Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՀՈԳԵՇՆՈՐՀ Տ. ՄՈՎՍԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ



 

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՀՈԳԵՇՆՈՐՀ Տ. ՄՈՎՍԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎՀայոց բանակի հարգարժան սպաներ և զինծառայողներ

Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսն եմ ցանկանում փոխանցել ամենքիդ, որ կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ, լույսի հաղթանակը՝ խավարի նկատմամբ և հույսի հաղթանակը՝ անհուսության նկատմամբ։ Սա հույսի, նորոգման, վերածննդի տոն է և ապրելու հրավեր յուրաքանչյուրիս, հատկապես նրանց, որոնց կյանքը խրամատում պայքար է մահվան դեմ։

Մեր ազգը վերջին տարիներին անցավ Գողգոթայի դժվարին խաչի ճանապարհով, բայց դրա շարունակությունը պիտի լինի հարությունը, վերածնունդն ու ազգային նորոգումը։ Սիրելինե՛ր, Հիսուս Քրիստոսի հարությունը սոսկ պատմական իրողության արձանագրում չէ, այլ մահվան նկատմամբ հաղթանակի անժամկետ հիշեցում։ Այն մեզ հիշեցնում է հրեշտակի խոսքերը.  «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում. այստեղ չէ, այլ՝ հարություն առավ (Ղուկ. ԻԴ։5-6)։  Այն մեզ հիշեցնում է, որ  կենդանի Աստված ամեն օր՝ սահմանապահ զորականի պես, հսկում է մեզ և առաջնորդում խաղաղության ճանապարհով։ Անշուշտ լինում են անհուսության պահեր. հատկապես պատերազմական իրավիճակներում հեշտ է հույսը կորցնելը, բայց եթե կանգնած եք առաջնագծում՝ պաշտպանելով մեր երկրի սահմանները և մեր ազատությունը, թող Նոր Կտակարանում արձանագրված Քրիստոսի հարության պատմությունը լինի ուժի և ոգեշնչման աղբյուր: Ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսը դուրս եկավ գերեզմանից՝ հաղթական մահով, այնպես էլ ազատությունն ու արդարությունը պաշտպանելու ձեր անսասան նվիրումը ծառայում է որպես լույսի փարոս անհանգիստ ժամանակներում: Հարությունը մեզ վստահեցնում է, որ լույսը միշտ կհաղթի խավարին, առաքինությունը՝ մեղքին: Եվ դուք՝ որպես լույսի որդիներ, լցրե՛ք ձեր սրտերը քաջությամբ, նորոգե՛ք ձեր հոգիները հույսով և առե՛ք խաղաղության օրհնությունները՝ անմնացորդ նվիրումով շարունակելու ձեր կենսական առաքելությունը։

Առ Աստված աղոթքով շնորհավորում եմ ամենքիդ Քրիստոսի հրաշափառ Հարության հուսաբեր տոնի առթիվ: Թող մարդասերն Աստված իր ամենազոր աջի և Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչի հովանու ներքո զորացնի մեր բանակը և անսասան պահի մեր երկրի սահմանները:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ

ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Խորագիր՝ #11 (1524) 22.03.2024 - 29.03.2024, Հոգևոր-մշակութային


27/03/2024