Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ԿՅԱՆՔԸ



ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ԿՅԱՆՔԸԱպրիլի 2-ին Հայաստանի գրողների միությունում կայացավ «Տոնապետ» գրական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Առաջին մրցանակին արժանացավ Հրաչյա Սարիբեկյանը՝ «Թիթեռներ՝ փոստային նամականիշների վրա» ստեղծագործության համար (300 հազար դրամ), երկրորդ մրցանակը տրվեց Նարեկ Թոփուզյանին՝ «Նրանց նոր հանգրվանը» պատմվածքի համար (200 հազար դրամ), երրորդ մրցանակին արժանացան Լանա Մելիքյանը՝ «Տատիկը» պատմվածքի, և Գրիշ Սարդարյանը՝ «Կոմպոզիտորը» պատմվածքի համար (100 հազար դրամ)։ Խրախուսական մրցանակների արժանացան Մարի Մելիքյանը՝ «Թանաքագրություն» պատմվածքի համար, Մանվել Պողոսյանը՝ «Սայլը» պատմվածքի համար, և Հրաչ Բեգլարյանը՝ «Արծիվը» պատմվածքի համար: Երիտասարդական մրցանակը տրվեց Տաթևիկ Դեբենցին՝ «Օրոր» պատմվածքի համար:

Այս առիթով զրուցեցինք մրցույթի հիմնադիր և ժյուրիի նախագահ, արձակագիր Մհեր Իսրայելյանի հետ:

 

-Սիրելի՛ Մհեր, «Հայ զինվորը» առանձնահատուկ սիրով ու հետաքրքրությամբ էր հետևում «Տոնապետ» մրցույթի կազմակերպման ընթացքին, որովհետև այն նվիրված էր արձակագիր Վրեժ Իսրայելյանի 75-ամյակին, իսկ Վրեժ Իսրայելյանի անունը անքակտելիորեն կապված է ոչ միայն հայ գեղարվեստական արձակի, այլև լրագրության ու, մասնավորապես, ՊՆ պաշտոնաթերթի՝ «Հայ զինվորի» հետ, որի ստեղծման ու կայացման գործում մեծ գրողի վաստակը դժվար է գերագնահատել: Ինչո՞ւ մրցույթը չեք կոչել հենց Վրեժ Իսրայելյանի անունով, ինչպես անում են շատերը, այլ ընտրել եք նրա գործերից մեկի վերնագիրը:

-Վրեժ Իսրայելյանը չէր սիրում մասնակցել մրցույթների: Եթե նրա գործերը որևէ մրցույթում ներգրավված էին, ապա դա ուրիշի նախաձեռնությունն էր: Առհասարակ, հայրս շատ համեստ մարդ էր…

-Կարծում եմ՝ միայն համեստությունը չէր պատճառը: Նա ասում էր, որ պետք է ճանապարհ տալ երիտասարդներին, ավագները՝ իրենց արհեստավարժությամբ ու փորձառությամբ, պետք է ոչ թե ճնշեն, այլ, հակառակը, ինքնավստահություն ներշնչեն կրտսերներին: Ինքը հենց այդպես էլ անում էր: Վրեժ Իսրայելյանի հրապարակախոսությունները հաճախ վերածվում էին արձակ պոեզիայի, որը լրագրողներս կարդում էինք որպես մասնագիտական դաս, բայց նա կարողանում էր հեշտությամբ այդ նույն ասպարեզը զիջել սկսնակներին, ասելով՝ ինքդ գրիր, դու կարող ես: Սա ես անձնական փորձից եմ ասում:ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ԿՅԱՆՔԸ

-Ես ինքս ինձ հարց էի տալիս՝ կխրախուսե՞ր արդյոք Վրեժ Իսրայելյանը մեր նախաձեռնությունը, եթե ողջ լիներ: Ու ընտրեցինք փոխզիջումային տարբերակ՝ մրցույթը կոչեցինք ոչ թե Վրեժ Իսրայելյանի անունով, այլ օգտագործեցինք նրա կենդանության օրոք տպագրված վերջին գրքի վերնագիրը՝ «Տոնապետ»: Վրեժ Իսրայելյանը յուրահատուկ վերաբերմունք ուներ այդ գործի նկատմամբ, բարձր էր գնահատում, բացի դրանից, այն հնչեղ է ու լավատեսական շեշտադրում ունի: Արձակագիր Ռուբեն Հովսեփյանի բնութագրմամբ՝ «Տոնապետը» սահմանում է մեր ժողովրդի ապրելու բանաձևը: Դա մեր կորցրած մեկ ոսկին հազար ոսկի ծախսելու գնով հետ բերելու բանաձևն է: Ամենաթանկ ոսկին՝ մեր պատիվը, մեր արժանապատվությունը…

-Մհե՛ր, իսկ ինչո՞ւ էր մրցույթում ընդգրկված միայն պատմվածքի ժանրը, ինչո՞ւ չկային բանաստեղծությունը, վեպը…

-Պատմվածքը և՛ հորս, և՛ իմ սիրած գրական ժանրն է, և ես ուզում էի այս մրցույթով խթանել արձակ գրականության ամենախորհրդավոր ու ամենադիպուկ արտահայտչամիջոցը:

-Ասպարեզում բազմաթիվ գրական մրցույթներ կան՝ լավ , վատ, կայացած, ոչ այնքան: Ի՞նչ բաց էր լցնելու ևս մեկը:

-Նախ՝ այս մրցույթը, որը լինելու է պարբերական՝ ամենամյա, Վրեժ Իսրայելյանի գրական վաստակը հանրահռչակելու, գրողի, հայի, քաղաքացու նրա կերպարը օրինակ դարձնելու խնդիր ունի: Սա պետք է գրական աշխարհին, հայ հասարակությանը, բարձրացող սերնդին: Մենք ուզում էինք ստեղծել մի մրցույթ, որտեղ չափվում են ոչ թե գրողները՝ իրենց անցած ճանապարհով, կշռով ու անունով, այլ բացառապես մրցում են նրանց պատմվածքները:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ԿՅԱՆՔԸ-Մանավանդ՝ գրողի հռչակը կարող է չհամապատասխանել նրա իրական կշռին:

-Այո՛: Մենք ջանացել ենք, որ մրցույթը լինի առավելագույնս թափանցիկ, անաչառ ու վստահելի: Սա իմ պարտքն էր հորս անվանն ու հիշատակին: Մենք մտածում էինք, որ մրցույթին կմասնակցեն առավելագույնը 40-50 հոգի, բայց իրականությունը գերազանցեց մեր սպասելիքները: Ժյուրիին ներկայացվեց 150 պատմվածք, որից 15-ը անցան եզրափակիչ փուլ:

-Վստահ եմ՝ շատերը նոր պատմվածք են գրել հենց մրցույթին մասնակցելու համար:

-Այո՛, օրինակ՝ առաջին մրցանակ շահած պատմվածքը՝ Հրաչյա Սարիբեկյանի «Թիթռներ՝ փոստային նամականիշների վրա», գրվել էր հենց մրցույթին մասնակցելու համար: Մրցույթը բազմաթիվ հայտնությունների պատճառ դարձավ: Օրինակ՝ հեղինակներից մեկը ծանոթ չէր եղել Վրեժ Իսրայելյանի գրականությանը, ու, մինչ մրցույթին հայտ ներկայացնելը, գնել ու կարդացել էր նրա բոլոր գրքերը: Այդ հեղինակը արժանացավ 3-րդ մրցանակին: Եզրափակիչ փուլ անցած լավագույն ստեղծագործությունների շարքում ընդգրկվել են նաև այնպիսի գործեր, որոնց հեղինակները առհասարակ ծանոթ չեն եղել հայ ընթերցողին: Օրինակ՝ արտերկրում բնակվող 60-ամյա Մանվել Պողոսյանը, որի «Սայլը» վերնագրով պատմվածքը անցավ եզրափակիչ փուլ, վերջին անգամ տպագրվել էր «Գարուն» ամսագրում խորհրդային տարիներին: Վաստակաշատ գրողների կողքին զարմանալիորեն շատ էր նաև երիտասարդների թիվը, նրանցից ոմանք գրական բարձր արժեք ունեցող գործեր էին ներկայացրել: Ուստի, մենք սահմանեցինք նաև երիտասարդական մրցանակ՝ տաղանդավոր սկսնակներին խրախուսելու համար:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ԿՅԱՆՔԸ-Մհե՛ր, առավելապես ինչի՞ մասին են պատմում հայ արձակագիրներն այսօր, ի՞նչ մտահոգություններ ունեն, ո՞րն է հայ արձակի գլխավոր թեման:

-Ես կխուսափեմ ընդհանրական գնահատականներ տալուց ու կխոսեմ մասնավորապես մրցույթի մասին: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ 150 գործերից 120-ը արցախահայերի տեղահանության մասին էր: Հայրենազրկումը մեր ամենացավոտ կետն է ու, բնական է, որ այն պիտի հուզի: Շտապեմ ասել, որ նման գործերի մեջ գերիշխում էին լավատեսական նոտաները: Մենք չենք կոտրվել: Մենք չենք հրաժարվել մեր ոչ մի երազանքից ու լի ենք հավատով, որ ոչ միայն շտկելու ենք մեր մեջքը, ոտքի ենք կանգնելու, այլև թռչելու ենք:

-Լավագույն պատմվածքները կհասնե՞ն հայ ընթերցողին:

-Եզրափակիչ փուլ անցած պատմվածքները հրապարակվել են «Կայարան» ամսագրում՝ հանդեսի գլխավոր խմբագիր Սուսաննա Հարությունյանի նախաձեռնությամբ: Որոշել ենք 5 տարին մեկ հրատարակել լավագույն գործերի անթոլոգիա, որը, կարծում եմ, նոր շունչ կբերի գրական միջավայր:

…Մրցանակաբաշխության ժամանակ Էկրանին ցուցադրվեց Վրեժ Իսրայելյանի՝ «Ար», հեռւստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցը, որտեղ հորս շուրթերից հնչեց մի միտք՝ գրականությունն ավելին է, քան կյանքը: Գրականությունը ավելի գեղեցիկ, ավելի վեհ, ավելի ազնիվ, ավելի իմաստալի կյանքն է…ու հենց դրանով է առինքնում, ու հենց դրա մեջ է գրականության ուժն ու առաքելությունը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #12 (1525) 29.03.2024 - 05.04.2024, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


09/04/2024