Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



ԱՄԱՆՈՐՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄՏոնական օրերին մեր ստեղծագործական խմբի այցը առաջնագիծ համընկավ մարտական դիրքի հերթափոխին: Ուժեղացված ծառայության ու անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ վաշտի հրամանատարը հերթական անգամ հրահանգավորում է անձնակազմին՝ հիշեցնելով անփոփոխ ու ամենակարևոր հրամայականը՝ լինել մշտապես զգոն ու չտրվել որևէ սադրանքի։

Զենքի լիցքաթափում-լիցքավորումը տղաները իրականացնում են վաշտի ավագի գլխավորությամբ։ Համապատասխան հրահանգավորումից հետո դիրքի ավագ, ավագ սերժանտ Երվանդ Պետրոսյանը դիմում է մյուս դիրքապահ զինվորին. «Կրտսեր սերժանտ Սողոմոնյան, կատարի՛ր հերթափոխը»։

-Այս պահին թեև սահմանի մեզ վստահված հատվածում հարաբերական անդորր է, սակայն մենք չենք թուլացնում զգոնությունը, պատրաստ ենք մեր առջև դրված խնդիրը կատարել պատվով, որպեսզի մեր սահմանները լինեն ամուր և անառիկ,- վստահեցնում է վաշտի հրամանատար Արթուր Նիազյանը:

ԱՄԱՆՈՐՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄԴիրքի ավագ, ավագ սերժանտ Երվանդ Պետրոսյանը  վերջին անգամն է Ամանորը դիմավորելու դիրքերում։ Մի քանի օրից նա կզորացրվի՝ ոչ միայն անցնող տարին, այլ նաև բանակային երկու տարիները ամփոփելով մի շարք ձեռքբերումներով։

-Իմ գլխավորությամբ  մարտական դիրքի ողջ անձնակազմը ի վիճակի է կատարելու իր առջև դրված մարտական խնդիրը։ Շատ մեծ պատասխանատվությամբ իմ և զինակից ընկերներիս անունից վստահեցնում եմ, որ հայ զինվորը աչալրջորեն և զգոն կատարում է մարտական հերթապահությունը։ Բանակային երկու տարին շատ կարևոր շրջափուլ է ամբողջ կյանքի համար։ Այս երկու տարիների ընթացքում ձեռք եմ բերել բանակային ընկերներ, որոնք հաստատ կլինեն նաև կյանքի ընկերներ։ Ինձ հետ տանելու եմ նաև կյանքի մեծ փորձ ու փորձառություն։ Անցած ուսումնական տարում պարգևատրվել եմ կրծքանշաններով, ինչպես նաև «Ավագ սերժանտ» զինվորական կոչումով: Մեր ստորաբաժանումում տիրում է համերաշխ, ես կասեի՝ եղբայրական մթնոլորտ: Հուսով ենք, որ այս նոր տարին մեր հայրենիքի համար կլինի խաղաղության և նոր ձեռքբերումների տարի,- զրույցն այսպես ոգևորությամբ ու դրական տոնայնությամբ է սկսում ավագ սերժանտ Երվանդ Պետրոսյանը։

Երվանդի ծառայակից ընկերը՝ Արկադի Խաչատրյանը, նույնպես վերջին անգամ Ամանորը կդիմավորի առաջնագծում:

-Երկրորդ անգամ եմ Ամանորը դիմավորում դիրքերում՝ առաջնագծում, և օգտվելով առիթից՝ մեր հայրենակիցներին մաղթում եմ բարձր տրամադրություն, շատ ու շատ հաջողություններ, իսկ զինվորների ծնողներին էլ՝ որ նրանց զավակներն  անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց օջախները։

-Դիրքերում Ամանորը նշելն ունի իր առավելություններն ու հիշարժան պահերը։ Շատ հպարտ եմ, որ այս օրերին նաև ինձ է վստահվել հայրենիքի պաշտպանությունը։ Մի քանի օրից տուն եմ վերադառնալու և ամեն ինչ անելու եմ, որ ծառայությունս փառքով ու պատվով ավարտեմ,- մեր զրույցին է միանում Երվանդի և Արկադիի մյուս ընկերը՝ Սենիկ Կարախանյանը:

Իրենց զորացրվող ընկերների պես նույն ոգով ու տրամադրությամբ դիրքապահի պարտականություններն են կատարում նաև մյուս տղաները։ Խաղաղ Ամանորի պահապանները վստահեցնում են՝ սահմանը կլինի պաշտպանված այնպես, ինչպես պետք է:

-Թող որ մեր հայրենակիցները բարձր տրամադրությամբ դիմավորեն Նոր տարին,- միաբերան մաղթում են քաջ դիրքապահները:

Այսպես են դիրքապահները անցնող տարվա վերջին էջը շրջում ու առաջնագծից իրենց մաղթանքները հղում համայն հայությանը։ Խրամատային եղբայրության չգրված օրենքով նրանք պատրաստ են հարկ եղած դեպքում միաժամանակյա ու ներդաշնակ գործողություններով ամուր ու անառիկ պահել մեր երկրի պետական սահմանը՝ հանուն գալիք խաղաղ լուսաբացների։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #01 (1514) 09.01.2024 - 16.01.2024, Ազգային բանակ


11/01/2024