Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ



ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄԲարձր լեռնային գոտում, դահուկասպորտի տարրերով հագեցած մարզումներ են իրականացնում ռազմաուսումնական բարձրագույն հաստատության կուրսանտները։ Այս մարզումները եռօրյա դասընթացի ընդամենը մի մասն են։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների նոր առօրյան է։ Նոր ծրագիրը ենթադրում է ակտիվ մարզումներ ոչ միայն դաշտային հիմնական վայրերում՝ զորավարժարաններում, այլև լեռներում և հատկապես ձմեռային բարդ կլիմայական պայմաններում։

Կուրսանտական խմբերը ոչ թե ժամերով, այլ օրերով են բարձրացել լեռնային շրջաններ։ Այստեղ մարզվում են, նաև դահուկներով տեղաշարժվելու  հմտություններ ձեռք բերում, սովորում են կրակել, սնունդ, ջուր հայթայթել, ինչու չէ, նաև՝ գոյատևել, այս բառի ամենալայն իմաստով:

Նրանք այս տեղանքում սնվում և գիշերում են բնական միջոցներով՝ սնվել, ինչպես կարող են, ինչպես սովորեցրել են հրամանատարները, գիշերելու համար ստեղծել պայմաններ, տաքանալ ու պատրաստ լինել առաջադրանքների կատարմանը։ Նրանցից շատերը, որ երբեք չեն զբաղվել դահուկով, այսօրինակ մարզումների շնորհիվ արդեն հասցրել են բավականին հմտանալ:

Աներկբա է. գոյությունը պաշտպանելու, մարզումները լիարժեք ու ճիշտ կատարելու պայմանը ստորաբաժանումների ներդաշնակ գործողություններն են, իրար փոխօգնության հասնել, աշխատանքի ճիշտ բաժանում կատարել, ասել է թե՝ թիմային ճիշտ աշխատանքը:

Անկախ առկա դժվարություններից, դասընթացին մասնակցող առաջին խումբը կարողանում է դրական արդյունք ապահովել:

Մարզումների ժամանակ կուրսանտները ենթախմբերի բաժանված կատարում են իրենց առջև դրված առաջադրանքները, որոնք տարբեր են՝ սկսած գոյատևելուց, վերջացրած՝ հայտնաբերած թիրախներ ոչնչացնելով։

Այս մարզումները մեկնարկել են օրեր առաջ, կշարունակվեն մինչև բոլորը մասնակցեն։ Ակադեմիայի ղեկավարության նպատակն է կուրսանտներին ավելի դիմացկուն դարձնել, սովորեցնել նոր մեթոդներ, կատարելագործել հմտությունները։

Խումբը շուտով կվերադառնա մշտական տեղակայման վայր, արդեն նոր փորձով, ընկերներին պատմելու իրենց անցկացրած դժվար, բայց հետաքրքիր օրերի մասին։ Հրամկազմը գոհ է՝ տղաները սպասվածից ավելի լավ են իրենց դրսևորել։

Բարձր արդյունքը տղաները պայմանավորում են առաջին հերթին իրենց ձգտմամբ, պատրաստակամությամբ։ Սովորել են, դիմացել, հաղթահարել դժվարությունները, որպեսզի հետո՝ ծառայության ժամանակ, նույնիսկ դաժան կլիմայական ու եղանակային պայմաններում կարողանան կատարել իրենց տրված առաջադրանքները։

Առջևում նոր դասընթացն է, ակադեմիայի սաները ձմեռը կանցկացնեն լեռներում, զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում, ամռանը կզբաղվեն լեռնագնացությամբ, բարդ արգելագոտիներ հաղթահարելով։ Ռազմական ակադեմիայի նորամուծության նպատակն է զորքեր ուղարկել արհեստավարժ, դիմացկուն և կոփված սպաների։

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #05 (1518) 09.02.2024 - 16.02.2024, Ազգային բանակ


15/02/2024