Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԶՆՈՎ Է ՆԱԵՎ ԿԵՐՏՎՈՒՄ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ



ՄԵԶՆՈՎ Է ՆԱԵՎ ԿԵՐՏՎՈՒՄ ՄԵՐ ԱՊԱԳԱՆՈւսումնական զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Լուսինե Բուդաղյանը մեր այն կին զինծառայողներից է, որոնք այսօր սիրով ու հպարտորեն կրում են ՀՀ բանակի սպայի ուսադիրները, պատվով իրականացնում հրամանատարի բարդ, բայց և կարևոր առաքելությունը։ Մասնագիտության ընտրությունը երիտասարդ աղջկա համար պատահական չի եղել: Դեռ մանկուց Լուսինեն ստացել է զինվորական հոր դաստիարակությունը, տեսել ու զգացել է զինվորականի ընտանիքի յուրատեսակ նիստուկացը, լսել զինվորական հարազատների սխրանքների պատմությունները:

-Դեռևս պապիս պապից սկսած՝ զինծառայողները շատ են եղել մեր տոհմում,- ասում է Լուսինեն:- Հայրս հետախույզ էր, մայրիկիս հորեղբայրն օդաչու է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, զոհվել է խնդիրը կատարելիս։ Ես էլ էի տարված ռազմական օդաչուի մասնագիտությամբ, երազում էի նաև տանկիստ դառնալու մասին։ Բայց երբ ժամանակը եկավ, և իմացա, որ զինվորական այս մասնագիտություններով չեմ կարող ծառայել, զինվորական դառնալու ցանկությունս չմարեց։

Հայաստանի Ազգային հերոս Վահագն Ասատրյանը հայրիկիս ընկերն էր։ Հայրս չէր ուզում, որ զինվորական դառնամ, բայց պարոն Ասատրյանը տեսնելով զինվորական գործի հանդեպ հետաքրքրությունս ու սերս, ինձ խորհուրդ տվեց փորձնական ծառայության անցնել իր ստորաբաժանումում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Ասաց՝ եթե հարմարվեմ ու հասկանամ, որ իմ տեղն է, կշարունակեմ ծառայությունս։ Այդպես մտա զորքեր։ Ժամանակի ընթացքում ամրապնդվեց համոզմունքս, որ, իրոք, իմն է այս գործը։ Մի օր էլ հրամանատարս կանչեց ինձ և հայտնեց, որ որոշված է՝ համազորայինի դասընթացների է ուղարկելու ինձ։ Նա իմ զինվորական կարիերայի գործում մեծ ներդրում է ունեցել, մշտապես ուղղորդել է ինձ։ Նրանից եմ սովորել նաև, թե ինչպես է պետք կրթել զինվորին, ինչպես անհատական մոտեցում ցուցաբերել։

2020 թ.-ի պատերազմում, ցավոք,  կորցրի հրամանատարիս՝ զինվորական գործի իմ առաջին ու կարևոր ուսուցչին՝ Վահագն Ասատրյանին։ Այնուհետև՝ 2022 թ., կորցրի հորս։ Սպայական կոչումս ստանալու օրը պետք է ամենաուրախը լիներ, բայց ամենատխուր օրն էր ինձ համար, քանի որ ո՛չ հայրս կար, ո՛չ հրամանատարս։ Առաջինը հենց նրա՛նք ինձ պետք է տեսնեին սպայական ուսադիրներով…

-Ի՞նչն է ոգևորում քեզ ծառայության մեջ։

-Ոգևորությունը միշտ չէ, որ լինում է։ Կորուստներով լի պատերազմից հետո ոգևորություն՝ որպես այդպիսին, չկա, սակայն ավելի կարևոր մի ուրիշ բան կա՝ դրդապատճառ, թե հանուն ինչի  ես դու շարունակում ծառայել և հանուն ինչի ես ձգտում լավ ծառայել։ Ես դրդապատճառ ունեմ, և դա իմ հրամանատարի կորուստն է, իմ շատ մոտիկ ընկերների ՝ Մկրտիչ Հարությունյանի, Հովհաննես Սիմոնյանի զոհվելը։ Երբ դեռ միասին էինք ծառայում, նրանք ինձ «ճուտո» էին ասում։ Բոլորից փոքր էի թե՛ չափսերով, թե՛ տարիքով։ Ծառայության բերումով բաժանվեցինք, տարբեր ճանապարհներով ընթացանք։ Բայց, իհարկե, շփումը պահպանվում էր մինչև նրանց զոհվելը։ Շատ դժվար է նման հզոր ընկերներ կորցնելը… Բայց նրանց կորուստն է հիմա ինձ ամրացնում, ուժ տալիս ու դրդապատճառ է։

