Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԹՐԵՍԸ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ



ՍԹՐԵՍԸ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸԶինվորական ծառայությունը այն մասնագիտություններից է, որում մարդը հաճախակի է բախվում լարված, սթրեսային իրավիճակների: Ի՞նչ է  սթրեսը, ի՞նչ դրսևորումներ ունի, ինչպե՞ս հաղթահարել դրա բացասական ազդեցությունները: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, կլինիկական հոգեբան, խորհրդատու Դավիթ Գևորգյանի հետ:

 

-Պարո՛ն Գևորգյան, կխնդրեի՝ մեր զրույցի սկզբում ներկայացնեիք, թե ի՞նչ է սթրեսը: Առօրյա կյանքում որպես ծանր պայմաններում առաջ եկող բացասական հոգեվիճակ ընկալվող այս տերմինն ինչպե՞ս են հասկանում ու մեկնաբանում հոգեբանները:

-Սթրես բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է լարվածություն, ճնշում  և սրանով իսկ արտահայտում է այն հիմնական իմաստը, որ մարդը պարբերաբար բախվում է այնպիսի իրավիճակների, որոնք նրա մեջ թե՛ հոգեբանական և թե՛ ֆիզիկական մակարդակներում առաջ են բերում լարվածություն, հուզական որոշակի ճնշվածություն: Ընդ որում,  Հանս Սելյեն՝ սթրեսի մասին տեսության հիմնադիրը, սա անվանել է «ընդհանուր ադապտացիոն սինդրոմ»՝ ընդգծելով  այն փաստը, որ սթրեսը, ընդհանուր առմամբ, օրգանիզմի հարմարման մեխանիզմն է միջավայրի տարբեր պայմաններին, և այս իմաստով այն բացասական չէ։ Սթրեսն այս առումով փաստացի ծառայում է շրջակա միջավայրին օրգանիզմի հարմարվելուն, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ այն ծառայում է կյանքին։ Իսկ ինչո՞ւ է կոչվում հարմարում, քանի որ կյանքի փոփոխվող իրավիճակներում առաջին հերթին ֆիզիոլոգիապես, բայց նաև հոգեբանորեն մարդը պետք է պատրաստ լինի որոշակի փոփոխությունների, որոնք նրան թույլ կտան օպտիմալ կերպով գոյատևել տվյալ պայմաններում։

Սակայն, իհարկե, կան այնպիսի սթրեսային իրավիճակներ կամ այնպիսի սթրեսորներ՝ սթրես առաջացնող գործոններ, որոնք ազդելով մարդու վրա՝ անցնում են օրգանիզմի և հոգեկանի տանելիության շեմը՝ անձին թույլ չտալով արդյունավետ հարմարվել իրավիճակին։ Սթրեսի առաջ բերած հուզական վիճակները, հիմնականում ծառայում են նրան, որ օրգանիզմը մոբիլիզացվի տվյալ սթրեսային իրավիճակում, կարողանա ակտիվորեն հակադրվել, եթե դա բարդ իրավիճակ է և լավագույն դեպքում, իհարկե, գալ հարմարմանը՝ այսինքն՝ կարողանա հնարավորինս արդյունավետ վարք դրսևորել նման իրավիճակներում։ Իսկ այն բոլոր դեպքերում, երբ սթրեսորները շատ ինտենսիվ են, անհամապատասխան են մարդու տարիքային կամ ֆիզիկական վիճակին, անսպասելի են կամ շոկային, սուր են և կատաստրոֆիկ, այս դեպքերում արդեն նշածս ֆիզիոլոգիական մեխանիզմներն ի վնաս մարդու են գործում, քանի որ մարդու ներհոգեկան մեխանիզմները չեն բավարարում տվյալ իրավիճակին արդյունավետ հարմարվելու համար, և մարդը տալիս է ոչ ադեկվատ արձագանք կամ դանդաղում են մտածողության գործընթացները և վարքը, կամ հակառակը՝ մարդն ավելի հախուռն է դառնում, հաճախ դրսևորելով չմտածված վարք։ Խնդիրները, որոնք տվյալ պայմաններում դրված են մարդու առջև,  օպտիմալ լուծումներ չեն ստանում, առաջացնում են խուճապ և այլ դրսևորումներ, չեն կարող կոչվել հարմարում, այլ հենց այն, ինչի մասին մենք կենցաղում ասում ենք՝ «Մարդը սթրեսի մեջ է»։

ՍԹՐԵՍԸ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ-Ինչպե՞ս տարանջատել սովորական, առօրյա սթրեսը, որը բերում է հարմարման և բացասական ազդեցություն գործող սթրեսը:

-Կարևոր է նշել, որ սթրեսը լինում է երկու տիպի՝ բաժանվում է դրական և բացասական բևեռների։ Սա, իհարկե, պայմանական բաժանում է, քանի որ խոսքը սթրեսն առաջացնող գործոնի դրական կամ բացասական լինելու մասին է: Բայց սթրեսն ինքնին ֆիզիոլոգիապես ապրվում է նույն ձևով։ Բացասական սթրեսները, ինչպիսիք են կորուստը, պատերազմը, կոնֆլիկտը, վատ լուրը, կոչվում են դիսթրես։ Իսկ դրական սթրեսը, որը կարող է կապված լինել դրական լուրերի հետ՝ ամուսնություն, հարստություն ձեռք բերելու մասին անսպասելի նորության, կորցրած հարազատին գտնելու մասին լուր և այլն, կոչում ենք էուսթրես՝ դրական սթրես: Բայց կրկին պետք է շեշտեմ, որ անկախ նրանից՝ դիսթրես է, թե էուսթրես, ֆիզիոլոգիական մակարդակում մարդը դրանք ապրում է նույն կերպ՝ օրգանիզմը նույն չափով է սթրես տանում։

Առօրյա կյանքում բազմաթիվ սթրեսորներ կան, որոնք մարդիկ հեշտությամբ հաղթահարում են՝ սկսած ամենապարզ օրինակից՝ առավոտյան տաք անկողնուց դուրս գալը և աշխատանքային, ծառայողական, ուսումնական օրվան պատրաստվելը: Սա էլ որոշակի հուզական լարում է պահանջում մարդուց: Ինչ վերաբերում է դիրքապահների, զինծառայողների առօրյային, ապա այստեղ ևս բազմաթիվ փոքր ու մեծ սթրեսորներ կան, որոնք հաղթահարվում են մարդու կողմից՝ նրան ավելի ուժեղ դարձնելով, նրա մոտ  ձևավորելով իրավիճակին համապատասխան վարքի դրսևորումներ:

Այսպիսով, սթրեսը մի կողմից նորմա է, հարմարման մաս, և ինչպես Հանս Սելյեն էր կեսկատակ-կեսլուրջ ասում. «Եթե դուք վաղուց սթրես չեք ապրել, ուրեմն՝ կսմթե՛ք ձեզ, հնարավոր է՝ դուք մահացել եք»՝ ի նկատի ունենալով, որ լիակատար հանգստի վիճակ, երբ ոչ մի սթրեսոր, խնդիր չկա, ըստ էության հնարավոր չէ: Իսկ մյուս կողմից, իհարկե, սթրեսի որոշ դրսևորումներ կարող են բերել նաև հիվանդագին վիճակների՝ հոգեբանական, հոգեհուզական դրսևորումներ, ադապտացիայի խնդիրներ և ֆիզիկական՝ աղեստամոքսային խանգարումներ, հոգեմարմնական հիվանդություններ, մինչև անգամ կարող են հանգեցնել մահվան։   Այս առումով, կարևոր է զանազանել՝ երբ ասում ենք սթրես՝ սրանցից ո՞րը նկատի ունենք։ Չափավոր սթրեսը, այսպիսով ծառայում է մարդու արդյունավետ կենսագործունեությանը: Այն օրգանիզմի՝ շրջակա միջավայրում հարմարվելու, իրեն արդյունավետ դրսևորելու համար նախատեսված գործառույթներից մեկն է:

-Օրգանիզմը ինչպե՞ս է արձագանքում սթրեսորներին:

-Անհատական, նաև կարելի է ասել՝ հասարակական մակարդակներում սթրեսորի նկատմամբ խոշոր առումով կարող ենք առանձնացնել երեք հիմնական ռեակցիա։ Սրանք արտակարգ իրավիճակներին կամ սթրեսային իրավիճակներին կենսաբանորեն մեզ տրված արձագանքելու եղանակներն են, որոնք ամփոփվում են այսպես կոչված՝ 3-F ռեակցիաներով՝ անգլերեն  fight, flight, freeze բառերի սկզբնատառերով, որ նշանակում է՝ կռվել, փախչել, սառչել։ Այս երեքը կենսաբանորեն պայմանավորված ռեակցիաներ են։ Եթե հակիրճ ձևակերպենք, վտանգի դեպքում կենսաբանորեն բնական առաջին ռեակցիան, ինչպես մարդու, այնպես և կենդանիների դեպքում,  փախուստն է։ Այսինքն՝ հատկապես կյանքին սպառնացող իրավիճակում առաջին հերթին փախչելու ցանկություն է առաջանում։ Մյուս ռեակցիան հարձակումը՝ կռիվ տալն է: Կան մարդիկ, որոնք իրենց կյանքին սպառնացող իրավիճակներում (հենց պատերազմի և զինվորականների օրինակով ասենք) վտանգին ընդառաջ են գնում, ինչն   իր մեջ տվյալ իրավիճակը վերահսկելու միտում ունի. նրանք պաշտպանում են այն ամենը, ինչ թանկ է իրենց համար: Եվ երրորդ ռեակցիան՝ սառեցում-քարացումն է, որը եթե կենդանիների աշխարհի հետ համեմատելու լինենք, սուտմեռուկն է՝ մեռած ձևանալը, որ քեզ չնկատեն, մինչև վտանգն անցնի։ Մարդու պարագայում սա սովորաբար դրսևորվում է բարդ իրավիճակի անտեսմամբ, մերժմամբ, մտքերով, որ, դե,  շուտով կանցնի և այլն։ Սա նույնպես հարմարման մեխանիզմներից մեկն է։ Իսկ սրա ծայրահեղ դրսևորումը, օրինակ՝ ռազմի դաշտում, կարող է խուճապը և դրա արդյունքում ստուպորի՝ բառացիորեն մարմնի անշարժացման, զգայարանների անջատման ռեակցիան լինի: Այս երեք ռեակցիաների ընտրությունից է կախված, թե մարդն ինչպիսի վարք է դրսևորում այս կամ այն իրավիճակում։ Իհարկե, այս երեքը կարող են նաև մեկը մյուսով փոխարինվել։ Ակնհայտ է, որ եթե մարդը տալիս  է «կռիվ» ռեակցիան, ապա այն մաշեցնող է և չի կարող երկար տևել, հավերժ հնարավոր չէ այդ ռեակցիայի տիրույթում մնալ, և որոշակի պահի պարզապես պետք է ռեակցիան փոխվի, օրինակ՝ հանգստի ձևով, ուժերը վերականգնելով:

ՍԹՐԵՍԸ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ-Ի՞նչպիսի տեխնիկաներ են առաջարկում հոգեբանները սթրեսորներին, այն ծայրահեղ կամ լարված իրավիճակներին, որոնք բացասական ազդեցություն կարող են գործել մարդու վրա, հակազդելու համար: Խոսենք սթրեսի հաղթահարման տեխնիկաների, սթրեսի կառավարման հմտությունների ու մեխանիզմների մասին։

