Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առաջին կուրսի կուրսանտների պատրաստությունն ակտիվ փուլում է։ Նոր հերթափոխի ապագա սպաները ուսանում են անհրաժեշտ տարաբնույթ առարկաներ, հմտանում զինվորական գործում։ Տեսական դասընթացները զուգորդվում են գործնական վարժանքներով։ Այս օրերին «Բաղրամյան» զորավարժարանում հագեցած օրակարգով անցկացվում են երկշաբաթյա գործնական պարապմունքներ։ Դաշտային պայմաններում բացազատված ուսումնական կետերում մարզումները ֆիզիկապես ու հոգեպես կոփում են կուրսանտներին, նպաստում են սպայական չափազանց բարդ եւ պատասխանատու մասնագիտության համար կարևոր որակների ձևավորմանը։

-Ուսումնական փուլի ընթացքում կուրսանտները մի քանի անգամ գալիս են զորավարժարան, մասնակցում ճամբարային ելքերի և կատարելագործում են իրենց գործնական հմտությունները։ Հիմա անցկացվում է գործնական պարապմունք՝ կրակային պատրաստություն թեմայով։ Մինչև կրակային ուղեգիծ դուրս գալը բոլորը պարտադիր անցնում են ուսումնական կետերով՝ դանակի, նռնակի նետում, նշանազարկի բերում, հրամանատարական արկղի հետ աշխատանք, կոորդինացիայի զարգացում և այլն։ Ամեն կետում կուրսանտները գնահատվում են, որից հետո միայն, անհրաժեշտ հրահանգավորում ստանալով, իրականացնում են մարտական հրաձգություն։ Ընդհանուր արդյունքների համադրմամբ որոշվում է կրակային պատրաստության պարապմունքների արդյունավետությունը։ Բնականաբար, շատերի արդյունքները դեռ գերազանց չեն, բայց ընդհանուր առաջընթացն ակնառու է և գոհացուցիչ,- մեզ հետ զրույցում ասաց ռազմական ակադեմիայի համազորային ֆակուլտետի պետ, գնդապետ Պետրոս Սահակյանը:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔԱնձնակազմի գործողություններին հետևում և հընթացս անհրաժեշտ ցուցումներ է տալիս համազորային ֆակուլտետի սպայակազմը։ Ամեն ինչ կանոնակարգված է։ Ապագա սպաները ոչ միայն սովորում են հրամանները կատարել արագ և ճիշտ, այլ նաև իրենք են վարժվում հրամաններ տալ, անձնակազմ ղեկավարել։ Պատասխանատու սպաների ուղեկցությամբ անցնում ենք ուսումնական կետերով, որտեղ մասնակիցները իրենց գործնական կարողություններն ու հմտություններն են ամրապնդում։ Ծրագիրը հագեցած է, ամեն ինչ արվում է՝ լիարժեք սպա ու մասնագետ պատրաստելու համար։ Ինչպես սպաներն են ասում, այժմ միայն սովորելու ցանկություն է պետք, և գերազանց արդյունքն ապահովված է։

Շատերի համար այս փորձություններն այնքան էլ բարդ չեն։ Նրանցից մի քանիսը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն են ավարտել։ Կուրսանտների թվում քիչ չեն աղջիկները։ Պատասխանատու սպաների խոսքով՝ տղաներից ոչ պակաս համառությամբ և աշխատասիրությամբ են մոտենում խնդիրների կատարմանը։

Կուրսանտ Դավիթ Նազարյան.

-Սովորում եմ ռազմական ակադեմիայի մոտոհրաձգային ֆակուլտետում։ Տեսական և գործնական դասերը հագեցած, հետաքրքիր օրակարգով են անցնում։ Ամեն նմանատիպ դաշտային պարապմունք շատ եմ կարևորում, քանի որ հենց դրանց միջոցով են մեր սպաները ստուգում՝ ինչքանով ենք յուրացրել ուսումնական ծրագիրը։ Ճիշտ է, դժվարություններ լինում են, բայց մեկս մյուսին օգնելով, համախմբված հաղթահարում ենք դրանք ու մասնագիտական նոր բարձունքներ նվաճում։ Փոքր տարիքից երազել եմ մորեղբորս պես զինվորական դառնալ։ Ինքս էլ վստահ եմ ուժերիս, ու անպայման հասնելու եմ նպատակիս իրականացմանը՝ սպայական ուսադիրներ կրելուն։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔԿուրսանտ Էրիկ Բագրատյան.

-Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը շատ կարևոր դերակատարում ունեցավ իմ կյանքում։ Այնտեղ սովորելու տարիներին ինձ այնպես են պատրաստել, որ կարողացել եմ լիովին հարմարվել սպայական պատրաստության ավելի լուրջ և բարդ ծրագրին։ Զբաղվել եմ սպորտով, վարժարանից էլ ամեն ոլորտից բավականաչափ տեղեկացված եմ եկել ռազմական ակադեմիա։ Արդյունքում չեմ նեղվում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, գործնական պարապմունքներից։

Զորավարժարանի ուսումնական կետերից յուրաքանչյուրում ինչ-որ հմտություն ենք զարգացնում։ Ստանում ենք այնպիսի գիտելիքներ, որ հետագայում կօգնեն ցանկացած տեղանքում և եղանակային պայմաններում ինքնակազմակերպվել, կնպաստեն գրագետ, բանիմաց սպա դառնալուն։ Այստեղ կատարվող ամեն ինչ կրթվելու, սպայական ծառայությանը նախապատրաստվելու հնարավորություն է տալիս, օգնում է հասկանալ, գնահատել մասնագիտության արժեքը։ Մեր ազգուտակի մեջ առաջին սպան եմ լինելու, ինչն ավելի է պարտավորեցնում հասնել առավելագույն արդյունքի։

Կուրսանտ Լևոն Հարությունյանն էլ վստահեցրեց, որ իրենց բոլորի նպատակը հայրենիքի պաշտպանության համար գերազանց պատրաստված սպա դառնալն է։ Գործնական պարապմունքների ընթացքում մասնագիտական առարկաներ են անցել, դժվարությունները հաղթահարելով՝ արդեն հասել են պատրաստության այն աստիճանի, որ իրենք էլ կարող են ուսուցանել։ Կուրսանտ Սարգիս Տեփանյանն էլ հավելում է՝ դժվարություններով անցնելն է նպաստում ձեռքբերումներ ունենալ, որոնք միայն կոփում ու ամրապնդում են սպա դառնալու վճռական ցանկությունը։

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #47 (1512) 18.12.2023 - 25.12.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/12/2023