Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿ



ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿՔրիստոնեական տոների շարքում կարևոր և առանցքային են Ս. Ծննդյան և Ս. Հարության տոները, որոնք մեզ են ավանդվել դեռևս առաքելական ժամանակներից: Քրիստոսի հրաշափառ Հարությունը մարդկության պատմության ամենակարևոր ու առանցքային իրադարձությունն է: Քրիստոսի Հարությունը մանրամասն նկարագրված է չորս Ավետարաններում  (Մատթ., ԻԸ, 1-20, Մարկ., ԺԶ, 1-18, Ղուկ., ԻԴ, 1-49, Հովհ., Ի, 1-29): Ուրբաթ երեկոյան, երբ Քրիստոսի Մարմինը դրվեց գերեզման, խավարն արդեն տիրապետող էր դարձել: Խավար էր նաև մարդկանց հոգիներում` Քրիստոսի աշակերտների ու հետևորդների, ովքեր տրտում և հուսաբեկ,  շփոթված ու իրարամերժ զգացումներով ցրվել էին: Հակապատկերն է կիրակի առավոտը, երբ յուղաբեր կանայք գնում են Քրիստոսի գերեզման` Նրա մարմինը օծելու և խնկարկելու: Նրանք գտնում են վեմը մի կողմ գլորված և գերեզմանը` դատարկ: Նրանց դիմավորում են երկու լուսազգեստ հրեշտակներ, ովքեր  և ավետում են Քրիստոսի հուսաբեր Հարությունը: Հարության կիրակին առանձնանում է լույսի շքահանդեսով. Քրիստոսի երկրային կյանքը սկսվում է լույսով և ավարտվում լույսով: Ինչպես վեմը գլորվեց մի կողմ, և գերեզմանի խավարը փարատվեց լույսի հրավառությամբ, այնպես էլ Քրիստոսի Հարությամբ քանդվեցին առաջին մարդկանց մեղքով հավիտենական կյանքի ճանապարհը պատնեշող բոլոր արգելքները, և փրկության հույսով իմաստավորվեց ու լուսավորվեց մարդու կյանքը: Գրիգոր Տաթևացին իր «Քարոզ սուրբ Զատիկի մասին» ճառում բերում է բոլոր փաստարկները, թե ինչո՞ւ նահապետները, մարգարեները, սրբերը և մյուս արդարները չկարողացան մարդկությանն ազատել մեղքից ու մահից, և միայն Քրիստոսը` Աստվածորդին էր ի զորու դա անելու: Սրբերը չէին կարող մարդկության մեղքը քավել ու ազատել մահից, որովհետև նրանք իրենք էլ մարդիկ էին, և մեկ մարդու փրկությունն  ամբողջապես չէր կարող տարածվել առաջինների ու վերջինների վրա: Նաև` մահկանացուն ու ապականելին չի կարող կյանք ու անապականություն տալ, այլ` անմահը և բնությամբ անապականը: Հանցանքին` մեղքին, հետևում է պատիժը` մահը: Մարդը ծնունդով հաղորդակից է լինում սկզբնական մեղքին, իսկ որպես պատիժ` մեռնում: Քրիստոսն Իր անապական Ծնունդով մարդուն ազատեց մեղքից, իսկ Իր մահով` մահվանից: Քրիստոսը նախ մեռավ, հետո Հարություն առավ, մարդն էլ մեռնում է` հետագայում հարությամբ կենդանանալու համար: «Եվ եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի  առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ., ԺԵ, 13-14):  «Հարություն» բառը ճշգրիտ բնորոշումն է կատարված իրադարձության: Հարության հետ զուգահեռ օգտագործվում է նաև զատիկ բառը: Զատիկը հին հրեաների եգիպտական գերությունից ազատագրվելու տոնն է, իսկ  քրիստոնյաների համար` Քրիստոսի Հարության:

