Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Т-50 ԿՈՐԾԱՆԻՉԻ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿՍՏԵՂԾՎԵՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ



Հինգերորդ սերնդի «Т-50» կործանիչի նոր ավիացիոն հրթիռային համալիրները կստեղծվեն 2012-2013 թվականներին և նոր ինքնաթիռը ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինություն ընդունելու պահին պատրաստ կլինի նաև նրա ողջ հրթիռային սպառազինությունը: Խոսքը վերաբերվում է «Х-35УЭ», «Х-38МЭ», «Х-58УШКЭ», «РВВ-МД» հրթիռներին, որոնք ներկայումս գտնվում են թռիչքային փորձարկումների փուլում: Իսկ նրանց մի մասը, մասնավորապես «Х-31ПД» մակնիշի «օդ-ՌԼԿ» հրթիռները, որոնք նախատեսված են զենիթահրթիռային համալիրների ռադիոլոկացիոն կայանքների ոչնչացման համար և ունեն 15-250 կիլոմետր գործողության շառավիղ, արդեն հաջողությամբ փորձարկվել են չորրորդ սերնդի «Су-34» ինքնաթիռի բազայի վրա: Մյուս հրթիռներից «Х-35УЭ»-ը նախատեսված է դեսանտային ու տրանսպորտային վերջրյա նավերի ոչնչացման համար, կարող է տեղադրվել ինքնաթիռի, ուղղաթիռի ու նավի վրա և ունի 7-260 կիլոմետր գործողության շառավիղ:

«Х-38МЭ»-ը փոքր հեռավորության ավիացիոն մոդուլային ղեկավարվող հրթիռ է, որը կոչված է ոչնչացնելու ափամերձ գոտում 3-40 կիլոմետր հեռավորությունում գտնվող ցամաքային ու ստորջրյա զրահապատ օբյեկտները:
10-245 կիլոմետր գործողության շառավիղ ունեցող «Х-58УШКЭ» հակառադիոլոկացիոն հրթիռի թիրախներն են իմպուլսային ճառագայթման ռեժիմում գործող վերգետնյա ռադիոլոկացիոն կայանքները, իսկ «օդ-օդ» կարգի փոքր հեռավորության «РВВ-МД» հրթիռը մերձակա բարձրմանևրունակ օդային մարտի ընթացքում և հակառակորդի ակտիվ դիմակայության պայմաններում օրվա ցանկացած ժամի ապահովում է օդային թիրախների` կործանիչների, ռմբակոծիչների, ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների և ուղղաթիռների ոչնչացումը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


01/02/2012