-Պետք է հստակ հասկանալ, որ եթե կա լարված սթրեսային իրավիճակ, անհնար է, որ որևէ անձ ընդհանրապես սթրես չապրի: Հարցն այլ է՝ որքա՞ն ռեսուրսներ ունի անձը այդ իրավիճակում ինքն իրեն կառավարելու և ի՞նչ մեխանիզմներ է կիրառում դրա համար։ Եթե խոսքը վերաբերում է մարդու հոգեկան վիճակին համարժեք սթրեսորներին, որոնք զգալիորեն չեն գերազանցում տվյալ մարդու հոգեֆիզիոլոգիական հնարավորություններն ու ռեսուրսները, ապա, իհարկե, կան բավականին պարզ մեխանիզմներ, որոնք օգնում են մարդուն ավելի հեշտ հաղթահարելու նման իրավիճակները։ Որո՞նք են դրանք։ Ինչպես սկզբում նշեցի, սթրեսը հոգեֆիզիոլոգիական արձագանքի ձև է։ Եվ սթրեսային իրավիճակի դեպքում օրգանիզմը տալիս է ամբողջական արձագանք՝ սկզբում ակտիվացմամբ, հետագայում նաև՝ պասիվացմամբ։ Ակտիվացումը դրսևորվում է օրգանիզմի ոչ կամածին, այսինքն՝ անկախ մարդու կամքից օրգանիզմում առաջացող ռեակցիաներով, ինչպես, օրինակ, ակտիվ քրտնարտադրություն, սրտխփոց և այլն, որոնք հոգեֆիզիոլոգիական ռեակցիաներ են: Այստեղ շատ կարևոր է, որ սթրեսային իրավիճակը ծագելու հենց առաջին պահից անձը ուշադրություն դարձնի իր ֆիզիոլոգիական փոփոխություններին և փորձի հնարավորինս արագ կարգավորել դրանք։ Ամենաառաջինը շնչառությունն է, որի միջոցով կարելի է կարգավորել օրգանիզմի՝ սթրեսին ի պատասխան բացասական դրսևորումները։ Երբ մենք գտնվում ենք լարված սթրեսային իրավիճակում, մեր շնչառությունը խախտվում է։ Սա, ըստ էության, հետևանք է, բայց նաև կարող է երկարաձգվող հոգեկան սթրեսային վիճակի պատճառ դառնալ։  Հետևաբար, մեր ներքին առանցքի, կառավարելիության զգացումը վերականգնելու համար, առաջին հերթին, պետք է սովորենք կառավարել մեր շնչառությունը։ Սա բավականին պարզ մեխանիզմ է, պարզ տեխնիկաներ կան, որոնցից ամենաարդյունավետը 2/4-ի շնչառությունն է։ Քթով ներշնչում ենք պայմանական երկու միավոր՝ երկու վայրկյան և բերանով արտաշնչում երկու անգամ ավելի երկար՝ չորս միավոր /վայրկյան/։ Եվ սա կրկնում ենք նվազագույնը հինգ անգամ։ Սա հնարավորություն է տալիս վերականգնելու թթվածնային հավասարակշռությունն օրգանիզմում, կանխարգելելու հիպերվինտիլյացիան և վերագտնելու օրգանիզմի կառավարելիության զգացողությունը, հոգեկան հավասարակշռության վիճակը։ Եթե սթրեսի ժամանակ մենք կարողանում ենք վերականգնել ճիշտ շնչառությունն ու կառավարել մեր օրգանիզմը, ուրեմն՝ գործի կեսն արդեն արված է։ Նման իրավիճակներում առաջ եկող բացասական ռեակցիաներից են խուճապային զգացողությունները, որոնք կարող են ծագել հատկապես պատերազմական իրավիճակներում, երբ կյանքին ուղղակի վտանգ է սպառնում։ Նման իրավիճակում ինքնակարգավորման ունակությունը կորցնելու արդյունքը կամ հետևանքն առաջին հերթին արտահայտվում է ֆիզիոլոգիական բազմազան դրսևորումներով՝ հիմնականում սրտխփոց, խեղդվելու զգացողություն, ոտքերի թուլացում, որ նաև բնորոշում են որպես «բամբակյա ոտքեր», վերջույթները սառչում են, սառը քրտինք, գլխապտույտ, տեսողության մթագնում է առաջանում և այլն։ Իսկ հոգեբանական մակարդակում սա կարող է անձի կողմից ընկալվել որպես ուժեղ, անկառավարելի վախի զգացում։ Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ վախի զգացումը կապված լինի պատերազմական իրավիճակի հետ։ Կարող է հենց այդ հոգեվիճակը ապրվել՝ որպես վերահաս վտանգի զգացում. մարդուն թվում է, որ իր հետ ինչ-որ վատ բան է պատահելու։ Սա ի վերջո հանգեցնում է ոչ նպատակային, անարդյունավետ և երբեմն նաև շատ վնասակար գործողությունների: Հետևաբար, խուճապային վիճակների կանխարգելման, սթրեսային իրավիճակներում անձի ինքնակարգավորման կարևոր միջոցներից մեկը առաջին հերթին շնչառության վերականգնման տեխնիկան է, որ բերում է ներքին կայունության հաստատման։ Ի դեպ, շնչառության ռիթմի կարգավորումը կարևոր և արդյունավետ է ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում, երբ կյանքին ուղղակի վտանգ է սպառնում, այլև առօրյա փոքրիկ նյարդային լարվածությունները չեզոքացնելու համար:

