Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ ՈՉԻՆՉ ՉԿԱ



ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ ՈՉԻՆՉ ՉԿԱՓոխգնդապետ Սպարտակ Ղուկասյանը շուրջ քսանմեկ տարի ծառայում է ԶՈՒ-ում: Ներկայումս N զորամասում ծառայության պետ է:

Փոխգնդապետ Ղուկասյանը 2024 թվականի առաջին ենթախմբի ատեստավորման քննական գործընթացին ստացել է «գերազանց» գնահատական: Ատեստավորման գործընթացի շուրջ նա իր նկատառումներով ու դիտարկումներով կիսվեց մեզ հետ:

 

-Ինչպե՞ս եք վերաբերվում ատեստավորման գաղափարին:

-Սկզբում կարծում էի, որ դա անիրագործելի ծրագիր է: Սակայն, կարճ ժամանակ անց, տեսնելով ու վերլուծելով գործընթացի սկզբնական արդյունքները, հասկացա, որ ատեստավորման գաղափարի ներդրումը զինված ուժերում ոչ միայն պետք էր, այլև պարտադիր էր: Որոշեցի փորձել և արդյունավետ մարզումների ու պարապմունքների շնորհիվ առաջին ենթախմբի ատեստավորման քննական գործընթացին գերազանց մասնակցություն ունեցա: Հասկացա, որ անիրագործելի ոչինչ չկա:

-Ի՞նչ գրաֆիկով եք պարապել, մարզվել:

-Մարզումներիս ու պարապմունքներիս գրաֆիկը ինքս եմ կազմել. առավոտյան մինչև ժամը 8:00 կամ երեկոյան 20:00-ից հետո:

-Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր չեն ցանկանում մասնակցել ատեստավորմանը:

-Իմ ծառայակից ընկերներին հորդորում եմ, որ մասնակցեն, քանի որ իմ անձնական օրինակով համոզվեցի, որ անիրագործելի ոչինչ չկա: Ասեմ, որ նրանց, ում ճանաչում եմ, բոլորը ատեստավորում անցնելու ճանապարհին են, քանզի գիտակցում են, որ այն էապես կբարելավի նրանց վիճակը թե՛ ֆիզիկական, թե՛ ֆինանսական առումով:

-Ի՞նչ զգացողություններ ունեք ատեստավորման քննությունները գերազանց հանձնելուց հետո:

-Ինքնաբավարարվածության, թեթևության զգացողություն, ինձ ֆիզիկապես և հոգեպես շատ լավ եմ զգում: «Գերազանց» գնահատականը պատասխանատվության զգացումն է մեծացրել: Կփորձեմ է՛լ ավելի զարգացնել ձեռք բերածս, կատարելագործել հմտություններս և շարունակելով պարապմունքներս ու մարզումները, հետագայում կարողանամ հաջող հանձնել նաև ֆիզիկական պատրաստության կարգային դասակարգման քննությունները:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

լեյտենանտ

Խորագիր՝ #11 (1524) 22.03.2024 - 29.03.2024, Ազգային բանակ


27/03/2024