ԳԻՏԵԼԻՔՆ Է ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԻՄՔԸ
Գիտելիքն ամեն ինչի հիմքն է: Գիտելիքն առաջին ինքնապաշտպանական միջոցն է…Սա գիտի ուսումնական զորամաս ոտք դրած յուրաքանչյուր կուրսանտ։ Զորամասում մասնագիտական կարճաժամկետ պատրաստություն են անցնում ինչպես տանկային ստորաբաժանումների մասնագետները, այնպես էլ հրաձգային ջոկերի հրամանատարները, սերժանտները, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող զինվորականները։
Գոռ Հակոբյանը պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում հատկապես մարտական հերթապահության կազմակերպման հարցում աչքի ընկած այն զինծառայողներից է, որ կարճաժամկետ սերժանտական պատրաստություն անցնելուց հետո որոշում կայացրեց ծառայությունը շարունակել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։ Եվ քանի որ ծրագիրը հնարավորություն էր ընձեռում անձամբ ընտրելու ծառայության վայրը, ինքն արդեն իսկ զինծառայության մասին պատկերացումներ ունենալով, երկրի պաշտպանության հարցում բանիմաց ու արհեստավարժ զինծառայողների դերն ու նշանակությունը կարևորելով՝ ընտրեց ուսումնական զորամասը։ Սերժանտ Հակոբյանն ուսումնական զորամասի հրահանգիչ է։
Ապագա տանկիստներ Սլավիկ Նազարեթյանն ու Դավիթ Շահումյանը դաշտային վարումներին մեծ խանդավառությամբ են սպասում, իսկ առայժմ լսարանային պայմաններում գործնական պարապմունքներ են անցկացնում:
Զինված ուժերի արդիականացման նոր փուլի համատեքստում ամենակարևորվող օղակներից մեկն էլ կրթության ոլորտն է։ Ուսումնական զորամասում մեկնարկած ծրագրային փոփոխությունները համակարգային բնույթ են կրում։ Կուրսանտների ուսումնառության գործընթացն առավել կազմակերպված ու արդյունավետ իրականացնելու համար ոչ միայն վերանայվում, լրացվում ու անհրաժեշտության դեպքում փոփոխության են ենթարկվում ուսումնամեթոդական ծրագրերը, այլև վերակառուցվում ու կահավորվում են մինչև անգամ ամբողջ ենթակառուցվածքներ։
Ժամանակակից չափանիշներով վերանորոգվել և շահագործման է հանձնվել զորամասի ճաշարանը, հաշվի առնելով տեղակայման վայրում խմելու ջրի որակական առանձնահատկությունները՝ անցկացվել է ջրի ֆիլտրման համակարգ։ Աբողջությամբ նորոգվել և կահավորվել է զորամասի ակումբը, որտեղ ազատ ժամերին զինծառայողները մշակութային միջոցառումներ են կազմակերպում, ռազմապարեր սովորում։
Շինաշխատանքներ իրականացվել են նաև գրադարանում, իսկ գրադարանային ֆոնդը համալրվել է ժամանակակից և թարմ գրականությամբ, ընթերցասրահը հարմար ու հաճելի վայր է, որտեղ նաև հանդիպումներ են կազմակերպվում մտավորականների, արվեստի գործիչների հետ, տարբեր թեմաներով բանավեճեր, ֆիլմերի դիտում-քննարկումներ են կազմակերպվում և այլն։ Հիմնովին բարեկարգվել ու նորովի կահավորվել է ֆիզիկական պատրաստության ավանը, արգելագոտին, շուտով շահագործման կհանձնվեն ֆուտբոլի դաշտը, վոլեյբոլի և թենիսի խաղահրապարակները, ամբողջությամբ կվերանորոգվի զորամասի բուժկետը։
Կուրսանտ Մարտին Միրզոյանը մինչև զորակոչվելը գերազանցությամբ ավարտել է Ճարտարագիտական համալսարանը, կրթություն է ստացել Չինաստանի, ապա՝ Իտալիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում: Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ոլորտի մասնագետ է, ծրագրավորող։
-Զորակոչվեցի, երբ 24 տարեկան էի: Ճիշտ կլիներ՝ ավելի վաղ պարտադիր ժամկետային ծառայության անցնեի, գուցե բանակում ֆիզիկական պատրաստությանն ավելի շատ ժամանակ տրամադրեի, այդ կերպ խնայելով նաև առողջությունս: Տարիներ առաջ զորակոչված ընկերներից լսածի հետ տեսածը քիչ աղերսներ ունի։ Առաջինը, որ հաճելի է, զորակոչվող տղաների շարքերում ինտելեկտուալները քիչ չեն, որոնց ներկայությունը ավելի հետաքրքիր է դարձնում առօրյան, օգնում առավել բարձր գիտակցությամբ վերաբերվելու ժամանակակից մարտահրավերներին,- ասում է Մարտինը:
Անզեն աչքով է տեսանելի, որ բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար ուսումնական զորամասում ստեղծված են բոլոր հնարավորությունները, անընդհատ բարեկարգվում և բարելավվում են կրթության ու կեցության համար նախատեսված պայմանները:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #08 (1521) 01.03.2024 - 08.03.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում