ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
Մարդկության արդար կեսի ներկայացուցիչներն անհրաժեշտ են մարտի դաշտում, որպես մարտիկների հոգեբանական աջակցության միջոց, նրանց աչքի առաջ մարտիկը չի կարող նահանջել, վախկոտություն ցուցաբերել կամ լքել ռազմադաշտը:
ՊԼԱՏՈՆ
Զինվորական ծառայությունը նախկինում ընկալվում էր զուտ որպես տղամարդկային տիրույթ, սակայն ժամանակի հետ կոտրվում են կարծրատիպերը…
Այսօր աշխարհում այնպիսի երկրներ կան, որտեղ պարտադիր զինվորական ծառայությունը պարտադիր է ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց համար, ծառայության ծանուցագիր գալիս է նաեւ գեղեցիկ սեռին՝ Իսրայել, Նորվեգիա, Թայվան, Հյուսիսային Կորեա…
Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն կանանց համար. ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։
Ծառայության ժամկետը վեց ամիս է, ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։
Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում նրանք կստանան պատվովճար՝ վեց ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ նշված գումարը վեց ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։
Վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, ցանկության դեպքում, նրանք կարող են ծառայությունը շարունակել նաեւ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել հինգ տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ այդ դեպքում, բնականաբար, օգտվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր արտոնություններից:
«Հայ զինվորը» պարբերաբար հարցախույզ է իրականացնում՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն ծրագրի վերաբերյալ։
Երբ ընթերցեցի Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը, զարմանքով բացահայտեցի, որ Խորհրդային Միության կազմում Երկրորդ աշխարհամարտին կապավորի, սակրավորի և այլ ստորաբաժանումներում մասնակցել է ավելի քան հինգ հարյուր հազար կին: Սրա մասին քիչ է խոսվում, սակայն կանայք միշտ էլ իրենց ավանդն ունեցել են հայրենիքի պաշտպանության գործում:
Ռազմական գործողությունների ժամանակ, չմարող հակամարտությունների այս անծիր շղթայում, հայկական զինված ուժերի կազմում եւս ունեցել ենք հերոսացած հայուհիներ, որ կյանքի գնով պաշտպանեցին իրենց վստահված սահմանը:
Հայերս շատ գեղեցիկ ու բնորոշ ասացվածք ունենք՝ «Առյուծն առյուծ է, լինի էգ, թե որձ»: Սրանում շատ մեծ ճշմարտություն կա, խորքային իմաստ:
Հիշում եմ, երբ օրենքի նախագիծն ընդունվեց, շատերն այն ինձ էին ուղարկում՝ երբեմնի երազանքս այլևս իրականություն է, պարզապես օրենքում սահմանափակում կա՝ 18-27 տարեկան տարիքային խմբի կանանց և աղջիկներին է վերաբերում:
Այսօր շատ մեծ հետաքրքրություն կա կանանց շրջանում ռազմական գործի վերաբերյալ՝ դրա մասին են վկայում ռազմաուսումնական հաստատություններում նրանց աճող թվաքանակը: Կանանց առանձնացված գումարտակի ստեղծումը նոր իրողություն է և ինստիտուցիոնալ մակարդակում թույլ կտա կազմակերպել կանանց զինծառայությունը՝ կամավոր սկզբունքով: Սակայն շատ կարևոր է դրա «պարտադիր» բաղադրիչը, քանի որ այս որոշմանը գալը չպիտի լինի ինքնաբուխ կամ էմոցիաների ազդեցության տակ: ԶՈՒ- ում ծառայությունը ոչ միայն պատասխանատվություն և պարտականություն է ենթադրում, այլև այն բարձր գիտակցումը, որ այն պարզապես գործ չէ, այլ սրբազան առաքելություն, ուստի, նրանք, ովքեր կհանգեն այդ համոզմանը, կցանկանամ, որ շատ խորը և հանգամանալից կայացնեն իրենց որոշումը:
Կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայությունը կնպաստի նաև վերջիններիս ներգրավվածության բարձրացմանը ռազմական գործին, կարիերայի ստեղծմանը և մրցունակ աշխատավարձին:
Արմինե Պողոսյան
ՀՀ ԱՍՀՆ ավագ մասնագետ
Յուրաքանչյուր հայ՝ լինելով աղջիկ, թե տղա, կին, թե տղամարդ, պետք է տիրապետի ռազմական ունակություններին։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ հնարավորություն տրվի նաև կանանց ծառայելու, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանանք զորավիգ լինել մեր զինվորներին։
Կառավարության որոշումը՝ հրավիրել կանանց ծառայության, ողջունելի է, քանի որ շատ կանայք ոչնչով չեն զիջում տղամարդկանց թե՛ ուժով և թե՛ հմտություններով եւ ինչու չէ՝ շատ գեղեցիկ ու հմայիչ են նաև զինվորական համազգեստով:
Եկատերինա Վասիլյան
լուսանկարիչ
Անհերքելի փաստ է, որ այսօր բանակի մաս կազմելու ցանկություն ունեցող կանանց թիվն աճում է: Նկատելի է, որ այդ մղումը ոչ միայն անհրաժեշտաբար է, այլև գիտակցաբար՝ պետականահեն մտածողությամբ:
Բանակի մաս կազմող կինը հարգանք վաստակելը նշաձող պետք է սահմանի իր համար և «ռազմական համայնքում» իր օրինակելի տեղն ունենալու համար պետք է կարգապահ լինի, կիրթ, քաղաքակիրթ, մասնագիտական վարժ հմտությունների, վարքային բարձր արժեքների կրող, էթնոբարոյական և էթնոհոգեբանական օրինակելի նկարագրով:
Ըստ իս՝ կանանց զինվորագրումը պետք է լինի բացառապես կամավոր սկզբունքով՝ հաշվի առնելով էթնոհոգեբանական տարատեսակ առանձնահատկություններ:
Էլինա Միրզոյան
բ.գ.թ., ավագ դասախոս
Թերթենք մեր պատմության էջերը, երբ վտանգվել է հող հայրենին, հայ կինն առանց վարանելու կանգնել է տղամարդկանց կողքին, աչքի ընկել ոչ պակաս խիզախությամբ։ Ուրեմն այսօր եւս ինչու չօգտագործել նրանց ներուժը, միանշանակ՝ կանայք էլ պիտի մասնակցեն երկրի պաշտպանությանը:
Շատ աղջիկներից եմ լսել, որ ցանկանում են համազգեստ կրել, ծառայել հայրենիքին։ Կարծում եմ՝ կանայք եւս պետք է տիրապետեն զենքի կիրառմանը, թեկուզ հենց ինքնապաշտպանվելու առումով։
Սառա Քիրաջյան
դիզայներ
Նորություններին հետեւելիս իրազեկվել էի, որ աղջիկները եւս կարող են կամավոր հիմունքներով պարտադիր ծառայության անցնել, հեռուստացույցով էլ վերջերս ցուցադրվեց ծառայության այդ ձեւաչափն ընտրած աղջկա երդումը:
Անկեղծ ասած՝ եթե նախկինում հարցնեին իմ մոտեցումը՝ բանակում կանանց ներգրավվածության մասին, սկզբունքորեն դեմ կարտահայտվեի, պատճառաբանելով՝ հայ կնոջը հարիր չէ զենք վերցնել և գնալ ծառայության, բայց, հաշվի առնելով ներկա իրավիճակը, տարբեր զարգացումները, համոզվում եմ, որ դա ժամանակի պահանջ է, ու բանակը ուժեղ կարող են դարձնել նաև կանայք և աղջիկները։
Կարևոր է, որ կամավոր հիմունքներով է, ոչ պարտադիր, այսինքն՝ ծրագրին մասնակցությունը աղջիկների գիտակցված մոտեցումն է, ծառայությունն էլ վարձատրվում է։ Վստահ եմ՝ ցանկացողներ շատ կլինեն։
Տաթեւիկ Տատյան
մանկավարժ
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #09 (1522) 08.03.2024 - 15.03.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում