Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ



ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԶրույց նկարիչ, ակադեմիկոս Լեմս Ներսիսյանի հետ

 

-Պարոն Ներսիսյան, վերջին շրջանում Դուք հաճախ եք ծաղկած ծառեր նկարում, Ձեր կտավները լցված են գարնան զարթոնքով: Ի՞նչն է Ձեր ուղերձը:

-Բնության ծաղկունքը, կապույտ երկինքը, աղավնիների ճախրանքը, արևից շիկացած ժայռերը, լազուր լճակները… Ամենը Հայաստան են, Հայրենիք:

Ճակատագրի բերումով մեր ժողովուրդը իր դարավոր կենսագրության ընթացքում դժվար ճանապարհ է անցել, ինչը մեծապես կոփել է մեր ազգային դիմադրողականությունը ու բազմապատկել մեր հավաքական իմաստնությունը: Հայ ժողովրդի կենաց ծառը կարող է ծաղկել նույնիսկ ամենաօրհասական պահին: Ես հենց այդ ծառն եմ նկարում՝ մեր զարթոնքը, մեր վերածնունդը: Ես հիշեցնում եմ, որ մեր կենաց ծառի արմատները շատ խորն են տարածված հայոց բիբլիական հողում ու, որքան էլ դժվար լինի, գտնելու են իրենց ավիշը:

-Եկեք շարունակենք արմատների մասին զրույցը: Որտե՞ղ են Ձեր արմատները, և ի՞նչ ստեղծագործական ճանապարհ եք անցել:

-Ծագումով մշեցի եմ, ծնվել եմ Գյումրիում: Միջնակարգն ավարտելուց հետո ծառայել եմ խորհրդային բանակում: Մենք կառուցում էինք Շեւչենկո քաղաքը Կասպից ծովի ափին: Քաղաքը շունչ առավ բացառապես զինվորների ուժերով: Ես քաղաքի շինարարական կազմակերպություններից մեկում նկարիչ-ձեւավորող էի: Կարծում եմ` գեղեցիկ ու բովանդակալի խորհուրդ կար, երբ զինվորը` հայրենիքի պաշտպանը, խաղաղ ժամանակներում շենացնում էր երկիրը, կառուցում էր: Բանակից վերադառնալով` ընդունվեցի մանկավարժական ինստիտուտ, ավարտելուց հետո աշխատանքի անցա նույն բուհում, ուր աշխատում եմ մինչ օրս:

-Պարոն Ներսիսյան, Ձեր վաստակն այնքան մեծ է, որ անհնար է մեկ հարցազրույցի շրջանակում նշել բոլոր մանրամասները: Դուք տասնամյակներ շարունակ մանկավարժական բուհում ամբիոնի վարիչ եք եղել, ղեկավարել եք բազմաթիվ գիտական աշխատանքներ, մասնակցել եք հանրակրթական դպրոցների չափորոշիչների ծրագրերի մշակմանը, կերպարվեստի դասագրքերի ստեղծմանը, հրատարակել եք բազմաթիվ գիտական հոդվածներ, մենագրություններ,  ուղեցույցներ… Ու այս ամենով հանդերձ՝ չեք դադարել նկարել: Ձեր աշխատանքը նվիրումի, բեղուն կյանքի գեղեցիկ օրինակ է:

-Ես նկարիչ եմ և արվեստի ուսուցիչ, իսկ ուսուցիչը պիտի ուսուցանի առաջին հերթին իր կերպարով, իր անցած ճանապարհով: Ուսուցիչը քարոզիչ չէ, նա քայլում է աշակերտի կողքից…

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ-Թե՞ առջևից…

-Ո՛չ, կողքից, հետևելով իր աշակերտի ընթացքին, հուշելով արժեքներ, գաղափարներ, գնահատականներ՝ աննկատ ուղղորդելով նրա քայլերը: Ես ուսուցչի իմ դերը նույնքան բարձր եմ գնահատում, որքան նկարչի իմ վաստակը: Ես նկարել եմ և ուսուցանել՝ սա եմ արել ամբողջ կյանքում: Արվեստը Երկիրը կանգուն պահող կարևոր հիմնասյունն է:

-Իսկ բանա՞կը…

-Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ բանակը առաջին հերթին ոչ թե զենքի, այլ գաղափարի ուժ է: Ինչ խոսք, անչափ կարեւոր են բանակի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը, զինվորի պրոֆեսիոնալիզմը, բայց գլխավորը բանակի ոգին է, գաղափարական ամրությունը, բարոյականությունը: Բանակով է անցնում հայ տղամարդու ճանապարհը դեպի մեծ կյանք, բանակից վերադառնալով՝ նա դառնում է հասարակության լիիրավ անդամ: Պետք է կարողանանք բանակը զերծ պահել այնպիսի մերժելի երեւույթներից, ինչպիսիք են՝ հովանավորությունը, սոցիալական անարդարությունը, անհանդուրժողականությունը, բռնությունը: Զինվորի հետ պիտի աշխատեն չափազանց ազնիվ, հայրենասեր, զարգացած մարդիկ: Զինվորական կադրերը պետք է ընտրվեն բծախնդիր խնամքով, պետք է մաքրել բանակը պատահական մարդկանցից: Ժողովուրդը պիտի սիրի իր բանակը, հպարտանա նրանով: Բանակի արժեքը, կարեւորությունը պետք է ընդգծվի բոլոր հնարավոր միջոցներով:

…Տարիներ առաջ ինձ առաջարկեցին պլակատների էսքիզներ պատրաստել հայկական բանակի զորամասերի համար: Ես սիրով համաձայնեցի: Թեման ինձ ոգեշնչեց, մանավանդ` զգացի դրա կարեւորությունը: Մոտ 20-25 էսքիզ ուղարկեցի պաշտպանության նախարարություն: Ուրախ եմ, որ դրանք պետք եկան բանակին: Ես կարծում եմ` պետք է լուրջ ուշադրություն դարձնել զորամասերի ձեւավորմանը եւ ցուցադրական քարոզչությանը: Մասնագիտական կրթություն ունեցող շատ նկարիչներ են այսօր ծառայում բանակում, որոնք կարող են ստանձնել զորամասերը ձեւավորելու աշխատանքները, պարզապես պետք է համախմբել նրանց եւ տարերային գործունեությունը դարձնել ծրագրավորված:

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ-Որո՞նք են այն դրույթները, որոնց վրա պիտի խարսխվի մեր պետական գաղափարախոսությունը:

-Մենք պիտի կառուցենք արդար, բարեկեցիկ ու պաշտպանված Հայաստան: Պիտի միաբանություն հաստատենք սեփական երկրում: Տարամիտված, բեւեռացված կառույցը չի կարող երկար դիմանալ, այն դատապարտված է փլուզման: Ելքը մեկն է՝ շենացնել երկիրը, հաստատել սոցիալական արդարություն, բնականոն կենսակերպ ստեղծել բոլորի համար: Պատմության, ճակատագրի բերումով մեր ժողովրդի որոշ մասի հոգեբանության մեջ արմատավորվել է բախտ որոնողի ախտանիշը: Դժվարության հանդիպելիս նրանք չեն մտածում տոկալու, դիմանալու, պայքարելու մասին եւ հույսը կապում են հեռուների հետ: Բայց նրանք նույնպես մեր հայրենակիցներն են, ու նրանց էլ հարազատ հողին կապելու միջոցներ պիտի գտնենք:

-Իսկ ի՞նչ է Հայաստանը Ձեզ համար՝ որպես հայի, որպես արվեստագետի:

-Իմ ամենամեծ ներշնչանքն է: Ես ինձ չեմ պատկերացնում Հայաստանից դուրս, օտար հողի վրա ես զրկվում եմ ավյունից, ստեղծագործական եռանդից: Իմ գույնը դեղինն է, դա նաեւ Հայաստանի խորհրդանիշն է՝ տաք, վառ, լուսավոր: Ազգայինը այն հենքն է, միջուկը, որի վրա գոյանում է ճշմարիտ արվեստի կառույցը: Որ երկրում էլ ցուցադրվեմ, հայ արվեստին ծանոթ մարդիկ առանց ազգանվանս նայելու հասկանում են, որ իմ կտավները հայ նկարչի գործեր են: Այդ մասին պատմում է գույնը, գիծը, ապրումը:

-Դուք աշխատում եք բուհում, շփվում եք երիտասարդության հետ, ի՞նչ կարծիք ունեք այն սերնդի մասին, որը կառուցելու է վաղվա Հայաստանը:

-Բարեբախտաբար, մենք ունենք երիտասարդության մի շերտ, որը գաղափարապես հասուն է ու ակտիվ: Նրանք ցանկանում են օգտակար լինել Հայրենիքին, արձագանքում են իրենց շուրջը կատարվող իրադարձություններին: Ես հավատում եմ նրանց ուժին ու նվիրումին: Նրանք են կառուցելու մեր երկիրը, պաշտպանելու են, համոզված եմ` ավելի եռանդուն ու նվիրված, քան իրենց հայրերն էին:

-Ի՞նչ կմաղթեք սահման պահող զինվորին ու սպային:

-Ցանկանում եմ, որ նրանք արժանի լինեն իրենց կոչմանը, հպարտությամբ կրեն իենց համազգեստը, որը մեր ուժի, արժանապատվության, հայրենասիրության ու խիզախության խորհրդանիշն է:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #12 (1525) 29.03.2024 - 05.04.2024, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


09/04/2024