Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՄՈՎՍԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ



ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՄՈՎՍԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎՀայոց բանակի հարգարժան զինծառայողներ, սիրելի՛ սպաներ ու զինվորներ, քույրեր և եղբայրներ

Նոր տարվա շեմին ենք՝ Սուրբ Ծննդյան հրաշքի սպասումով և անցնող տարին ամփոփելու հանձնառությամբ։ Մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում առավել քան երբևէ կարիքը կա հույսի ու նվիրումի, որի աղբյուրը քրիստոնյաներիս համար մարդացյալ Աստվածորդին է։ Սուրբ Գիրքն ասում է. «Երանի՜ այն ազգին, որի օգնականը Տերն է» (Սաղմ. 32։12)։ Սիրելինե՛ր, սա է մեր հույսը, որ մեր օգնականը, գործակիցն ու դաշնակիցն Աստված է, և եթե «Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռոմ. 8։31)։

Սուրբ Ծնունդը մեզ համար հրավեր է նորոգելու մեր սերն ու ծառայասեր նվիրումը հայրենիքի անվտանգությունն ապահովող  զինված ուժերի նկատմամբ։ Պողոս առաքյալն ասում է. «Հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր է» (Բ Կորնթ. 5։17)։ Ուստի, օգտագործելով պատեհ առիթն՝ ուզում եմ երախտագիտություն հայտնել ձեզ՝ ամենօրյա պատվաբեր ու քաջասիրտ ծառայության համար, որի արդյունքը մշտապես փափագելի խաղաղությունն է։

Սիրելի՛ զինծառայողներ, դուք մեր խաղաղության պահապաններն եք, և ձեր առաջնորդը խաղաղության Աստվածն է։ Այս մտորումներով իրար շնորհավորեք նորածին Փրկչի հուսաբեր Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առիթով ու նորոգեք ձեր ուխտը՝ ի շինություն մեր բանակի և պետականության։

Առ Աստված աղոթքով շնորհավորում եմ ամենքիդ և աղոթում, որ մարդասերն Աստված իր ամենազոր աջի և Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչի հովանու ներքո զորացնի մեր բանակը և անսասան պահի մեր սահմանները:

«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ

ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ

ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»:

Խորագիր՝ #48 (1513) 25.12.2023 - 30.12.2023, Հոգևոր-մշակութային


27/12/2023