Երբ զորքերում ծառայության անցա, հաճախ էի լսում, որ դասակի հրամանատարի համար շատ կարևոր է լավ վաշտի հրամանատար ունենալը։ Յուրաքանչյուր սպա իր վերադասից շատ բան ունի սովորելու։ Այս առումով իմ բախտը շատ է բերել։ Շատ դեպքեր են եղել, երբ ես նայել եմ իմ վերադասին՝ կապիտան Կարապետյանին, և փորձել  այս կամ այն խնդիրը  լուծել ինչպես ինքն է լուծում, ու ստացվել է։  Խնդիրներ  եղել են այս ընթացքում, հեշտ չի եղել, բայց նա ինձ օգնել է, որ արդյունավետ ու ճիշտ լուծեմ դրանք։ Պետք է խոստովանեմ, որ սկզբնական շրջանում վաշտիս հրամանատարի հետ առանձնապես «լեզու չէի գտնում»։ Նա չափազանց խիստ էր ինձ հետ, իսկ ես սովոր չէի նման խստության։ Մեկ տարի հետո նա՝ ինքը բացատրեց.

-Եթե ես սկզբից ևեթ քեզ վերաբերվեի որպես փոքրի, որպես թույլ սեռի ներկայացուցչի, քո ծառայությունը չէր ստացվելու. անընդհատ պաշտպանության ուղիներ էիր փնտրելու։ Բայց շուտով դու էլ դա զգացիր, որ քո մեջ ի սկզբանե կա ինքդ քեզ բարձրացնելու, ամրացնելու, կրթելու, զարգացնելու ներուժը։

Այնպես որ, շատ բանով եմ պարտական նաև իմ անմիջական հրամանատարին։

-Ո՞րն է ամենադժվարը կին հրամանատարի համար։

-Մնալ քո դիրքում։ Չլինել որևէ մեկի նման, չհավասարվել որևէ մեկին։ Մնալ հայ աղջկա կերպարի մեջ։ Շատ են լինում դեպքեր, երբ ստիպված ես նաև տղամարդուն բնորոշ որակներ դրսևորել։ Բայց դա էլ է պետք. հարկ եղած դեպքում, ստիպված ես քեզ տղամարդու պես պահել,- ժպտում է Լուսինեն,- որպեսզի վերահսկողությունը, ղեկավարումը պահես քո ձեռքում։

-Ի՞նչ որակներ են պահանջվում քեզանից այս դեպքերում։

-Առաջին հերթին՝ հաստատակամություն. պետք է խոսքիդ տերը լինես։ Եթե ասել ես, ուրեմն, անկախ ամեն ինչից, այդպե՛ս պետք է լինի։ Խոսքդ կշիռ պետք է ունենա։ Հաջորդ ամենակարևոր որակը բարոյականությունն է՝ միշտ ու ամեն ինչում. թե՛ խոսքի, թե՛ վարքի, պահվածքի և թե՛ մտածելակերպի առումով։ Նաև անկեղծություն ու անմիջականություն է պետք դրսևորել, եթե զգում ես, որ ենթակադ  կարիք ունի իրեն հուզող խնդիրների շուրջ խոսելու, օգնություն, խորհուրդ ստանալու: Եթե զինվորի միտքը որևէ հոգեբանական խնդրով զբաղված է, նա չի կարող նորմալ ծառայել։ Հրամանատարի ամենակարևոր որակներից մեկն էլ գաղտնապահությունն է։ Որքան էլ դու այդ պահին զայրանաս զինվորիդ վրա, դու ոչ մի պարագայում քեզ չպետք է թույլ տաս ուրիշների ներկայությամբ բարձրաձայն խոսելու նրա անձնական խնդիրների մասին։ Ոչ մի դեպքում չպետք է որևէ նսեմացնող քայլ անես, դիպչես զինվորի ինքնասիրությանը:

Մնացած բոլոր հարցերում հրամանատարից իրադրային լուծումներ են պահանջվում, քանի որ հնարավոր չէ ծառայությունն ամբողջապես պլանավորել այնպես, որ ամեն ինչ ընթանա իր հունով՝ հարթ, առանց խնդիրների։ Հրաման է փոխվում, իրավիճակ է փոխվում. պետք է ամեն փոփոխվող իրավիճակի հետ բալանսը պահել։ Սա հրամանատարից մեծ ճկունություն է պահանջում։

-Զինվորական մանկավարժության մեջ կան որոշակի մեթոդներ և սկզբունքներ։ Դու որոնցո՞վ ես առաջնորդվում։