Զատիկ բառին տարբեր ժամանակներում տրվել են բազմաթիվ մեկնաբանություններ: Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» համաձայն` պարսկերեն` zadan, սանսկրիտով` han ձևերը ծագում են հնդեվրոպական նախալեզվի gha, ghan` զարնել, վիրավորել արմատից, ըստ այսմ` «զատիկ» բառի բուն նշանակությունն է «զենում, զոհ»: Նույն տեղում Հր. Աճառյանը նաև գրում է. «Ճառընտիրն ունի. Զատիկն ըստ եբրայեցւոցն (պասեք) անցարան. իսկ հայոց լեզուիս` ազատութիւն ի չարչարանաց»: Այսպես և Տաթևացին «Զատիկն ազատութիւն թարգմանի»: («Նոր բառգիրք հայկազեան լեզուի»)` «զատումն կամ ազատութիւն..»: «Զատիկ» բառին տրված զատվելու, բաժանվելու մեկնաբանության մեջ նկատի է առնված հրեաների` եգիպտական գերությունից բաժանումը, իսկ Քրիստոսի Հարությամբ` մեղքից ու մահից զատվելը, և վերջնական իմաստով` դեպի Աստված վերադարձը: Այդպես և «զատիկ» բառի կապը «ազատ» բառի հետ հրեաների` եգիպտական գերությունից ազատագրումն է, իսկ Քրիստոսի Հարությամբ` ազատագրումը հեթանոս աշխարհի մեղքի կապանքներից: «Զատիկ» բառը օգտագործվում է նաև Հին Կտակարանում գործածվող եբրայերեն «պասեք» բառին համարժեք: Հին հրեաների պասեքը կամ զատիկը Եգիպտոսի գերությունից ազատագրվելու հիշատակության տոնն է (Ելք, ԼԲ(12): Պասեքի և Զատիկի պատմական կապն այն է, որ Քրիստոսի խաչելությունը կատարվեց հրեաների պասեքի օրը, իսկ Հարությունը` երրորդ օրը: Բացի պատմական այս զուգորդություններից, պասեքի ու Զատիկի մեջ կան նաև իմաստային առնչություններ: Ինչպես պասեքը հիշատակությունն էր հրեաների` չարչարանքներից ազատագրության, նույն կերպ և Քրիստոսի չարչարանքներից, մահից ու Հարությունից հետո ողջ մարդկությունը ազատագրվեց մեղսալի կյանքի տառապանքներից և հաղորդակից դարձավ հավերժական կյանքին: Հրեաների ազատագրումը կատարվեց գառան արյունը դռան փեղկերին ու վերնասեմին և պատուհանների փեղկերին քսելով, որտեղ, ըստ Գրիգոր Տաթևացու («Քարոզ սուրբ Զատիկի մասին»), տունը Աստծու արքայությունն է, դռան փեղկերը` մեղքը և պատիժը, իսկ վերնասեմը` արդար դատաստանը: Քրիստոսի` Աստծու Գառան արյամբ մարդկանցից վերցվեցին մեղքն ու պատիժը, իսկ արդար դատաստանը փոխարինվեց Աստծու ողորմությամբ:

Կարմիր ներկված հավկիթ նվիրելը միմյանց Զատկի տոնի սովորույթներից է: Համաձայն ավանդության` Մարիամ Մագթաղենացին, Հռոմում ներկայանալով Տիբերիոս կայսերը (14-37 թթ.) և վկայելով իր քրիստոնեական հավատը, վերջինիս կարմիր ներկած  ձու է նվիրում` ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Ձուն խորհրդանշում է նոր կյանքի սկզբնավորումը, իսկ կարմիր գույնը` Քրիստոսի կենդանարար արյունը:  Քրիստոսի խաչելությունը  համընկավ գարնանային գիշերահավասարի, իսկ Հարությունը` հրեական զատկի լուսնի լրման հետ: Քրիստոնեության սկզբնական շրջանում Քրիստոսի Հարությունը տոնում էին հրեաների պասեքի տոնի օրը: 325 թ. Նիկիայի  տիեզերական առաջին ժողովի սահմանած կարգի համաձայն` Քրիստոսի Հարության տոնը նշվում է գարնանային գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը, այսինքն` կարող է նշվել մարտի 22-ից ապրիլի 25-ն ընկած 35-օրյա ժամանակահատվածում:

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿՍ. Հարության` Զատիկի տոնի հետ կապված մարդկանց առավել հուզող հարցերը հետևյալն են.

Զատիկը նոր մահացածի 40 օրը կտրում է, թե` ոչ:

Ո՜չ: Եկեղեցական ոչ մի տոն չի կտրում հանգուցյալի տարին, քառասունքը կամ յոթնօրեքը: Սովորաբար եկեղեցական տաղավար տոներին, այդ թվում նաև Զատկին, հաջորդ օրը Մեռելոց է (հիմնականում երկուշաբթի): Մարդիկ գալիս են եկեղեցի, մասնակցում Մեռելոցի Ս. Պատարագին: Ս. Պատարագի ավարտին կատարվում է հոգեհանգիստ, որտեղ հիշվում են մեր մերձավոր հանգուցյալների անունները, որից հետո այցելում ենք գերեզմաններ:

Նոր հանգուցյալի դեպքում գերեզման այցելել շաբաթ, թե՞ կիրակի:

Պետք չէ այցելել գերեզման ո՛չ շաբաթ, ո՛չ կիրակի օրերին: Գերեզման պետք է այցելել երկուշաբթի՝ Մեռելոցին: Այս տարի այն ապրիլի 1-ին է:

2024 թ. Սուրբ Հարության տոնը նշվում է մարտի 31-ին:

 

ԱՐՄԵՆ  սարկավագ  ԲԱՅԱԴՅԱՆ

գնդերեց

Խորագիր՝ #11 (1524) 22.03.2024 - 29.03.2024, Հոգևոր-մշակութային


27/03/2024