ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԾՐԱԳԻՐԸ
Օրվա կարգացուցակով նախատեսված հերթական դասաժամին շարային պատրաստության նրբություններն ու առանձնահատկություններն են սերտում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները, աստիճանաբար շտկում թերությունները, հղկում շարժումները։
Զինվորական ծառայության բացարձակ գերազանցիկ, շարքային Ռաֆայել Մարտիրոսյանը մեծ նվիրումով է ծառայում: Քաջ գիտակցելով հայրենիքի պաշտպանի առաքելության կարևորությունը՝ ուժերի առավելագույն լարումով սովորում է, օրեցօր հմտանում, անձնական օրինակով ոգևորում մյուսներին։ Բոլորն են այստեղ տրամադրված բանիմաց մասնագետներ դառնալու։ Հենց այդ գիտակցումով են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական խմբի շահառուներն ընտրել ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ձևաչափը։
Ուսումնական առօրյան հագեցած է, իսկ ուսուցանող սպաները նախանձախնդիր ու խիստ հետևողական են։ Եվ սա միանգամայն տրամաբանական է։ Եռամսյա դասընթացն ավարտելուց հետո հայրենյաց պաշտպանները պետք է հանձնեն քննություններ և մեկնեն իրենց իսկ ընտրած զորամասերը։
-Ուսումնական փուլը շատ հետաքրքիր է, դասերը հագեցած ծրագրով ենք անցնում,- ասում է շարքային Տիգրան Ալեքսանյանը:
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրի ժամկետի ավարտից հետո մասնագիտությամբ ծրագրավորող Դավիթ Ղալումյանը չի բացառում զինված ուժերում ծառայությունը շարունակելու և սպա դառնալու հեռանկարը։ Սակայն, մինչև այդ, դեռ ճանապարհ ունի անցնելու։ Պետք է սովորի ճիշտ օգտվել կապի տարբեր միջոցներից, սերտի յուրաքանչյուրի մարտավարատեխնիկական բնութագիրն ու կիրառման առանձնահատկությունները։
Ուսումնական փուլն ակտիվ ընթացքի մեջ է. հայրենյաց պաշտպաններն արդեն բավականաչափ գիտելիքներ ու փորձ են ձեռք բերել: Դասերի առանցքում նաև տղաների ֆիզիկական պատրաստության ցուցանիշների շեշտակի բարելավումն է։ Պետք է ոչ միայն մասնագիտորեն պատրաստված, այլ նաև ֆիզիկապես կոփված լինել։
-Զինվորներից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է կայուն և հուսալի կապի ու հմուտ կապավորի խիստ կարևորությունը բանակում ու այդ տրամաբանության մեջ նաև իր դերն ու նշանակությունը՝ որպես «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։ Գլխավոր պահանջն ու նախապայմանը լավ սովորելն է առաջիկա տարիներին զորքերում լավագույն որակներով աչքի ընկնելու համար: Տղաներն իրենք են ընտրել պայմանագրային հիմունքով, հինգ տարի ժամկետով ծառայելու հեռանկարային տարբերակը, որի ավարտին ստանալու են հինգ միլիոն դրամ պատվովճար,- ասում է զորամասի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Պողոսյանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #11 (1524) 22.03.2024 - 29.03.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում