ԲԱՐՁՐ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ ՈՒ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
Գրեթե քառորդ դար զինվորական պատվավոր կոչմանն ու Հիպոկրատի երդմանը հավատարիմ Մարգարիտա Սարգսյանը ծառայում է ԿԿԶՀ-ում։ Երկար տարիներ ղեկավարելով հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքը, այժմ արդեն բուժծառայության փոխգնդապետ, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սարգսյանը զբաղեցնում է հոսպիտալի պետի ուսումնագիտական գծով տեղակալի պաշտոնը։
Մարգարիտա Սարգսյանի ծառայողական ուղին սկսվել է 2000 թվականից, երբ ամուսինը որպես բժիշկ պետք է մեկներ պարտադիր ժամկետային ծառայության։ Այդ ժամանակ նա էլ զորակոչվելու ցանկություն է հայտնել ու միացել ամուսնուն՝ ամրապնդելով ընտանիքով հայրենիքին ծառայելու գաղափարը։
-Սպա և միևնույն ժամանակ բժիշկ լինելը հաճելի, հպարտություն ներշնչող, բայց միևնույն ժամանակ չափազանց մեծ պատասխանատվություն է: Բայց գիտակցումը, որ ծառայում ես Հայրենիքին ու բժշկում ես այդ հայրենիքի սահմանը պահող զինվորին, ցանկացած դժվարություն դառնում է հաղթահարելի,- համոզված է բժշկուհի Սարգսյանը:
Տիկին Սարգսյանի խոսքով՝ յուրաքանչյուր բուժծառայողի ոգեշնչման աղբյուրը պետք է լինի առողջացած ու շարք վերադարձած զինվորը։ Հենց դրանում է ընդգծվում նաև զինվորական և քաղաքացիական բուժհաստատությունների տարբերությունը։ Երկուսում էլ թեև ծառայության բովանդակությունն ու վերջնանպատակը նույնն է, սակայն աշխատանքի բնույթն է խիստ տարբեր։
Պատասխանատվության բարձր զգացումով և բժշկին հատուկ հոգատարությամբ էլ Մարգարիտա Սարգսյանը շարունակում է ծառայությունը՝ ցանկացած իրավիճակում և ցանկացած ժամանակ պատրաստ կատարելու իր մասնագիտական գործառույթները։ Նրա խորին համոզմամբ՝ կանայք պետք է լինեն բանակի բոլոր ոլորտներում, քանի որ հայ կինը՝ որպես զինվորական, կարող է իրեն դրսևորել կամային ու մասնագիտական անհրաժեշտ որակներով։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #13 (1526) 05.04.2024 - 12.04.2024, Ազգային բանակ