Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ



ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԱլինա Հովհաննիսյանը Արմավիրի մարզի Լուկաշին գյուղից է: Մեր զրույցը պատերազմով անցած, իր երկրի ու զավակների ճակատագրով մտահոգ, ուժեղ, արժանապատիվ հայ կնոջ դժվար ճանապարհի, դժվար ընտրության, դժվար որոշումների պատմությունն է, նրա սրտացավ-ազնիվ մտորումները…

 

-Ձեր երկու որդիներն էլ բանակի գերազանցիկ են եղել, երկուսին էլ առաջարկել են ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետ մնալ բանակում, սպա դառնալ: Ես մտածում եմ, որ զավակների առաքինությունները առաջին հերթին ծնողների ձեռքբերումն է: Ինչպիսի՞ն էին Ձեր որդիները մանկության տարիներին և ինչպիսի՞ն են հիմա, ի՞նչ եք փոխել նրանց բնավորության մեջ: Դրական հատկանիշները բնատո՞ւր են, թե՞ դաստիարակության արդյունք:

-Իմ տղաները սովորական երեխաներ էին: Ե՛վ դրական հատկանիշներ ունեին, և՛ բացասական: Փոքր ժամանակ բնավորությամբ շատ էին տարբերվում իրարից, հետզհետե մոտեցան: Ու դա բնական է. նույն ընտանիքում էին ապրում, նույն դաստիարակությունն էին ստանում: Հովհաննեսն ինքնամփոփ էր, քչախոս, լուրջ: Հազվադեպ էր ժպտում: Ինքն էր՝ իր էլեկտրական լարերը, իր լամպերն ու լույսերը: Երբ արդեն դպրոցական էր, բնավորության նոր գծեր ի հայտ եկան՝ պարտաճանաչություն, պատասխանատվություն: Հովհաննեսը չափավոր էր, զուսպ, մի քայլ անելիս հարյուր անգամ մտածում էր, որովհետև խուսափում էր խնդիրներից:

-Ձեզ դո՞ւր են գալիս չափավոր մարդիկ:

-Ես սիրում եմ առավելագույնի ձգտող մարդկանց, էությամբ առաջնորդներին, որոնք չեն խուսափում համարձակ, ռիսկային քայլերից ու դրանից բխող հետևանքներից: Բայց դա ընդամենը իմ նախասիրությունն է: Երբեք չեմ փորձել ճնշել երեխաներիս անհատականությունը, անհարկի չեմ ուղղորդել: Շատ կուզենայի, որ երկու որդիներս էլ դպրոցում գերազանցիկ լինեին, բայց նրանք սովորել են այնքան, որքան ներել է ընդունակությունը: Ես չեմ ստիպել: Փոխարենը, ջանացել եմ, որ պատասխանատու լինեն իրենց յուրաքանչյուր քայլի համար, որքան էլ դժվար լինի, սեփական ուժերով ուղղեն իրենց սխալների հետևանքները, լցված լինեն այնպիսի մարդկային որակներով, ինչպիսիք են՝ կարեկցանքը, ազնվությունը, աշխատասիրությունը, մարդկանց օգնելու պատրաստակամությունը:

-Ի՞նչ է նշանակում՝ ջանացել եմ:

-Ջանացել եմ նշանակում է՝ չեմ ծուլացել, անտարբեր չեմ եղել, չեմ ժլատացել: Քարոզները ոչինչ չեն տալիս երեխային. նա տեսնելով է սովորում: Սա անվիճելի ճշմարտություն է:

-Հայկի մասին էլ պատմեք:

-Հովհաննեսը դպրոցում ավելի լավ էր սովորում, քան Հայկը: Մտածում էի՝ Հայկը արհեստ կսովորի, գուցե կհետևի հորը ու փականագործ կդառնա: Բայց Հովհաննեսն ընդունվեց Պետհամալսարանի ռադիոֆիզիկայի բաժինը, իսկ Հայկը որոշեց դիմել դեղագործական քոլեջ: Ընդունվեց, սովորեց, ավարտեց: Հետո ուսումը շարունակեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, որ փրկարար դառնա:

-Դեղագործ և փրկարա՞ր…

-Հայկը մի շատ ընդգծված առաքինություն ունի՝ մարդկանց օգնելը: Իմ կարծիքով՝ շատ ճիշտ մասնագիտություններ է ընտրել, իր էությանը հարիր: Դեղն էլ է, չէ՞, փրկում… Հիմա Հայկը ուսումը կիսատ է թողել, որովհետև անհրաժեշտ է, որ աշխատի և օգնի ընտանիքին: Բայց երբ կարողանանք լուծել մեր ֆինանսական խնդիրները, Հայկը կվերադառնա ակադեմիա, կշարունակի ուսումը, կավարտի ու կսկսի օգնել վտանգված մարդկանց:

