Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՔ



ՀԱՅՔ«Արմենիա» անվան ծագումը

Հայաստանն օտարներն անվանում են Արմենիա։ Որտեղից է գալիս այս անվանումը։ Մեր թվարկությունից առաջ 6¬րդ դարից։ Հայաստանն առաջին անգամ այդպես են անվանել մարերն ու պարսիկները, այնուհետեւ այդ անվանումը տարածվել է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մեջ։

Հունա¬մակեդոնական ավանդությունը «Արմենիա» անվանումը կապում է արգոնավորդ Արմենոս Թեսալացու անվան հետ։ Այս մասին հիշատակում է մ.թ.ա. 1¬ին դարի հույն պատմագիր Ստրաբոնն իր «Աշխարհագրության» մեջ։ Հայկական ավանդությունն այդ անվանումը կապում է հայկական Արամի անվան հետ։

Կան նաեւ այլ վարկածներ։ Ոմանք այդ անվանումը կապում են արամեացիների, ոմանք՝ «արմե» կամ «արմեն» ցեղանվան հետ։

Բոլոր դեպքերում «Արմենիա» անվանման ստույգ ծագումնաբանությունն առայսօր պարզված չէ։

 

Բազմաշնորհ կայսրը

Հայտնի է, որ ժամանակին Բյուզանդիան կառավարել են նաեւ հայազգի կայսրեր։ Նրանցից մեկն է Կոնստանդին Ծիրանածին կայսրը ¥913¬959 թթ.¤։ Բազմաշնորհ մարդ է եղել, Բյուզանդիայի պատմության մեջ մտել է ոչ այնքան որպես պետական գործիչ, որքան որպես պատմաբան, բանաստեղծ, երաժիշտ, ճարտարապետ, մեքենագետ եւ նկարիչ։ Ավելին, նա այսօր էլ համարվում է Բյուզանդիայի պատմագիտության ականավոր դեմքերից մեկը։ Իմացել է հայերեն եւ պարծեցել իր ծագմամբ։ Եվ պատահական չէ, որ արքունիքում նրա շուրջը հավաքված գիտնականների եւ գրողների թվում եղել են նաեւ հայեր։ Նրանցից ամենանշանավորը եղել է Հովսեփ Գենեզիոսը։ Հայ գիտնականն իր ուսուցչի՝ Կոնստանդին Ծիրանածին կայսրի օրինակով գրել է մի շարք պատմական աշխատություններ, որոնք այսօր էլ հավաստի սկզբնաղբյուր են Բյուզանդիայի պատմությունն ուսումնասիրողների համար։

 

Հայոց աղուհացը

Հարգանքի, հարստության, առատության, բարեկամության, հավատարմության եւ բարեհաջողության խորհրդանիշ՝ այսպիսին է հայոց աղուհացը որպես դարերի խորքից եկող ծիսական ավանդույթ։ Նորածին երեխայի վրա աղ են ցանել՝ կյանքին սպառնացող վտանգներից զերծ պահելու համար։ Պատահական չի եղել, որ հայ նահապետական գերդաստանն աղը պահել է կնոջ տեսքով կավե ամանի մեջ։ Դա ուղղակիորեն առնչվել է Անահիտ աստվածուհու պաշտամունքի հետ։ Աղը՝ որպես հարստության եւ առատության խորհրդանիշ, օգտագործվել է հարսանեկան արարողություններում։ Աղուհացով երդվել են։ Եթե ասել են՝ «Աղուհաց ենք կերել», նշանակել է չի կարելի դրժել հավատարմության երդումը, դավաճանել ընկերոջը։

Հայերը մարտի դաշտից հաղթանակով վերադարձած թագավորին, զորքին դիմավորել են աղուհացով, թագավորն ու զորավարներն էլ կռվի գնալիս երդվել են աղուհացի վրա։

Հայերի մոտ էլ աղուհացը հյուրին հարգանք մատուցելու միջոց է։ Անհյուրընկալ, երախտամոռ մարդուն հայերն անվանում են «անաղուհաց մարդ», եւ սա խիստ վիրավորական խոսք է։

 

Պատրաստեց ՆՈՐԱՅՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #05 (1518) 09.02.2024 - 16.02.2024, Հոգևոր-մշակութային


15/02/2024