Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՄՈՏԵՑՈՒՄ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ



ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՄՈՏԵՑՈՒՄ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՏարբեր առաջատար երկրների զինված ուժերի փորձը ցույց է տալիս, որ սպայական կազմի կողքին կայացած սերժանտական օղակի շնորհիվ գործընթացները ստանում են կրկնակի արդյունավետություն, կրճատվում է խնդիրների կատարման ժամանակը, ռեսուրսներն առավել արդյունավետ են ծախսվում:

-Սերժանտական համակարգը կարեւոր դերակատարում ունի մեր բանակում: Սերժանտն այն կապող օղակն է, որ զինվորի խնդիրը փոխանցում է հրամանատարին, հրամանատարի հրամանը փոխանցում զինվորին։ Սպան պլանավորողն է, առաջնահերթություններ սահմանողը, իսկ իրականացնողը սերժանտն է, որ պետք է լինի պատրաստված, բազմակողմանի կրթված ու զարգացած, որովհետև հենց սերժանտն է նախնական գիտելիքներ, ապա նաև խորացված ռազմական գիտելիքներ փոխանցում զինվորին,- նշում է մայոր Մուրադ Խաչատրյանը։

Մայոր Խաչատրյանը արդեն 20 տարի ծառայում է զինված ուժերում: Ժամկետային ծառայությունից հետո պայմանագրային ծառայության է անցել խաղաղապահ ուժերի բրիգադում, խաղաղապահ առաքելություն իրականացրել Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Կոսովոյում:

Ներկայումս ենթասպաների, հրահանգիչների և արհեստավարժ սերժանտների պատրաստման դպրոցի սերժանտների պատրաստման խմբի պետ-ավագ հրահանգիչն է։

Ենթասպաների, հրահանգիչների և արհեստավարժ սերժանտների պատրաստման դպրոցի նպատակն է պատրաստել արհեստավարժ սերժանտների՝ ջոկի հրամանատարների, որ ունակ կլինեն խաղաղ պայմաններում արդյունավետորեն զբաղվել անձնակազմի դաստիարակությամբ, իսկ պատերազմի ժամանակ առաջնորդել ջոկը առաջադրված խնդիրը հաջողությամբ կատարելուն։ Ծրագիրը միտված է ամուր հիմքերի վրա դնելու սերժանտական առաջին պաշտոններ զբաղեցնող զինծառայողների պատրաստության գործը, վարժանքների, կրթության միջոցով պատրաստել կրտսեր հրամանատարների։

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՄՈՏԵՑՈՒՄ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ-Ուսումնառության մասնակիցները տարբեր զորամասերից են եկել, դեռեւս առաջին հոսքն է։ Ծրագրի սահմանված ժամանակահատվածի 30 տոկոսը տրամադրվում է ուսուցանվողների կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, իրավագիտակցության, պետական մտածողության ձեւավորմանը, 70 տոկոսն էլ՝ մարտական պատրաստության առարկաների յուրացմանն ու մեթոդական պատրաստությանը, միաժամանակ զարգացնելով առաջնորդին բնորոշ որակներ,- ընդգծում է մայոր Խաչատրյանը։ -Դպրոցում դասերը միայն տեսական ուսուցմամբ չեն սահմանափակվում, այլ նաև ամրապնդվում են գործնականորեն. տարբեր մասնագիտական առարկաներից պարապմունքներն անցկացվում են մասնագիտացված զորամասերում, ասենք՝ ինժեներական պատրաստությունը՝ համապատասխանաբար ինժեներական զորամասում… Ծրագրում հետաքրքիր թեմաներ են ներառված. հասարակական-պետական պատրաստության դասընթացները զորամասից դուրս ենք անցկացնում, ձգտում ենք տարաբնույթ միջոցառումներով լրացնել նաեւ զինծառայողների հոգևոր-մշակութային պահանջները, տարբեր թանգարաններ ենք այցելել, հոգեւոր կենտրոններ: Մի խոսքով, արվում է հնարավորը, որ ուսուցանվողների համար դասընթացը անցնի հետաքրքիր՝ «չոր» սեղմագրերի փոխարեն տրամաբանական խաղեր, պրեզենտացիաներ…

Առաջիկայում վերջնական քննություններն են՝ մարտավարական պատրաստություն, կրակային, ֆիզիկական, համազորային կանոնադրություն եւ զինվորական առաջնորդություն առարկաներից։ Քննությունները հանձնելուց հետո ծրագրի մասնակիցները՝ որպես կրտսեր հրամանատարի որակավորում ստացած ջոկի սերժանտներ, կվերադառնան իրենց մշտական տեղակայման զորամասեր:

Այս դասընթացի ավարտով բնականաբար չի ավարտվի մեր աշխատանքը: Նախատեսել ենք ժամանակ առ ժամանակ այցելել իրենց զորամասեր՝ անմիջականորեն տեսնելու եւ գնահատելու հետագա արդյունքները: Մեր բոլոր ջանքերը նպատակաուղղված են սերժանտական համակարգի բարելավմանն ու կայացմանը:

-Տարբեր երկրների փորձն էլ է ուսումնասիրվում, և ներառվում է այն ամենը, ինչը համարվում է հաջողված և կիրառելի մեր զինված ուժերի համար,- հավելում է սերժանտների պատրաստման խմբի սպա-հրահանգիչ, լեյտենանտ Դավիթ Հովհաննիսյանը: Երիտասարդ սպան եղել է Ֆրանսիայում, Չեխիայում, մասնակցել հրահանգիչների դասընթացներին:

-Արհեստավարժ սերժանտ հայեցակարգը մի քանի տարի է, ինչ կիրառության մեջ է դրվել ԶՈՒ-ում, որի դերը առավել պատկերավոր նկատելի է արևմտյան բանակներում։ Արհեստավարժ սերժանտ հասկացությունն իր մեջ ներառում է այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ գիտելիքը, փորձը, հմտությունները, առաջնորդի որակներ ունենալը, ինչը մեծապես կարևորվում է ենթակա անձնակազմի հետ փոխհարաբերություններում։ Արհեստավարժ սերժանտ հայեցակարգը մեծապես նպատակաուղղված է սերժանտական կարիերայի ձևավորմանը, ինչը իրենից ենթադրում է, որ սերժանտի ծառայողական առաջխաղացումը չի սահմանափակվում մինչև վաշտի սերժանտ պաշտոնով, այլ հնարավորություն է տրվում հետագա ծառայությունը շարունակելու գումարտակի եւ գնդի սերժանտի պաշտոնում։ Այսինքն՝ եթե մի ժամանակ սպաներին հնարավորություն էր տրվում կարիերայի առաջխաղացման, իսկ սերժանտների առաջխաղացման հնարավորությունը սահմանափակ էր, ապա այլևս այդ խնդիրը չկա։ Նշեմ նաև, որ արհեստավարժ սերժանտների դերը մեծ է ՀՀ ԶՈւ-ում, և նոր հայեցակարգի մշակումը է՛լ ավելի մեծ կարևորություն է տալիս սերժանտական համակարգի ընդլայնմանը,- շեշտում է Դավիթն ու շարունակում,- ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների բանակներում ունեցած այցի արդյունքում պարզ դարձավ, որ սպայական կազմը հիմնականում զբաղվում է ուսումնական գործընթացի պլանավորմամբ, իսկ սերժանտական կազմը ապահովում է գործընթացի կենսագործումը։ Հայկական իրականության հետ համեմատական անցկացնելով հասկացա, որ գրեթե չի տարբերվում սերժանտների դերը, սակայն, ինչպես արդեն նշեցի, մեր պարագայում սերժանտական կարիերայում առաջխաղացումը սահմանափակված էր, իսկ այժմ խնդիրը լուծված է նաև օրենսդրական մակարդակում։ Սերժանտները համարվում են նաև կապող օղակ զինվորների և սպաների միջև, և նրանց միջոցով են կարգավորվում շատ հարցեր, ինչպիսիք են կենցաղային, կարգապահական և առօրյա այլ հարցերը, ինչին նպաստում է նաև սերժանտների ունեցած պարտադիր ժամկետային ծառայության փորձը։ Լինելով սերժանտների պատրաստության գործընթացի մասնակից սպա, կարևոր եմ համարում սերժանտներին ուսուցանել ինչպես մարտական պատրաստության հիմնական առարկաները, այնպես էլ ձևավորել նրանց մոտ հասարակական և պետական մտածողություն, արագ կողմնորոշվելու ունակություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտություն, ինչը հնարավորություն կտա բարդ և արագ զարգացող իրավիճակներում որոշումների հապճեպ ընդունմանը, լինի դա խաղաղ պայմաններում, թե պատերազմական իրավիճակում, քանի որ հանգամանքները ցույց տվեցին, որ մարտի դաշտում գործողությունների դինամիկան արագ զարգացող է, և մեզ պետք են լարված իրավիճակներում արագ և ինքնուրույն որոշումներ ընդունող հրամանատարներ, որտեղ առաջին տեղը գրավում են սերժանտները։

***

Ջոկի հրամանատար, սերժանտ Էդուարդ Բոյախչյանցը ծրագրի առաջին մասնակիցներից է։ Արդեն տասներեք տարի սահմանային զորամասում է ծառայում։

-Իհարկե, կարող էի ուրիշ մասնագիտություն ընտրել, բայց մեր ժամանակներում ամենից կարեւորն ու առաջնահերթը մեր պետության սահմանների պաշտպան լինելն է՝ ամուր եւ պաշտպանված հողի վրա են իրականանում բոլոր երազանքները։ Հայրս էլ պահեստազորի ենթասպա է. պատահում էր՝ ինքը դիրքից իջնում էր, ես էի կանգնում դիրքում, ես էի իջնում, ինքն էր ինձ փոխարինում,- հիշում է Էդուարդը:

Նա ընդգծված գոհունակությամբ է խոսում ծրագրից:

-Հաշված օրեր անց կավարտենք արհեստավարժ սերժանտների դասընթացը: Բազմաթիվ լավ դրույթներ կան, որոնցից մեկն էլ ոչ բարձրագույնավարտ զինվորականներին ծառայողական առաջխաղացման համար տրված հնարավորությունն է: Բազմազբաղ ու հագեցած է անցել ամեն օրը, իրապես կենսունակ եւ արդյունավետ ծրագիր է, նպաստում է առավել հմտանալու, կայանալու որպես բանիմաց մասնագետ, միաժամանակ ենթադրելով նաեւ առավել մեծ պատասխանատվություն: Ամեն մեկս էլ անհատապես կարեւորում ենք մեր դերը, մեր մասնաբաժինը մեր երկիրը հզորացնելու եւ ամրացնելու գործում: Ու թե ամեն մեկն իր տեղում իր գործն արհեստավարժ ու նվիրումով կատարի, հաստատ կուժեղանան բանակն ու երկիրը,- ասում է մարտական գործողությունների մասնակից սերժանտ Էդուարդ Բոյախչյանցը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #10 (1523) 15.03.2024 - 22.03.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/03/2024