ՍԹՐԵՍԸ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸՏեխնիկաների մյուս խումբը, որ արդյունավետ են լինում հատկապես ծայրահեղ լարված իրավիճակներում, այսպես կոչված՝ հողակցման մեթոդներն են, որոնք ունեն հետևյալ տրամաբանությունը։ Երբ անձը գտնվում է սթրեսային և հատկապես խուճապային վիճակում՝ լինի դա պատերազմական իրավիճակ կամ կյանքին սպառնացող մեկ այլ իրավիճակ, նա ասես կտրվում է իրականությունից, ոտքերը գետնից կտրվելու զգացողություն է ունենում։ Նրա զգայարաններն ասես անջատվում կամ մասնակիորեն անջատվում են՝ տեսողություն, լսողություն,  համ, հոտ, շոշափելիք։ Մարդն ընդհանրապես կարող է կորցնել իր մարմնի զգացողությունը։ Սա հոգեբանության մեջ անվանվում է դիսոցիացիա։ Սա նույնպես օրգանիզմի յուրահատուկ պաշտպանական ռեակցիան է, քանի որ մարդն այսպես կարողանում է իրեն «պաշտպանել» շատ սուր սթրեսային կամ տրավմատիկ զգացողություններից։ Բայց ռազմի դաշտում, մասնավորապես, դա կարող է չափազանց վատ հետևանքներ ունենալ և մարդուն մեծ վնաս պատճառել, թուլացնել զգոնությունը, կողմնորոշման ունակությունը։  Այս դեպքերի համար գոյություն ունեն հողակցման տեխնիկաները, որոնք հնարավորություն են տալիս մարդուն արագ վերադառնալու իրականություն, նորից «միացնելու» զգայարանները։  Էլի տարբեր տեխնիկաներ կան, բայց ամենապարզը հետևյալն է։ Եթե կողքիդ մարդը խուճապային վիճակում է՝ քարացել է, կորցրել կողմնորոշվելու ունակությունը, պետք է խնդրել նրան արագ ու առանց շեղվելու ասել չորս բան, որ իր շուրջը տեսնում է։ Դա կարող է լինել՝ ծառ, թուփ, քար և այլն։ Հետո նույն կերպ խնդրում ենք, որ թվարկի չորս բան, որ լսում է, հետո շոշափում, ինչ համեր է զգում և այլն։

Կամ մեկ այլ օրինակ՝ եթե գիտենք, որ այդ մարդն ասենք ֆուտբոլ է սիրում, կարող ենք նրան խնդրել թվարկել ֆուտբոլային մի քանի առաջատար թիմերի անուններ։ Առաջին հայացքից կարող է անհեթեթ ու բոլորովին անտեղի թվալ, բայց իմաստն այն է, որ անձը, որ իրեն դիսոցացված՝ իրականությունից վերացած է զգում, վերադառնա իրականությանը և մտածի ձեր տված՝ առաջին հայացքից հիմար հարցերի շուրջ։ Այս կերպ նա  արագ վերագտնում է իրեն ու կարողանում է կրկին արդյունավետ գործել սթրեսային իրավիճակում:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Շարունակելի

Խորագիր՝ #01 (1514) 09.01.2024 - 16.01.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


11/01/2024