Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 100



ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 100Պարույր Սեւակը ծնվել է Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի անժամանակ մահից հետո նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Նրա կնքահայրը համագյուղացի Մադոյենց Խաչատուրն էր՝ այգեգործ մի մարդ, որ նորածնի անունը Պարույր էր դրել՝ ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն էր եղել ինքը՝ կնքահայրը։ Գրել ու կարդալ սկսում է հինգ տարեկանից, նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն, քանի որ տարիքը թույլ չէր տալիս, նրա հաճախումները ոչ օրինական էին, եւ ուսուցիչները նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով, միջնորդում են, որպեսզի թույլ տան նրան օրինական կարգով շարունակելու ուսումը։ Սեւակը շատ էր սիրում կարդալ, իսկ տասնմեկ տարեկանում սկսում է իր առաջին գրական փորձերը։ Սեւակի առաջին բանաստեղծությունը նվիրված էր Իվան Տուրգենեւի «Առաջին սեր» ստեղծագործության հերոսուհուն՝ Զինաիդային, սակայն սկզբնական շրջանում գաղտնի է պահում՝ բանաստեղծություն գրելը համարելով «անհատի ամենաթաքուն, ամենասրբազան, ամենաքրմական արարողությունը»։

Ծննդավայրը, հարազատ միջավայրը ամբողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի են մնում բանաստեղծի համար, այլեւ դառնում են ներշնչանք նրա սիրո, կարոտի, մայրական եւ հայրենասիրական երգերի համար։

Պարույր Սեւակի նախնիները, որ գաղթել էին Պարսկաստանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղից, հոգեւորականներ էին, եւ իր իսկ վկայությամբ՝ իրենց ազգանվանը «սերնդեսերունդ կպած է եղել «Տեր»-ը, որ հոգեւոր դասի պատվական տիտղոսն էր, ուսանել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում»։

«Ես՝ գաղտնիքս մեծ-ինքս փոքրիկ, արդեն վաղո՜ւց համոզված էի (ոչ թե երազում էի, այլ համոզված էի), որ դառնալու եմ «Էն «Գիքորը» գրողի պես մարդ (ինչպես մայրն էր մի անգամ ցանկացել), այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ … Աստված։ Եվ կյանքիս առաջին մեծ զարմանքն էր, թե որտեղից մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն։ Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես…»։  

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 1001940 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով դպրոցը՝ ընդունվում է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Եվ այդ տարիներին է, որ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները՝ Պարույր Սեւակ ստորագրությամբ։ Պատերազմի տարիներին գրականագետ, արվեստագիտության պրոֆեսոր Ռուբեն Զարյանը «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, որ դառնում է Պարույր Սեւակի գրական կեղծանվան «կնքահայրը»։ «Ես ցանկացա, որ Մեծ եղեռնի ժամանակ սպանված բանաստեղծը՝ Ռուբեն Սեւակը, իր ազգանունով ապրի այս նոր բանաստեղծի մեջ»։ Եվ այսպես Պարույր Ղազարյանը դառնում է Պարույր Սեւակ։ Իսկ Ռուբեն Զարյանը հեռացվում է աշխատանքից՝ Պարույր Սեւակի բանաստեղծությունները տպագրելու համար։ Ժամանակի գրաքննադատներին դուր չէր գալիս Սեւակի նոր ոճն ու մտածողությունը։

1945 թ. գերազանցությամբ ավարտելով Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, Պարույր Սեւակն ընդունվում է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայոց հին եւ միջնադարյան գրականության մասնագիտությամբ՝ դառնալով Կարո Մելիք-Օհանջանյանի ասպիրանտը։ 1967 թ. պաշտոնական ընդդիմախոսներ՝ Մորուս Հասրաթյանը, Ռուբեն Զարյանը, Ասատուր Մնացականյանը, Սուրեն Աղաբաբյանը առաջարկում են Պարույր Սեւակին միանգամից շնորհել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Ինստիտուսի գիտական խորհուրդն ընդունում է նրանց առաջարկն ու միաձայն որոշում՝ «Սայաթ-Նովա» մենագրության համար Պարույր Սեւակին շնորհել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 1001945-1949 թթ. աշխատում է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի հայկական կոմիտեում։

1949-1951 թթ. Պարույր Սեւակն աշխատում է «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես պոեզիայի բաժնի վարիչ։

1951-1955 թթ. Սեւակը սովորում է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում, իսկ 1955-1959 թթ. դասախոսում է նույն ինստիտուտում։

1966-1971 թթ. եղել է Հայաստանի Գրողների միության վարչության քարտուղար, ԽՍՀՄ VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

1971 թ. հունիսի 17-ին Պարույր Սեւակը զոհվում է ավտովթարից։ Գրողի մահվան մասին կան իրարամերժ շատ վարկածներ։ Նրան հուղարկավորում են հայրենի Չանախչի գյուղում, իսկ նրա հայրական տունը դառնում է տուն-թանգարան։ 2001 թ. հայրենի գյուղի կենտրոնում բացվում է նրա կիսանդրին։ Պարույր Սեւակի ծննդավայրից ոչ շատ հեռու հիմնադրվում է նրա անունը կրող մի նոր գյուղ՝ Երասխ-Եղեգնաձոր ճանապարհին մոտ։

***

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

 

Լավագույն ժպիտ ասվածը, անշո՛ւշտ,

Փա՛կ աչքերովն է:

 

Իսկ լավագույնը երազանքների՝

Բա՛ց աչքերովը:

 

Լավագույն երգը

Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

 

Լավագույն խոսքը

Լռության խորքում լռին ասածն է:

 

Լավագույն ազգը այն է, երևի ,

Որ չի ունենում հսկա կայսրություն:

 

Լավագույն հավատն այն է, որ երբեք

Չի դառնում կրոն:

 

Լավագույն դիմակն այն է, անկասկա՛ծ,

Որ կոչվում է դեմք:

 

Լավագույն դերը՝

Վա՛տ խաղացվածը:

 

Լավագույն սերը՝

Կիսա՜տ թողածը:

 

Լավագույն տանջված ու տառապածը

Վարդն է (երգերո՛ւմ):

 

Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜)

Մարդն է երևի:

 

Լավագույն մարդն էլ (ո՛չ մի երևի)

Ներեցեք… ես եմ…

 

13.III.1967թ.

Արզնի

***

Պարույր Սեւակ բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն:

Սեւակ թանկ է հային համար:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

 

Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեւակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…

…Պարույր Սեւակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»…

…Պարույր Սեւակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում…

ՎԱԶԳԵՆ Ա

Ամենայն Հայոց Կաթողիկոս

 

Իր մեծ նախորդների` Նարեկացու եւ Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ… Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչեւ Սփյուռքի հեռավոր ծայրերը…

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

 

Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ եւ օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտի, իր հույզերի լարը կգտնի:

…Ի՞նչ պատահեց քեզ եւ ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտե՝ տարածդ ի՛նչ էր…

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ

 

Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետեւ չէինք կարող բնությանը չսիրել…

Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում եւ չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

 

Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից…

Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

 

Կյանքում նա շատ անմիջական էր, բարի, զգայուն, բաց հոգու տեր մարդ: Նրա հետ շփվելը հեշտ էր ու հաճելի: Նրա միտքը, ողջ ինտելեկտը համազոր էին հայոց խորհրդանշական նահապետ Արարատի իմաստուն եւ ճերմակ բարձունքներին, նրա մարդկային եւ բանաստեղծական խառնվածքը լեռնային գետակի բուռն հոսք էր հիշեցնում…

Բուն հայկական խառնվածքի մարդ…

«Եղիցի լույս». նման ցանկություն, որ նա ընտրել էր իբրեւ խորագիր իր սքանչելի պոետական շարքի, իր հարազատ երկրին եւ ողջ աշխարհին կարող էր մաղթել միայն այն բանաստեղծը, որի սիրտը լի է բարությամբ, ազատությամբ, գեղեցկությամբ ու սիրով` դեպի մարդը: Դեպի այն մարդը, ում մեծագույն սիրով նա քնքշորեն տանում էր իր «ափի մեջ»` այնքան մոտիկ իր շռայլ սրտին: Նրա ամբողջ քնարերգությունն ու էպիկական ստեղծագործությունը թափանցված էր լուսակիր բարու եւ ազատության բերկրանքով:

ԷԴՈւԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ

 

Նա զգայուն էր ծաղկաթերթի, բառի, զգացմունքի հանդեպ…

Սեւակի բանաստեղծությունները կմնան: Նրանք շարունակում են հնչել եւ խորհել…

ԱՆԴՐԵՅ ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ

 

Նրա մեջ մի այրող բան կար: Բորբոքող, անկասելի, ձգող մի բան: Թուխ, լայնաշուրթ, լարված, զգայուն: Խոշոր աչքերում՝ մշտական անհանգստություն: Մշտասեւեռ վիճակ: Շատ կարեւոր մի մտքի հետամուտ մշտապես, որը կռահել չէի կարողանում: Պարույը Սեւակը այդպես էլ գաղտնիք մնաց:

ԼԵՎ ՕԶԵՐՈՎ

 

Պատրաստեց  ՀԱՍՄԻԿ  ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #08 (1521) 01.03.2024 - 08.03.2024, Հոգևոր-մշակութային


07/03/2024