառվել զինվորական ծառայության համար: Հատկանշական է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, հատկապես ՀՀ-ում, կանայք ավելի մեծ հետաքրքրություն սկսեցին դրսևորել զինված ուժերում ներգրավվելու հարցում, ինչը հանգեցրեց կանանց «կամավոր հիմունքներով պարտադիր» զինվորական ծառայության ներդրմանը, որի նպատակն է ավելի լավ օգտագործել կանանց ներուժը զինված ուժերի մարտունակությանը նպաստելու գործում:
Կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում կանայք կստանան պատվովճար՝ 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ նշված գումարը վեց ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացվածի չափով։
6-ամսյա ժամկետը լրանալուց հետո նրանք կարող են ծառայությունը շարունակել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ այդ դեպքում, բնականաբար, օգտվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր արտոնություններից:
Քանի որ այս համակարգը դեռ նոր է ներդրվում Հայաստանում, և ՀՀ պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ուսումնասիրելու այն պետությունների փորձը, որտեղ կանայք ներգրավվում են զորակոչում: Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը օգտագործել էր իր փորձագիտական կապերը՝ փորձի փոխանակում կազմակերպելու համար եվրոպական այն երկրների հետ, որտեղ առկա է կանանց զորակոչ, մասնավորապես՝ Ֆինլանդիայի, Լատվիայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի ԶՈՒ համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ հիբրիդային ռեժիմով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում՝ DCAF-ի ժնևյան կենտրոնի կողմից կազմակերպված Zoom հարթակի միջոցով:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սյուզաննա Սողոմոնյանը: Քննարկումը համակարգում էր DCAF-ի ժնևյան կենտրոնի գենդերային հարցերի և անվտանգության մասնագետ, դոկտոր Մեգան Բաստիկը:
Զեկույցներով հանդես եկան Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Լիտվայի ԶՈւ ներկայացուցիչները:
Հանդիպում-քննարկման ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց ոլորտի առաջատար փորձագետների ամփոփ զեկույցների միջոցով ծանոթանալ այդ երկրների զինված ուժերում կանանց դերին, ներգրավվածության խնդիրներին ու առավելություններին:
Պատմականորեն գրեթե բոլոր երկրներում պարտադիր զինվորական զորակոչը վերապահված է եղել բացառապես տղամարդկանց։ Այնուամենայնիվ, ներկայումս մի քանի երկրներ պարտադիր զորակոչի գործընթացում ընդգրկում են նաև կանանց, մյուսները պահպանում են տղամարդկանց պարտադիր զորակոչի պարտավորությունը՝ միաժամանակ կանանց թույլ տալով ընտրել կամավոր զինվորական ծառայությունը:
Զինված ուժերում կանանց ծառայությունը կարգավորելու համար տարբեր երկրների կողմից ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Որոշ երկրներում՝ Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Լիտվա և Շվեյցարիա, կանանց համար զինվորական ծառայության դիմելու տարբերակը բացարձակապես կամավոր հիմունքներով է: Դանիան և Էստոնիան որդեգրել են բազմազանության քաղաքականություն, որն ուղղված է զինվորական ծառայության մեջ կանանց ներկայացվածության բարձրացմանը, իսկ Ֆինլանդիան և Լիտվան ընդունել են կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ազգային գործողությունների ծրագրեր: Իսկ Նորվեգիան և Շվեդիան ընդունել են համընդհանուր զորակոչի մասին օրենք: 2015 թվականին Նորվեգիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն ակտիվորեն իրականացրեց գենդերային տեսանկյունից չեզոք զորակոչ, որը ենթադրում է տղամարդկանց և կանանց միևնույն պայմաններով զորակոչ։ Երեք տարի անց այդ օրինակին հետևեց Շվեդիան: Թեև երկու երկրներում էլ համալրումը նման է, Շվեդիան տարբերվում է Նորվեգիայից նրանով, որ ընդունում է ընտրովի, այլ ոչ թե համընդհանուր զորակոչի համակարգ: Այն նախատեսում է ներգրավել բնակչության միայն այն մասին, որն անհրաժեշտ է բանակին։
Քննարկման ընթացքում զեկուցողները, ներկայացնելով իրենց երկրի փորձն այս ոլորտում, մանրամասն անդրադարձան կանանց զորակոչի և զինծառայությանն առնչվող ամենատարբեր հարցերի՝ սկսած կանանց զինվորական ծառայության դերի և առավելությունների վերաբերյալ հասարակության շրջանում իրազեկման աշխատանքներից, մինչև կանանց՝ զինվորական կոլեկտիվներում զինծառայությունն է’լ ավելի հարմարավետ պայմաններով կրելու խնդիրներին, դրանց լուծման արդյունավետ ուղիներին։
Միջոցառման ավարտին՝ քննարկումների և հարցուպատասխանի միջոցով ամփոփվեցին հանդիպման արդյունքները: Հայաստանի ներկայացուցիչներն իրենց շնորհակալական խոսքն ասացին կազմակերպիչներին և զինված ուժերում կանանց ներգրավվածության հարցերի վերաբերյալ բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչներին՝ ընդգրկուն և կարևոր տեղեկատվության համար:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #46 (1511) 11.12.2023 - 18.12.2023, Բանակ և հասարակություն