-Իսկ Ձեր որդիները ինչպե՞ս էին տրամադրված զինծառայության հանդեպ:

-Իմ տղաները գիտեին, որ պետք է պաշտպանեն երկիրը՝ առանց բարձրագոչ բառերի ու հուզառատ տեքստերի: Սա անքննարկելի պարտականություն է, այլընտրանք չկա, որքան էլ դժվար լինի: Սա այն պարտաճանաչությունն ու պատասխանատվությունն է, որի մասին խոսում էի: Այո՛, երկու որդիներս էլ բանակի գերազանցիկ են եղել, ծառայության վերջում երկուսին էլ առաջարկել են մնալ բանակում, դառնալ սպա: Բայց, եթե իրենց հարցնես, կասեն՝ սովորական զինվոր էինք, մեր պարտականություններն էինք կատարում: Ու ես համամիտ եմ:

-Լավ տղաներ ունեք:

-Հովհաննեսն ու Հայկը զորացրվեցին, չշարունակեցին զինծառայությունը, զինվորական չդարձան, որովհետև ուրիշ նախասիրություններ ունեին. Հովհաննեսը իր միկրոէլեկտրոնիկան, Հայկը՝ փրկարարի գործը:

Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Հովհաննեսը ավագ սերժանտ էր ու դասակի հրամանատարի տեղակալ: Նրա զինվորական մասնագիտությունը հակատանկային պաշտպանությունն է, զենքը՝ ֆագոտը: Ամբողջ պատերազմի ընթացքում Հովհաննեսի հետ խոսելիս ես միայն մեկ անգամ եմ կրակոցի ձայն լսել: Մինչդեռ նա ամենաթեժ ճակատներից մեկում էր կռվում: Մի անգամ այնպիսի դղրդյուն լսվեց, որ ես սարսափեցի: Հովհաննեսը ամբողջ պատերազմը անցավ լուռ, զուսպ, ամուր:

-Իսկ պատերազմից հետո՞…Շա՞տ էր փոխվել:

-Արտաքուստ չէր փոխվել. նույն քչախոս, բարեսիրտ, ներամփոփ, ազնիվ տղան էր: Ոչինչ չէր պատմում: Մենք ինչ-ինչ մանրամասներ նրա մարտական ընկերներից ենք իմացել: Բայց մի անգամ՝ հոկտեմբերի 11-ին, խանութում ասաց՝ շատ քաղցրավենիք գնիր: Հարցրի՝ առիթ կա՞: Իմ երկրորդ ծննդյան օրն է՝ պատասխանեց: Երբ տուն եկանք, պատմեց, որ հակառակորդի արձակած արկի կրակը ոչնչացնելով եկել է ու իրեն չհասած՝ ավարտվել: Կողքին կանգնած զինվորը զոհվել է, ինքը ողջ է մնացել:

Կարիք կա՞ պատմելու, թե այսքանից հետո ինչ ծանր ապրումներով ու տագնապներով բանակ ճանապարհեցինք Հայկին:

-Հայկն էլ էր տագնապա՞ծ:

ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ-Չէ՛, Հայկը խաղաղ էր, բայց դա ոչ թե լավատեսության խաղաղություն էր, այլ գիտակցված ընտրության: Անկախ հնարավոր վտանգներից՝ երկիրը պետք է պաշտպանել….Երբ այս միտքը իշխում է բոլոր հույզերին, մարդը ակամա խաղաղվում է:

Հայկը կապի դասակում էր ծառայում: Մի քանի անգամ խրախուսական արձակուրդ ստացավ ծառայության ընթացքում: …Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ նա առճակատման կիզակետում էր:

-Այսքանից հետո կյանքը պիտի որ այլ իմաստ, այլ գույներ, այլ երազանքներ հուշի..

-Ուզում եմ, որ որդիներս առավելագույնս պիտանի լինեն երկրին, իրենց շրջապատող մարդկանց: Ուզում եմ՝ ապրեն Հայաստանում, սիրած գործով զբաղվեն: …Ու որ 44-օրյա պատերազմի մղձավանջը չկրկնվի, պիտի մեր երկիրն ու բանակը զորացնելու գործին յուրաքանչյուրս տանք մեր բաժինը, ոչինչ չխնայենք բանակի, ասել է՝ մեր անվտանգության համար:

-Դուք ոչ մի անգամ չգործածեցիք հայրենիք ու հայրենասիրություն բառերը:

-Իմ կարծիքով՝ բառեր կան, որ պիտի հազվադեպ հնչեն, հատուկ առիթներով, արտասովոր իրադարձություններ նկարագրելիս: Մեր զրույցին պարտաճանաչություն ու պատասխանատվություն բառերն էին հարմար:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (1522) 08.03.2024 - 15.03.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


18/03/2024