-Ամենից առաջ՝ սեփական օրինակի մեթոդով եմ առաջնորդվում։ Չեմ շարժվում կարգախոսներով։ Երբեք չեմ փորձում իմ զինվորին սովորեցնել այնպիսի մի բան, որ ինքս չեմ փորձել անել։

-Ինչպե՞ս է սկսվում և ավարտվում օրդ ուսումնական զորամասում։

-Եթե ամուսնացած ես, անձնական կյանքիդ մասին հիշում ես միայն ծառայողական օրն ավարտվելուց, տուն գնալուց հետո։ Մնացածների համար, ով ամուսնացած չէ, ինչպես ես, ինչ-որ առումով զորամասը դառնում է երկրորդ ընտանիքդ։  Առավոտյան բավական շուտ է սկսվում մեր ծառայությունը։ Եթե զորամասից դուրս, քաղաքացիական կյանքում լուրջ խնդիր ունես, զորամաս մտնելով, ակամա մոռանում ես դրա մասին։ Այնքան հագեցած է ծառայողական առօրյադ, որ մինչև երեկո, երբեմն նաև ուշ երեկո, չես կարողանում մտածել որևէ այլ բանի մասին։  Ենթակայությանդ տակ գտնվող զինվորների կրթական գործընթացը բավականին մեծ ժամանակ ու ջանքեր է պահանջում։ Ժամկետային զինծառայողների՝ հատկապես նորակոչիկների հետ աշխատանքը հեշտերից չէ։ Նրանք տարիքի բերումով դեռ սովորելու շատ բան ունեն։ Վարժեցնում ենք զինվորական պահանջներին հարմարվելուն, դաստիարակում ենք։ Ինչպես հիմքերը դրեցիր, այնպես էլ նրանց ծառայությունը կշարունակվի։

Լավն են մեր զինվորները։ Իհարկե, ամեն տեղում էլ բացառություններ լինում են, ունենում ենք խնդրահարույց, դժվար դաստիարակվող զինվորներ։ Բայց մեծամասնությունն, իհարկե, շատ լավն են։ Նրանց մեջ կան այնպիսիք, որոնց պատրաստակամությունը, ոգևորությունը, տրամադրվածությունը զինծառայության հանդեպ զարմանք են առաջացնում։ Ասում են. «Եկել ենք՝ լավ ծառայենք, մի դրական հետք թողնենք մեզանից հետո»։

-Ուսուցման, դաստիարակության ընթացքում ինչի՞ վրա եք դնում շեշտը։

-Առաջին բանը, որ անում ենք, միասին վերհիշում ենք մեր զորամասի, այնուհետև՝ մեր բանակի անցած ողջ ուղին, մեր ազգային հերոսներին, թվարկում նրանց գործած սխրանքները, վերլուծում։ Խոսում ենք մեր Հայրենիքի մասին։ Ի՞նչ է մեզ համար Հայրենիքը, ի՞նչ է պահանջվում մեզանից մեր երկիրը շենացնելու, հզորացնելու համար։ Հետո խոսում ենք ընտանիքի կարևորության մասին։ Չէ՞ որ, առաջին հերթին, յուրաքանչյուրս հենց մեր ընտանիքն ենք պաշտպանում։

Հետո զրուցում ենք, պարզում, թե մեր նորակոչիկներից յուրաքանչյուրն ի՞նչ նախասիրություններ ունի։ Փորձում ենք թափանցել յուրաքանչյուրի ներաշխարհը և հասկանալ, թե ծառայության մեջ ով ինչպես պետք է դրսևորվի, ինչ պարտականություններ ստանձնի։ Ըստ այդմ՝ փորձում ենք յուրաքանչյուր զինվորի սերը և պատասխանատվությունը շարժել զինծառայության հանդեպ։ Սպորտ, նկարչություն, երաժշտություն, քանդակագործություն, այս բոլորով զբաղվելու հնարավորություններ ունենք: Այսպիսով՝ զորամասը, ծառայողական միջավայրը ավելի հարազատ են դառնում զինվորի համար։

Ուսումնական նյութը մատուցելիս քիչ է միայն «սովորե՛ք» ասելը։ Մանրամասն բացատրում ենք՝ ինչը ինչից հետո է և ինչ նպատակով է արվում։ Կրակային, ֆիզիկական, մարտավարության դասընթացները դասավանդվում են ամենօրյա ռեժիմով։

Եվ ամենակարևորը՝ ամեն առավոտ թե՛ տողանների ժամանակ, թե՛ հետո, զրույցի ընթացքում ասում եմ. «Բոլորիս հույսը մենք ենք՝ զինվորականներս, հենց դո՛ւք եք, և ձեզնով է կերտվում մեր ապագան»։

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #06 (1519) 16.02.2024 - 23.02.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/02/2024