ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԳՆԱՀԱՏՎԱԾ ԼԻՆԵԼԸ
Ավագ սերժանտ Մարգարիտա Փոքրիկյանը զինվորական ծառայության է անցել 2013 թվականին:
-Արդեն 11 տարի է, ինչ ծառայում եմ ՀՀ զինված ուժերում,- ասում է Մարգարիտան: Անցել եմ պատերազմի թոհ ու բոհով, տեսել լավ ու վատ օրեր, բայց չեմ կորցրել լավատեսությունս և մեծ հույսեր եմ կապում մեր բանակի վաղվա օրվա հետ,- ասում է Մարգարիտան:
Ավագ սերժանտը, որ ծառայության ընթացքում պարգևատրվել է կրծքանշաններով ու պատվոգրերով, վերջերս հաջողությամբ հանձնել է ատեստավորման քննությունները:
-Ներքին զգացողությունս ինձ ասում էր՝ վստահի՛ր ու հավատա՛ ուժերիդ, և ամեն ինչ լավ կլինի: Բոլոր քննությունները հանձնեցի հաջողությամբ, ցույց տվեցի լավ արդյունքներ,- անկեղծանում է Մարգարիտան: – Բոլորս էլ, անկախ սեռից, Հայրենիքի հանդեպ ունենք պարտքի զգացում, և այն պետք է կյանքի կոչենք ամեն մեկս յուրովի՝ ես զինվորական ծառայության մեջ, մյուսն իր ծննդավայրը շենացնելով, մեկը գիտությամբ զբաղվելով, մեկը՝ արվեստում իր խոսքը ասելով… Ինձ համար՝ որպես հայ կին, մայր, մեծ պատիվ է ծառայել իմ երկրի զինված ուժերում:
Ավագ սերժանտ Փոքրիկյանը, ելնելով իր ծառայողական փորձառությունից, համոզված է, որ կանանց դերը բանակում էլ պակաս կարևոր չէ, ընտանիքում նրա ունեցած դերից ու դիրքից, իհարկե, որոշ վերապահումներով: Եվ այստեղ էլ, ինչպես տանը, շատ կարևոր է գնահատված լինելը:
ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ
լեյտենանտ
Խորագիր՝ #11 (1524) 22.03.2024 - 29.03.2024, Ազգային բանակ