Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։

Ծառայության ժամկետը հինգ տարի է: Այդ ընթացքում ծրագրի մասնակիցը կստանա աշխատավարձ՝ օգտվելով պայմանագրային զինծառայողի համար նախատեսված արտոնություններից, կունենա աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն, եթե ատեստավորում անցնի, իսկ ծրագրի ավարտին էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար:

Եթե ժամկետայինը պայմանագիր է ստորագրում ու անցնում վճարովի ծառայության, բայց ընթացքում որոշում է հրաժարվել այս ծրագրով ծառայելուց, ապա պայմանագրային ծառայության այդ ժամկետը չի հաշվարկվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, եւ զինծառայողը կշարունակի պարտադիր ծառայության չծառայած մասը։

«Հայ զինվորը» շարունակում է հարցախույզը՝ պարզելու, թե «Պաշտպան հայրենյաց» ծրագրին որքանով են տեղյակ մեր հայրենակիցները, և եթե տեղյակ են, ապա ի՞նչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն։

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄԱՐՏԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 Լավ հեռանկար՝ որդիներիս համար

Ես ու կինս՝ Անժելան, 15 երեխա ենք լույս աշխարհ բերել՝ հինգ տղա և տասը աղջիկ: Պարգևատրվել ենք Ծնողական փառքի մեդալով, պետությունը մեզ պատվո թոշակ է տալիս: Անկեղծ կլինեմ, 15 երեխա մեծացնելը հեշտ չի եղել. ես ու կինս կաշվից դուրս ենք եկել, որ կարողանանք կուշտ մանկություն ու լավ կրթություն ապահովել մեր երեխաների համար, և որ ամենակարևորն է՝ երկրին պիտանի մարդիկ դաստիարակել: Հիմա պիտի օգտվեմ այս առիթից ու բանակի հանդեսի ընթերցողներին պատմեմ որդիներիս մասին: Ավագ որդիս՝ Բաղդասարը, արդեն ամուսնացել է: Ես նրան բանակ ճանապարհելիս ասացի՝ Հայրենիքդ անառիկ կպահես, անունս՝ բարձր: Նա ամբողջ սրտով նվիրվեց ծառայությանը, դարձավ զորամասի լավագույն զինվորներից մեկը: «Հայ զինվորը» ժամանակին անդրադարձել է Բաղդասարիս՝ որպես օրինակելի զինվորի: Դանիելս մասնակցեց 44-օրյա պատերազմին, վիրավորվեց: Հետո բուժվեց, ապաքինվեց ու շարունակեց ծառայությունը մինչև վերջ: Դանիելիս էլ «Զինուժ» հեռուստածրագրով են ցույց տվել: Սամուելս 12 տարեկան է, Դավիթս՝ 8, Հակոբս՝ 6: Երեք ապագա զինվոր է մեծանում իմ տանը: Բացի դրանից, արդեն 2 տղա թոռ ունեմ: 15 զավակներիցս առայժմ վեցն են ամուսնացած, ու տարիներ հետո մի ամբողջ վաշտ զինվոր եմ ունենալու բանակում: Էնքան երջանիկ ու հպարտ եմ:

Հազար անգամ ասված-լսված արտահայտություն կա՝ հայրենասիրությունը գործ է: Առհասարակ, կյանքը գործ է, ապրելը գործ է: Ես ու կինս ոչ մի վայրկյան պարապ չենք մնում, միշտ անելիք կա: Երբ հետ եմ նայում, զարմանում եմ, թե ինչքան բան ենք հասցրել անել: Ու ամենամեծ վարձատրությունն այն միտքն է, որ Հայրենիքը գոհ է մեզնից: Մենք էլ էսպես ենք պաշտպանում մեր հողը՝ Հայրենիքին զինվոր տալով:

