Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ



ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸՍահմանային գյուղերը երկրի դարպասներն են: Տավուշի մարզի Չինարի գյուղը հենց սահմանի պռնկին է:

-Երբ վտանգվել է հայրենի եզերքը, չինարեցիները մի մարդու պես ոտքի են կանգնել,- ասում է համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:

Իր հողի վրա ամուր կանգնած է չինարեցին: Օտար եզերքում ապրողներն էլ մշտապես սատարում են ծննդավայրին: Աշխատասեր ու ժրաջան, քարից հաց քամող, պատվախնդիր ու սրտաբաց է չինարեցին: Գյուղում հիմնական ապրուստի միջոցը անասնապահությունն է, խաղողագործությունը: Թուզը միշտ արտահանվել է արտերկիր, արքայանարինջ, հոն, կիվի, ձիթապտուղ, ինչ ասես չի աճում, բնության բարիքների պակաս չկա այստեղ:

Սահմանին ապրողները մի առանձնահատուկ ակնածանք ու սեր ունեն զինվորի, զինվորականի հանդեպ, իսկ տոնական օրերին էլ ընդունված ավանդույթ է՝ իրենց բնաշխարհի բարիքներից պարտադիր բաժին են հանում զինվորին: Գյուղում վաղուց ավանդույթ է դարձել նաեւ  զորակոչվող տղաներին մեծ տոնախմբությամբ բանակ ճանապարհելը: Չինարեցիները մեկ մարդու պես հավաքվում են գյուղամիջում՝ թնդում է զուռնա-դհոլը, ավագները խորհուրդ-խրատ են տալիս, բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասում ու հանդիսավորությամբ ճանապարհում: Նույն կարգով էլ ընդունում են բանակից զորացրվածներին:

-Սահմանում կանգնած զինվորն է խաղաղության երաշխավորը: Միայն խաղաղություն լինի, չինարեցին իր ծննդավայրը դրախտ կդարձնի,- համոզված է համայնքի ղեկավարը:

Չինարեցի Սերգեյ Սաղոյանը օրերս կհամալրի հայոց բանակի շարքերը.

-Ինչպես սահմանում ապրող շատ երեխաների, իմ մանկությունն էլ անցել է կրակի տակ: Հայրս առաջին կամավորականներից է, ինքնապաշտպանական մարտերի մասնակից: Հիմա էլ իմ հերթն է մեր Հայրենիքը պաշտպանելու:

 

ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ***

 

Ամանորի նախաշեմին հյուրընկալվեցինք հայրենիքի դարպասներն անառիկ պահող զինվորներին: Լեռնային ոլորապտույտ ճանապարհով բարձրացանք մարտական դիրքերից մեկը:

-Սերժանտ Սամվել Հարությունյան,- զինվորական խրոխտ կեցվածքով ներկայացավ դիրքի ավագը:  Ծառայությունն իր հունով ընթանում է, կրակոցներ չեն գրանցվել:

Մինչ բանակ զորակոչվելը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում է ուսանել Սամվելը: Մի քանի օրից զորացրվելու է:

-Հայրենիքի պաշտպանությունը չի սկսվում և սահմանափակվում զինվորական ծառայությամբ: Էս հողուջրում ապրող յուրաքանչյուրս զինվոր ենք ընդմիշտ: Քանի կանք մեր երկրի զինվորն ենք ու պաշտպանը,- ասաց սերժանտ Հարությունյանը:

-Ես հինգ տարի Ռուսաստանում ապրելով հասկացա, որ աշխարհում հայրենիքից թանկ ու հարազատ անկյուն չկա: Շատ էի կարոտել մեր հողին ու ջրին,- զրույցին է միանում չարենցավանցի Անտոն Աբագյանը: Անտոնը քանդակագործությամբ է զբաղվում՝ քանդակագործ հայրիկի ճանապարհն է ընտրել:

-Մտածում եմ զինվորական ուղիով գնալ, երևի պայմանագրային ծառայության անցնեմ,- մեզ հետ իր ապագայի ծրագրերով է կիսվում Անտոնը:

Անտոնն առաջին Նոր տարին է դիմավորելու զինվորական միջավայրում:

-Իմ և զինակից ընկերների անունից ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդի  Ամանորը, մաղթում եմ հզորություն բանակին ու երկրին, խաղաղություն, առողջություն: Նաև ուզում եմ ասել, որ մենք՝ դիրքապահներս, ամեն ինչ կանենք, որ այս մաղթանքներն իրականանան,- վստահեցրեց շարքային Աբագյանը:

-Հույս, հավատ, սեր, խաղաղություն ու երջանկություն ենք մաղթում,- շարքային Դավիթ Պետրոսյանն էլ իր կողմից է «ճոխացնում» մաղթանքները:

Հայոց բանակում հայ զինվորների կողքին ծառայում են նաեւ այլազգի տղաներ: Ազգությամբ եզդի Արմեն Սնջոյանը, Ռոմիկ Ավանյանը եւ Սինոտ Հասոյանը ևս միանում են բարեմաղթանքին:

-Ազգությամբ եզդի ենք, բայց Հայաստանը մեր ծննդավայրն է, մեր հայրենիքը: Ադլայ դներա՝ բարեմաղթում են իրենց մայրենի լեզվով ու թարգմանում՝ խաղաղություն երկրին:

 

***

 

ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ…Օրը մթնում էր, երբ հասանք հաջորդ հենակետ:

Դիրքի ավագ, պայմանագրային սերժանտ Անդրանիկ Բաբասյանը մանրամասնորեն   ներկայացնում է դիրքի պայմանները.

-Ամեն ինչով էլ ապահովված ենք՝ գիշերային, ցերեկային տեսանելիության սարքերով,   կենցաղային բոլոր խնդիրները լուծված են, և ամենակարեւորը՝ անձնակազմի մարտական ոգին բարձր է։ Այստեղ մի ընտանիքի պես ենք, մշտապես իրար թև ու թիկունք:

-Ու այսպես միասնական ու միակամ էլ աչքի լույսի պես  պահում ենք մեր հողը, որի ամեն թիզը կյանքի գնով է պաշտպանված: Առավելագույնը պետք է անենք: Այստեղ՝ մարտական հենակետում կանգնած, ավելի ես կարևորում քո դերը, քո պատասխանատվությունը,- դիրքի ավագին է միանում շարքային Մհեր Մինասյանը:

Դիրքի ավագի ուղեկցությամբ մոտենում ենք  դիտակետում աչալուրջ ու զգոն կանգնած զինվորին: Շարքային Նարեկ Հակոբյանն է։ Շնորհավորում ենք գալիք Ամանորը։ Ժպտում է ու  փորձառու դիրքապահին բնորոշ վստահությամբ հավաստիացնում.

-Մենք այստեղ ենք, որ հայրենակիցների տոնը տոնի նման լինի:  Տարեմուտի շեմին  էլ վստահ ու աներեր խրամատում կկանգնենք, որ մեր թիկունքում խաղաղ սրտով նշեք Ամանորը: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ…

Հրաժեշտից առաջ մարտական հերթապահություն իրականացնող տղաներին մատուռի մոտ լուսանկարում ենք:

-Աստված պահապան, հայրենիքի պաշտպաններ…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #48 (1513) 25.12.2023 - 30.12.2023, Ազգային բանակ


27/12/2023