Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՏԱԼԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ



ԻՏԱԼԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸՏԻԳՐԱՆ ՄԻԿԵԼԵ ՇԻՐԻՆՅԱՆ

 

Գիտատեխնիկական և պաշտպանական գաղտնագրման պատճառով շատերին անհայտ է մեր նշանավոր հայրենակցի՝ իտալական ռազմական օդուժի գեներալ, պրոֆեսոր Տիգրան Միկելե Շիրինյանի անունը, որը Իտալիայի տիեզերագնացության հիմնադիրներից է։

Տիգրան Միկելե Շիրինյանը ծնվել է 1923 թվականի մարտի 12-ին Կոստանդնուպոլսում Հայոց ցեղասպանությունը վերապրած կեսարացի Միհրան և Եղիսաբեթ Շիրինյանների ընտանիքում։

Սան Միշել դպրոցն ավարտելուց հետո 1942 թվականին Պոլսի պապական նվիրակ Անջելո Ռոնալդիի միջնորդությամբ (որն, ի դեպ, հետագայում դառնում է Հռոմի Պապ) տեղափոխվում է Իտալիա՝ Միլան, և ապաստանում հորաքրոջ՝ Քեհյանների ընտանիքում։

Տիգրան Շիրինյանն ավարտելով Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը, մեկնում է Հռոմ։ Տարվելով ավիացիոն ինժեներիայով՝ Լա Սապիենցա համալսարանում ստանում է ավիացիոն ինժեների երկրորդ որակավորումը։ Իր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ Տիգրան Շիրինյանը կարճ ժամանակամիջոցում գիտական լուրջ ձեռքբերումներ է ունենում տիեզերական ճարտարագիտության և իտալական ռազմական օդուժի բնագավառում։

Ստանալով Իտալիայի քաղաքացիություն՝ Շիրինյանը դառնում է Իտալիայի ռազմաօդային ուժերի սպա։ Իր ուսումնառության տարիներին Շիրինյանին բախտ է վիճակվում ծանոթանալու Իտալիայում ճանաչված պրոֆեսոր Լուիջի Բրոլոյի հետ, որը իր ավիացիոն նախագծերից մեկի աշխատանքներն իրականացնելու համար երիտասարդ գիտնականների էր փնտրում։ Տիգրան Շիրինյանի և իտալացի պրոֆեսորի հանդիպումը ճակատագրական է լինում հայ երիտասարդի համար։ Շիրինյանն ընդգրկվում է իտալական առաջին արբանյակի՝ «San Marco-1» տիեզերական ծրագրի նախագծման խմբում։

1959 թվականին մեկնարկած իտալական տիեզերական ծրագիրն ստանում է «San Marco» անունը, որ պատահական չէր ընտրվել։ Սան Մարկոն Սուրբ Մարկոսն է (Մարկոսի Ավետարան), որ ըստ հին հռոմեական պատկերագրության և գրավոր աղբյուրների՝ պատկերվում էր թռչող առյուծի կերպարանքով, որ սկզբում պատկերվում է Վենետիկի դրոշի, այնուհետև միացյալ Իտալիայի դրոշի վրա։

ԻՏԱԼԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸՄեր հայրենակից Տիգրան Շիրինյանը մեծ ներդրում է ունենում իտալական առաջին տիեզերական ծրագրի իրականացման գործում։ Ըստ այդ ծրագրի՝ Քենիայում (Աֆրիկա)՝ Հնդկական օվկիանոսի ափամերձ տիեզերակայանից 1964 թվականի դեկտեմբերի 15-ին բաց տիեզերք է ուղարկվում իտալական առաջին «San Marco» արբանյակը։ Ինչպես նշում են ժամանակի լրատվամիջոցները՝ շնորհիվ Տիգրան Շիրինյանի և պրոֆեսոր Լուիջի Բրոլիոյի, Իտալիան այդ ժամանակ կանգնում է տիեզերքը նվաճող Խորհրդային Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողքին՝ որպես տիեզերքը նվաճած գերտերություն։

1967 թվականին Շիրինյանն ավարտում է երկրորդ արբանյակի՝ «San Marco-2»-ի ստեղծման ու նախագծման աշխատանքները։ Ի դեպ, «San Marco» արբանյակն աշխարհում առաջինն է տիեզերք արձակվել ծովային հարթակից։

Տաղանդավոր հայ գիտնականի հաջողությունը չէր կարող վրիպել ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ) ուշադրությունից և նրան հրավիրում են համագործակցելու և Տեխասում թռիչքի պատրաստելու «Scout» փոխադրող տիեզերանավը։

1988-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Տիգրան Շիրինյանի նախաձեռնությամբ Իտալիայի կառավարությունը ձեռք է բերում և Հայաստան է առաքում «Villagio Italia» տնակային թաղամասը, ինչպես նաև անհրաժեշտ շինանյութ՝ աղետի գոտին հնարավոր կարճ ժամանակահատվածում վերականգնելու համար։

Իտալիայի Բերգամո քաղաքի եկեղեցական Frati Comilliani հաստատությունը Աշոցքի շրջանում բացում է հիվանդանոց, որտեղ Տիգրան Շիրինյանի հովանավորությամբ ստեղծվում է լաբորատորիա՝ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։

ԻՏԱԼԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ1995 թվականին Տիգրան Միկելե Շիրինյանն առաջին անգամ կնոջ՝ Նաձարենա Մոսկատելիի, և երկու դուստրերի՝ Աննայի և Իզաբելայի հետ այցելում է Մայր հայրենիք, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հրավերով հյուրընկալվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

1999-2001 թթ., Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Տիգրան Շիրինյանը իրականացնում է Pregetto Tempus Tacis տիեզերագիտական նորագույն ծրագիրը։ Սակայն անժամանակ վրա հասած ծանր հիվանդությունը խափանում է մեր հայրենակցի ծրագրերը և նրա հայանպաստ եռանդուն գործունեությունը։

Տիգրան Միկելե Շիրինյանը վախճանվում է 2003 թվականի դեկտեմբերի 11-ին, Հռոմում։

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ 2005 թվականին տրանսպորտային համակարգի մասնագիտացված սրահը անվանակոչվում է պրոֆեսոր Տիգրան Միկելե Շիրինյանի անունով՝ որպես օդային տրանսպորտի տնտեսագիտության և կառավարման լսարան։

Տիգրան Միկելե Շիրինյանի մահից հետո նրա մեծ դուստրը՝ Իզաբելան, գնում է հոր ճանապարհով՝ ընտրելով գիտությունը, իսկ կրտսեր դուստրը՝ Աննան, ընտրում է հոր հոգևոր սնուցման աղբյուրը՝ դառնալով հայագետ։

«Մի՛ թողեք, որ իմ թոռները մոռանան իրենց հայկական արմատները և այն սերը, որ ես մշտապես տածել եմ Հայրենիքիս հանդեպ» կյանքի վերջին օրերին պատգամել է աշխարհահռչակ մեր հայրենակիցը իր ընտանիքի անդամներին։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #11 (1524) 22.03.2024 - 29.03.2024, Պատմության էջերից


27/03/2024