Երբ առաջին անգամ հեռուստացույցով լսեցի «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, անմիջապես մտածեցի՝ ինչ լավ հեռանկար է բացվում ապագա զինվորներիս համար: Համ կպաշտպանեն սեփական հողը, համ աշխատավարձ կստանան, համ կլորիկ գումար կունենան ծառայության ավարտին: «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն իր ապագան կառուցելու, իր երազանքներն իրականացնելու ճանապարհին մեծ օգնություն կլինի հատկապես այն ընտանիքներին, որոնք բազմանդամ են, ու կյանք մտնող երեխաները պիտի փորձեն ինքնուրույն կանգնել սեփական ոտքերի վրա:

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ

գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

 

«Պաշտպան հայրենյացը»՝ բարձր գաղափար

«Պաշտպան հայրենյաց» արտահայտությունը լսելուն պես սրտիդ մեջ ինչ-որ տաք ալիք ես զգում, մկաններդ ձգվում են, հայացքդ վեր է բարձրանում: Ես արվեստի մարդ եմ, իմը հույզն է, գույնը, պատկերը, հոգու փափկությունը՝ բարությունը, մտերմությունը, ջերմությունը, գեղեցկությունը… Բայց չեմ կարող չխոստովանել, որ ուժի գեղեցկության հետ ոչինչ չի համեմատվի: Եվ ամենահրաշալի երևույթները կարող են աղճատվել, աղավաղվել, եթե պաշտպանված չեն: Ավելին ասեմ. իմ գույնը խամրած է, իմ պատկերը անլույս է, իմ հոգում կրակ չկա, եթե երկրիս սահմաններն անպաշտպան են, եթե չեմ զգում Հողիս ուժը:

Ես ու Հրանտ Մաթևոսյանը մտերիմ էինք, մենք լավ ընկերություն էինք անում հատկապես Միացյալ Նահանգներում ապրած տարիներին: Նա մեծ գրող էր, բայց նրա տողերից ամենահանճարեղը, իմ կարծիքով, ուժի ու խղճի համեմատականն է «Աշնան արևում»: Դա ուժի ներբող է, ուժի օրհներգ, ուժի պաշտամունք:

«Պաշտպան հայրենյացը» բարձր գաղափար է առաջին հերթին: Այնքան ուրախ եմ, որ ծրագիրը հետզհետե ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերում ու ավելի շատ տղաների է ընդգրկում: Նրանց մի մասը հաստատ 5 տարի անց էլ կշարունակի ծառայությունը, մյուս մասը ծրագրի ավարտին կզորացրվի, բայց մի բան հաստատ է՝ ծրագրի շնորհիվ մեր երկրի սահմաններն ավելի անառիկ կլինեն, Հայրենիքի պաշտպանության գաղափարն ավելի կամրապնդվի, ու հայ հասարակության հավաքական դիմանկարի մեջ կավելանան խիզախության, ուժի ու արժանապատվության գույները:

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳԵՎՈՐԳ ՔԱՀԱՆԱ ՏԵՐ-ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Երազանքները դարձնենք նպատակ

Այս աշխարհում ինձ համար երկու սրբազան տարածք կա՝ սահմանն ու եկեղեցին: Երկու որդի ունեմ, ավագ որդիս՝ Օնիկ սարկավագ Տեր-Բարսեղյանը, շուտով կստանձնի զորամասի գնդերեցի պարտականությունները, կրտսեր որդիս՝ Արման Տեր-Բարսեղյանը, դիրքապահ սպա է: Ես այն կարծիքին եմ, որ տղամարդը, անկախ մասնագիտությունից, պիտի լինի «պաշտպան հայրենյաց»: Որովհետև դա տղամարդու առաջին կոչումն է: Տղամարդը պիտի իր ոտնաչափ տեղն ունենա Հայրենիքի սահմանին: Բանաստեղծուհի Մետաքսեի տողը հիշեցի՝ «Ես Հայրենիքս գրկած եմ ապրում»: «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ասում է՝ արի, գրկիր քո բաժին Հայրենիքը: Պետությունը կհոգա քո կենցաղային հոգսերը: Ու այդ հրավերն ասեմ, կանչն ասեմ, հուրախություն բոլորիս, անպատասխան չի մնում: Ամեն անգամ սահման բարձրանալիս ես տեսնում եմ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետային ծառայությունը պայմանագրայինով փոխարինած բազմաթիվ տղաների: Ընտրյալներ են բոլորը: Ես հայի այդ տեսակը գիտեմ ողնուծուծով, գիտեմ քաջությամբ: Պատվով ու հայրենասիրությամբ ներծծված այդ մարտիկների ներկայությունը սահմանին մեր երկիրն ամրոց է դարձնում: Պիտի ասեմ, որ ծրագիրը հրաշալի է մտածված: Հայրենասիրական կոչերը, սրտառուչ հորդորներն իրենց տեղն ու դերն ունեն, բայց պետությունը պիտի բանակում ծառայելը, սահման պահելը գրավիչ ու շահեկան դարձնի մեր տղաների համար: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ քաջ ու հայրենասեր են մեր տղաները: Ամեն անգամ սահման բարձրանալիս ավելի ու ավելի եմ համոզվում, որ հայի յուրաքանչյուր նոր սերունդ հայրենասիրությամբ ու քաջությամբ գերազանցում է նախորդին: Բայց ես ասում եմ, որ մենք պիտի երազանքները դարձնենք նպատակ, պիտի նվազեցնենք պաթոսն ու գնանք պրագմատիզմի ճանապարհով, ինչի լավ օրինակ է հենց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: Նման հաշվարկված, շահեկան քայլերից է ծնվելու մեր մեծ թռիչքն ու ամուր, պաշտպանված, խաղաղ, բարեկեցիկ Հայրենիք կառուցելու երազանքի իրականացումը:

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՅԱՆ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ

 

Շնորհակալություն, տղե՛րք

Կարծում եմ՝ հայի համար չկա հաղթելու, հաջողության հասնելու ավելի ամուր դրդապատճառ, քան Հայրենիքի պատիվը բարձր պահելն ու հայրենիքի անունն աշխարհով մեկ հնչեցնելը: Հայաստանի դրոշն ամենահեղինակավոր մրցահարթակներում ծածանել են բազմաթիվ մարզիկներ, Հայաստանի մշակույթն աշխարհին ներկայացրել են բազմաթիվ արվեստագետներ, բայց Հայրենիք ասելիս մենք ակամա առաջին հերթին հիշում ենք սահմանին կանգնած զինվորին, որովհետև նա Հայրենիքին տալիս է ամենաթանկը՝ իր կյանքը: Մարզիկի, արվեստագետի, բժշկի, գրողի՝ բոլորի տքնանքը, Հայրենիք կառուցելու ջանքը, նվիրումը մի քայլ հետ է զինվորի՝ հայրենիքը պաշտպանելու սխրանքից: Առավել ևս, երբ այդ սխրանքը տևում է 5 տարի. զինվորը կամավոր ստանձնում է երկու տարվա փոխարեն հինգ տարի սահման պահելու պարտավորությունը: Ես իմ հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում «Պաշտպան հայրենյաց» ծրագրին միացած յուրաքանչյուր զինծառայողի: Որպես հայ մարդ՝ հետաքրքրվեցի «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, իմացա, որ այն հնարավորություն է տալիս ծառայել իրենց բնակավայրին մոտ, ստանալ պատշաճ աշխատավարձ, միանվագ գումար, օգտվել անվճար բուժօգնությունից ու սոցիալական այլ ծրագրերից… Սահման պահող զինվորականի համար ինչ էլ անես, քիչ է: Մենք պիտի ամենալավը տանք նրանց: Պիտի ոչինչ չխնայենք: Քանի որ հենց նրանք են պաշտպանում մեր անվտանգությունը, նրանց շնորհիվ ենք մենք կարողանում հաջողության հասնել տարբեր բնագավառներում, նրանց ենք պարտական՝ աշխարհի քարտեզի վրա մեր փոքրիկ տեղն ունենալու պատվի ու բարեբախտության համար: Ամեն անգամ առիթ չի լինում ասելու, բայց իմացեք, որ մենք շատ բարձր ենք գնահատում ձեր նվիրումն ու սրտի խորքից շնորհակալ ենք ձեզ, տղե՛րք:

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #46 (1511) 11.12.2023 - 18.12.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


14/12/2023