Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐ ԸՆՏԱՆԻՔԴ ԱՊԱՀՈՎ ԼԻՆԻ, ՀԱՅՐԵՆԻՔԴ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ



ՈՐ ԸՆՏԱՆԻՔԴ ԱՊԱՀՈՎ ԼԻՆԻ, ՀԱՅՐԵՆԻՔԴ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՓոխգնդապետ Մոմիկ Սարգսյանը ՀՀ զինված ուժերում է 2003 թ.-ից։ Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, դասակի հրամանատար է նշանակվել ՀՀ սահմանամերձ զորամասերից մեկում: 13 տարի շարունակ ծառայել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում։ 44-օրյա պատերազմի մասնակից է։ Զինվորականի իր բարդ, բայց պատասխանատու մասնագիտության ընտրությունն այսպես է բացատրում:

 

-Լավագույն, ամենակարևոր գործն էր այդ պահին, որին կարող էի զինվորագրվել։ Ուզում էի Հայրենիքիս օգտակար լինել։

Ծնունդով Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղից է։

-Հայրս քանդակագործ է, նկարիչ,- պատմում է Մոմիկը,- Եղեգնաձորի տեխնիկումում դասավանդում է նկարչություն և քանդակագործություն։ Ինձ  սովորեցնում էր իր արվեստը։ Հիմա ես և՛ նկարել, և՛ փայտի վրա քանդակել գիտեմ։ Տեր եմ իմ անվանը, որ հայրս է ինձ տվել՝ Վայոց ձորի մեր անվանի մանրանկարիչ, ճարտարապետ և քանդակագործ   Մոմիկի անունով,- ժպտում է Մոմիկը,- մտածում էի ճարտարապետի մասնագիտության մասին, բայց իններորդ դասարանից արդեն հստակ որոշել էի, որ ուզում եմ զինվորական դառնալ։ Հայրս գիտեր, որ եթե ցանկանայի, կարող էի ճարտարապետության ուղղությամբ շարունակել ուսումս։ Բայց, երբ ասացի, որ զինվորական եմ ուզում դառնալ, ասա՛ց. «Տղա՛ս, դու արդեն հասուն մարդ ես. ինչպես կորոշես, այնպես էլ  թող լինի»։

Ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Բոլոր դժվարություններով հանդերձ, երբևէ չեմ մտածել զինվորական գործից հեռանալու մասին։ Կյանքիս կարևոր սկզբունքներից է. «Եթե մի գործ հանձն ես առել, պետք է պատվով կատարես»։

Զինվորական գործն ինձ համար վաղուց արդեն կենսակերպ է։ Իմ գրեթե ամբողջ ծառայողական կյանքը սահմանամերձ զորամասերում եմ անցկացրել, դիրքապահ եմ եղել։ Մի վայր, որտեղ մարդը երկար տարիներ մարտական հերթապահություն է իրականացնում, չի կարող հարազատ չդառնալ։ Գյուղացիների հետ շփումն ու բարեկամությունն էլ իրենց հերթին են ջերմացնում զգացումներդ Հայրենիքի տվյալ տարածքի հանդեպ։ Փոխադարձ հարգանքն ու լավ հարաբերությունները, փոխադարձ օգնությունը շատ կարևոր են։ Յուրաքանչյուր սահման պահող մարդ, զինվորական, պետք է գիտակցի, որ սա պարտավորություն  է  Հայրենիքի, սեփական ընտանիքի հանդեպ։ Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Հայրենիքը սկսվում է խրամատից», և սա ճշմարտություն է։ Այո՛, երբ դու կանգնած ես խրամատում, վստահ ես, որ ընտանիքդ ապահով է, Հայրենիքդ՝ պաշտպանված։ Սա՛ է ամենակարևորը։

Մոմիկ Սարգսյանն ամուսնացել է 2016 թվականին, երկու մանկահասակ որդի ունի։

-Մեծս դեռ առաջին դասարանում է։ Երբ տուն եմ մտնում, փոխում եմ հագուստս, նստում եմ ճաշելու, անմիջապես ինքն է հագնում համազգեստս ու սկսում շրջել տնով մեկ։ Դնում է գլխարկս, մոտենում, պատվի է առնում։ Եթե անկեղծ լինեմ ու սրտիս խոսքին լսեմ, չեմ ցանկանա, որ տղաներիցս մեկնումեկն ընտրի իմ մասնագիտությունը։ Չեմ ուզենա, քանի որ գիտեմ, որքան դժվարություններ են ստիպված հաղթահարելու։ Ամենամեծ դժվարությունն այն է, որ ընտանիքիդ շատ քիչ ես տեսնում, հատկապես, երբ մարտական հերթապահության, դիրքերում ես լինում։ Սա ամենալավը զգում ու հասկանում է զինծառայողի ընտանիքը։ Իմ կնոջ համար, օրինակ, հեշտ չի. հատկապես երկու աշխույժ տղաների հետ,- ժպիտով է ասում Մոմիկը,- բայց նա պատվով կրում է բոլոր դժվարությունները։

Սակայն, եթե որդիներս մեծանան ու որոշեն, զգան, որ դա իրենց ուղին է, չեմ առարկի։

Փոխգնդապետ Սարգսյանը վերջերս բարձր ցուցանիշներով հանձնել է ատեստավորման քննությունները։ Ատեստավորման համակարգի ներդրումը շատ կարևոր է համարում զինված ուժերի համար։

-Միանշանակ խորհուրդ եմ տալիս, թող բոլորը մասնակցեն, քանի որ սա լավ հնարավորություն է բարելավելու իրենց թե՛ ֆինանսական վիճակը, թե՛ մասնագիտական ու ֆիզիկական ունակությունները,- ասում է,- յուրաքանչյուր զինծառայող, ատեստավորումն անցնելուց հետո, ավելի լիարժեք է համապատասխանում իր գրաված պաշտոնին, կարողանում է բարելավել իր ցուցանիշները։ Այնքան լավ զինծառայողներ ունենք, որոնք կրակային, ֆիզիկական պատրաստությունից շատ բարձր ցուցանիշներ են գրանցում, բայց երբեմն կամուկացի մեջ են լինում։ Իրականում, նրանք անգամ երկմտելու կարիք չունեն. վստահ եմ, որ միանշանակ հաջող կհանձնեն քննությունները։ Կարևոր է նաև այն, որ եթե որևէ կետում թերացել են, որոշ ժամանակ անց հնարավորություն են ունենում բարելավելու արդյունքները։ Կարևորն այստեղ ձգտումն է ու անվերջ ինքնազարգացումը։

Երբ ֆիզիկական պատրաստության քննությանն էի պատրաստվում և վազքի ցուցանիշներս էի բարելավում, ինքս ինձնից քննություն էի վերցնում։ Ժամանակ էի պահում ու վազում։ Ատեստավորման քննությունը հանձնելիս իրական արդյունքը երևաց։ Մտահոգվելու առիթ էլ չեղավ, գերազանց կատարեցի վարժությունը, քանի որ արդեն իսկ հստակ գիտեի իմ հնարավորությունները:

Կարծում եմ, որ ատեստավորման ցանկացած քննության մեջ պատահականություններ, անսպասելի բարդություններ չեն կարող լինել. Այն, ինչին վարժ ես տիրապետում, հաջող կկատարես, եթե գիտելիքդ ամուր է, չես սխալվի։

Գրեթե քառորդ դար զինված ուժերում ծառայած փոխգնդապետ Սարգսյանը զինվորական գործն իր կյանքի անբաժանելի մասն է համարում:

-Այս գործն ինձ համար թանկ է՝ բոլոր ձեռքբերումներով ու կորուստներով հանդերձ։ Լավագույն ընկերներ եմ ձեռք բերել ծառայողական տարիների ընթացքում, լավագույն ընկերներ եմ կորցրել պատերազմի ժամանակ: Դեպքեր են եղել, երբ ընկերներիս հրաժեշտ եմ տվել՝ գիտակցելով, որ, կարող է, այլևս չհանդիպենք՝ կա՛մ ես չվերադառնամ, կա՛մ իրենք…

Կյանքը հիմա զինված ուժերում շատ է փոխվել։ Մի ժամանակ, երբ ծառայակիցներով իրար տեսնում էինք, պարզապես ծանոթներ էինք, ծառայության բերումով իրար ճանաչող մարդիկ, բայց պատերազմից հետո ցանկացած զինծառայողի հետ ինչ-որ կերպ կապված ես զգում քեզ՝ մի ընտանիքի պես։

Երբ փորձում եմ մանկությունս հիշել, չեմ կարողանում,- ժպտում է Մոմիկը,- ինքս ինձ հիշում եմ միայն կուրսանտական տարիներից սկսած։  Ահա այդքան երկար ժամանակ է, ինչ զորքերում եմ։ Եվ դեռ մնալու եմ, քանի դեռ իմ կարիքը զգացվում է։

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #11 (1524) 22.03.2024 - 29.03.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/03/2024