ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՍ ԵՎ ԵՐԴՄԱՆՍ ՀԱՎԱՏԱՐԻՄ
Կապիտան Մարինե Եզեկյանն ասում է՝ իրեն զինված ուժեր են բերել Հայրենիքի հանդեպ անսահման սերը և զինվորական գործով հրապուրված լինելը. «Գիտեի, որ շատ դժվար ուղի եմ բռնել, բայց եթե սիրում ես մասնագիտությունդ, շատ հեշտությամբ հաղթահարում ես բոլոր խոչընդոտները»։
Նախ՝ Հայրենիքս
Նպատակասլաց ու կամային աղջիկը ծնողներին չէր ասել, որ պատրաստվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվել։ Մինչև այդ՝ 2011-2016 թթ. սովորել էր Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում՝ ՆԶՊ ուսուցիչ դառնալու նպատակով։ Իսկ 2015 թվականին վճռել է դիմել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Ծնողներն այդ մասին ընդունվելուց հետո են իմացել։
-Մի անգամ մայրս ինձ այսպիսի հարց տվեց՝ «Մարինե՛, ե՞ս, թե՞ Հայրենիքը»։ Հարցին հարցով պատասխանեցի. «Մա՛մ, ըստ քեզ՝ ինչո՞ւ է կոչվում Մայր-Հայրենիք։ Չէ՞ որ Հայրենիք բառը հայր բառից է առաջացել։ Մայրս և հայրս իմ ամենամեծ սրբություններն են։ Մայր Հայրենիքը պաշտպանելով՝ պաշտպանում ես նաև մորդ, հորդ, բոլոր հարազատներիդ, ազգակիցներիդ։ Այնպես որ, կներե՛ս, մայրի՛կ, բայց ես ընտրում եմ Հայրենիքը։ Եվ եթե Հայրենիքս ինձ ասի՝ պետք է այսինչ խնդիրը կատարել, զենք վերցնել ու պահել հողն ու ջուրը, ես կգնամ՝ առանց ետ նայելու։ Կարևորը՝ իմանամ, որ երբ Մայր-Հայրենիքը ինձ կանչում է, տանը մայրս խաղաղ քնած է։
Ռազմական ակադեմիայում ուսման ընթացքում աղջիկ և տղա կուրսանտների նկատմամբ տարբերակված մոտեցում չի եղել։ Ես չեմ զգացել։ Առաջնորդվում էինք ճիշտ նույն օրվա կարգացուցակով, ինչ տղաները՝ առավոտյան «վեր կացից» մինչև «քուն» հրամանները։ Ֆիզիկական պատրաստության առումով կին-տղամարդ տարբերություն ինձ համար նույնպես չի եղել, որովհետև ինչպես տղաներն էին բոլոր մարզումներն անում, օրինակ՝ 3 կմ վազք, այդպես էլ՝ ես։ Ձգտել եմ նույնությամբ բոլոր նորմացույցները կատարել, և, անհամեստ չհնչի՝ միշտ գերազանց եմ կատարել։
Առաջնագծում. ոգու ուժի եւ կամքի քննություն
Մեկամյա վերապատրաստման դասընթացներն ավարտելով՝ 2016 թ. օգոստոս ամսին Մարինեն դիմել է ծառայությունը մեր երկրի հեռավոր սահմանագոտիներից մեկում շարունակելու խնդրանքով։ Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից ամիսներ անց երիտասարդ աղջիկը որոշեց՝ եթե ծառայել, ապա միմիայն սահմանապահ, մարտական հերթապահություն իրականացնող զորամասում։ Անցնելով դասակի հրամանատարի իր պարտականություններին՝ մեկ տարով կտրված է եղել ընտանիքից, անտրտունջ կրել սահմանապահ զորամասում ծառայության բոլոր դժվարությունները։
-Փորձել եմ միայնակ հաղթահարել բոլոր դժվարությունները, ու սա շատ կարևոր շրջան էր իմ անձնական աճի, կայացման տեսանկյունից,- ասում է Մարինեն:- Երբ առաջին անգամ հագա զինվորական համազգեստս, ինքս ինձ խոստացա, որ պետք է անթերի ծառայեմ, պետք է ինձնից կախված ամեն ինչ անեմ, որ մեր մայրերն այլևս երբեք լաց չլինեն, այլևս երբեք սև զգեստ չհագնեն ու իրենց որդիներին միայն ողջ ու առողջ դիմավորեն։ Ճիշտ է, գուցե ես զինված ուժերի մասշտաբով փոքր մի օղակ եմ, բայց ամեն բացվող օրվա հետ մինչև երեկո փորձում եմ հավատարիմ մնալ այդ գաղափարին։ Երբ սահմանապահ գյուղ պաշտպանող զորամասում ստանձնեցի իմ դասակի, որտեղ միայն պարտադիր ժամկետային զինծառայողներ էին, հրամանատարությունը և առաջին անգամ կանգնեցի շարքի առջև, ինքս՝ փոքրամարմին, նիհարակազմ, առաջին միտքը, որ ինձ այցելեց, սա էր. «Լավ, հիմա ի՞նչ պիտի անեմ»,- հիմա արդեն ժպիտով է հիշում Մարինեն։- Բայց դա միայն մի պահ տևեց. անմիջապես խրոխտ տեսք ընդունեցի ու անցա պարտականություններիս կատարմանը։ Աստիճանաբար ամեն ինչ իր հունով գնաց։ Ամենակարևոր սկզբունքը, որին հավատարիմ էի, ու որն ինձ շատ օգնել է, մեր ՀՀ ԶՈՒ ներքին կանոնագրքերի տառին համապատասխան ենթակա անձնակազմիս ղեկավարումն ու ստորաբաժանմանս ծառայության կազմակերպումն էր։ Երբ կարգով ու կանոնով ես առաջնորդվում, ենթակա անձնակազմդ ավելի լավ է ըմբռնում, թե ինչպես է ծառայելու, ինչի հիման վրա, հասկանում են՝ ինչ պահանջներ են դրվում մեր առջև, ու որքանով ենք դրանք հետևողականորեն կատարում։
Անկեղծ ասած՝ առաջին մեկ-երկու ամիսներին որոշ դժվարություններ եղել են. մեր տղաները դժվարությամբ են ընդունում աղջիկ հրամանատարի հրամաններին ենթարկվելու պահանջը։
Սակայն, ըստ Մարինեի, բեկումնային եղավ այն պահը, երբ ինքը սկսեց մոտիկից ծանոթանալ ենթականերին, նրանց խնդիրներին, հոգսերին ու փորձել լուծումներ տալ դրանց՝ բարելավելով անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը։
-Լավ հրամանատարը պետք է նաև լավ հոգեբան լինի։ Երբ խնդրադրում ենք անում, պետք է հստակ պատկերացնենք՝ տվյալ զինվորը կարո՞ղ է այդ պահին տվյալ առաջադրանքը լավագույնս կատարել, թե՞ ոչ։ Եղել են պահեր, երբ զինվորը անձնական խնդիր է ունեցել, ընկճված է եղել, մտքերով հեռու։ Մտածել եմ՝ թող առաջադրանքը տասը րոպե հետո կատարի, բայց լավ կատարի։ Իսկ մինչ այդ, մենք կհասկանանք, լուծում կգտնենք իր խնդրին։ Դիմում էի զորամասի բարձր հրամանատարությանը՝ ներկայացնելով տվյալ զինվորի վիճակը, խնդրում աջակցել։ Այսպես աստիճանաբար հարգանք ու վստահություն ձեռք բերեցի անձնակազմիս շրջանում։ Մեր ներքին ծառայության կանոնագրքում դասակի հրամանատարի պարտականությունների մեջ գրված է՝ «Խորամուխ լինել ենթակա անձնակազմի կարիքների մեջ»։ Երբ հրամանատարն այս սկզբունքով է առաջնորդվում, նաև կամային է լինում, իր խոսքի տերն է ու պահանջկոտ է, ինչպես ենթակաների, այնպես էլ իր անձի հանդեպ, առաջադրված բոլոր խնդիրները ավելի հեշտությամբ են հաղթահարվում։ Եվ քեզ այլևս չեն նայում որպես «թույլ սեռի ներկայացուցիչ»։ Ենթականերդ էլ են զգում, որ թեև աղջիկ ես, բայց ուժեղ անձնավորություն ես, կամային, դժվարություններից չկոտրվող ու չվախեցող. սկսում են քեզ հարգել։
Շատ կարևոր է, որ ինքդ օրինակ ծառայես ենթակայիդ համար։ Ես իմ դասակի անձնակազմի հետ հավասար կատարում էի առաջադրված խնդիրը։ Եթե ժամանակի որոշակի հատվածում պետք է կատարենք խնդիրը, ուրեմն՝ դա կանենք միասնական ուժերով՝ առանց որևէ մեկին ստորադասելու։ Դու քեզ հավասար դիրքի մեջ ես դնում և ցույց տալիս ենթակայիդ, որ դա քեզ համար խնդիր չէ։ Չէ՞ որ, ներքին ծառայողական կանոնագրքով ամրագրված է՝ «կատարի՛ր այնպես, ինչպես կատարում է քո վերադաս հրամանատարը»։ Սա ևս գործուն մեթոդ է։
Ծառայության ընթացքում վերադաս հրամանատարությունն անընդհատ հետևում էր հատկապես կին կրտսեր հրամանատարներին։ Նրանց համար կարևոր էր հասկանալ՝ որքանո՞վ է մեզ հաջողվում անձնակազմին առաջնորդնելն ու ղեկավարելը։
-Որոշ ժամանակ անց իմ ստորաբաժանումը պետք է բարձրանար մարտական հերթապահության, և այդ ժամանակ կին հրամանատարներին դեռևս թույլ չէին տալիս անձնակազմի հետ դիրքեր բարձրանալ։ Ես մոտեցա մեր զորամասի հրամանատարին, հետո շտաբի պետին ու խնդրեցի, որ ինձ էլ թույլ տան անձնակազմիս հետ բարձրանալ։ «Չէ՞ որ ես պետք է իրենց կողքին լինեմ»։ Նկատել էին, թե որքան եմ նեղսրտել, որ մերժել են ինձ։ Մեր զորամասի շտաբի պետից զանգ ստացա. «Հանդերձանքդ վերցրո՛ւ, արի՛»։ Բարձրացանք առաջնագծի այն հենակետը, որտեղ իմ անձնակազմն էր։ Այդ օրը միայն ամեն ինչ բացատրեցին, ցույց տվեցին և հրահանգավորեցին, թե մարտական իրավիճակի դեպքում ինչպես եմ ղեկավարելու անձնակազմիս, ինչպես եմ կատարելու առաջադրված խնդիրները, և ես վերադարձա զորամաս, իսկ հաջորդ հերթափոխին արդեն անձնակազմիս հետ բարձրացա։ Մարտական հերթապահությունը անձնակազմիդ հետ յուրահատուկ փորձառություն է։ Ենթականերիդ հետ հաց ու ջուր ես կիսում, աստիճանաբար միասին հաղթահարում եք դիրքապահի բոլոր դժվարություններն ու փոխադարձ հարգանք ու վստահություն եք ձեռք բերում։ Սա շատ կարևոր է։
…Երբ ինձ առաջին անգամ ներկայացրին իմ ենթակա անձնակազմին, երդվեցի, որ իմ ենթակաները պետք է իրենց առջև դրված խնդիրը լավագույնս կատարեն, լիարժեք ծառայեն և ողջ ու առողջ վերադառնան իրենց ընտանիքները: Երբ մեր ծնողներն իրենց որդիներին բանակ են ուղարկում, երկու տարով հանձնում են մեզ, վերջիններս այլևս իրենց ծնողներինը չեն. դառնում են մեր՝ յուրաքանչյուր հրամանատարի զավակները։ Դա անբացատրելի մի զգացողություն է, մի ուրիշ աշխարհ, երբ երկու տարի ամեն օր, ամեն ժամ հոգում ես զինվորներիդ մասին ու ծառայության ավարտին նրանց ժպիտով ճանապարհում ես տուն։ Գիտես, որ առողջական ոչ մի խնդիր, ոչ մի խոչընդոտ, ոչ մի անախորժություն այդ ընթացքում չի եղել։ Այն պահին, երբ զինվորներին ծափահարություններով ճանապարհում են զորամասից, զգացումներդ աննկարագրելի են. դու հասկանում ես, որ այդքան զինվորի մոր ժպիտ դու վառ պահեցիր…
Սահմանապահ զորամասում ծառայությունն ավարտելուց հետո Մարինեն մի շարք պաշտոններ է զբաղեցրել, իսկ 2023 թվականին նշանակվել է ներկայիս՝ զորամասի կադրերի բաժանմունքի պետի պաշտոնին։
-Երբ սահմանապահ զորամասից տեղափոխվեցի թիկունքային զորամաս, երկու տարի շարունակ չէի կարողանում իմ տեղը գտնել. ծառայությունն այստեղ բոլորովին այլ բնույթի էր, ու ոչ մի կերպ չէի համակերպվում։ Գրասենյակային աշխատանքը ասես ինձ համար չէր։ Մտովի անընդհատ նախկին ծառայավայրումս, սարերում ու ձորերում էի։ Երբ այս զորամասում էլ ժամկետային զինծառայողներ էինք ունենում, իրենց նույն աչքերով էի նայում, ինչ իմ առաջին դասակի զինվորներին։ Ճիշտ է՝ ներկայիս պաշտոնը շատ պատասխանատու է, և մեծ սիրով եմ կատարում իմ պարտականությունները, բայց այսօր էլ մեծ ցանկություն ունեմ կրկին մեկնելու առաջնագիծ։ Եթե ծնողներս սկզբում չէին հասկանում զինված ուժերում ծառայելու իմ ընտրությունը, ապա հիմա, երբ հաճախակի ասում եմ, որ ինձ սահմանը կրկին ձգում է, արդեն չեն ընդդիմանում, ընդունում են։ Նաև գիտեն, որ մի քիչ համառ բնավորություն ունեմ։
Ատեստավորում. ամեն ինչ լավ է ստացվում, երբ տրամադրվում ես
Մարինեն մեկ անգամ արդեն մասնակցել է ատեստավորման քննություններին։ Հիմա նորից է մասնակցում՝ նախկին արդյունքները բարելավելու համար։ «Ինձ համար կարևոր է, որ զորամասիս պատիվը բարձր պահեմ, պետք է բարձր արդյունքներ գրանցեմ»։
Այդ պահին, երբ զրուցում էինք, Մարինեն արդեն հանձնել էր շարային և կրակային պատրաստության քննությունները՝ ստանալով «գերազանց» և «լավ» գնահատականներ։
-Մենք հիմա պարզապես քննություններ ենք հանձնում։ Բայց պետք է նաև հստակ հասկանանք այս գործընթացի դերն ու նշանակությունը։ Անկեղծ ասած՝ ֆինանսական բավարարումն ինձ համար առաջնային չէ, չնայած, որ սոցիալական վիճակի կտրուկ բարելավում է տալիս ատեստավորումը։ Այս օրերին իմ տեսական և գործնական գիտելիքներն ու կարողություններն եմ գնահատում՝ արդյո՞ք պատրաստ եմ, լիարժեք տիրապետո՞ւմ եմ մասնագիտական համապատասխան որակների, թե՞ ոչ։ Ինձ պաշտոն են վստահել՝ կադրերի բաժանմունքի պետ։ Եվ սա շատ բարդ ու պատասխանատու աշխատանք է, քանի որ ամբողջ անձնակազմի գործառույթների փաստաթղթավորումն ենք իրականացնում։ Մենք, անկախ ատեստավորումից, պարբերաբար զորամասում կրակային պատրաստության վարժանքներ, ստուգումներ ենք իրականացնում։ Սակայն ատեստավորման ժամանակ լարվածությունը ավելի մեծ է: Առաջին ատեստավորման ժամանակ «նռնակի նետում» վարժությունից կտրվեցի։ Պետք է 30 մետր հեռավորության վրա նռնակը նետեի։ Չստացվեց. թերևս լարվածությունը խանգարեց։ Այս ատեստավորմանը հետևողականորեն պատրաստվել եմ։ Ամեն առավոտ մեր տան բակում «նռնակ» էի նետում, որ կարողանայի արժանապատիվ հաղթահարել քննությունը։ Տրամադրվեցի և կարողացա։
Կանանց ծառայության մասին
Մեր ապագա կին սպաները պետք է նախ և առաջ հոգեպես նախապատրաստված լինեն, որպեսզի, հաղթահարելով դժվարությունները, լավ սպա դառնան։ Եթե հոգեպես կայուն, սկզբունքային, ամուր չլինենք, տեղ չունենք զինված ուժերում. միայն խոչընդոտ կհանդիսանանք։ Եթե քո մեջ տեսան կամք, ամրություն և մարդկային բարձր արժանապատվություն, հնարավոր չէ, որ քեզ ճիշտ չընկալեն։ Առաջնայինը ոչ թե կին կամ տղամարդ լինելն է, այլ մարդկային որակը։
Իմ շրջապատում կան աղջիկներ, որոնք մեծ ցանկություն ունեն զինվորական դառնալու, բայց նրանց համար մեծ խոչընդոտ է ծնողների ոչ ճիշտ ընկալումը։ Նրանք, այսպես ասած՝ «կոտրում են» նրանց ձգտումը։ Հնարավոր է՝ եթե մի փոքր այլ տեսակ լինեի, ինքս էլ կոտրվեի, բայց կարողացել եմ ծնողներիս մեջ վստահություն առաջացնել իմ համոզմունքների, իմ գաղափարների ու մոտեցումների հանդեպ։ Իմ օրինակով ասեմ՝ ես առաջին հերթին անհատական աշխատանքներ եմ իրականացրել ծնողներիս հետ,- ժպիտով է ասում Մարինեն։- Երեք եղբայր ունեմ և մեր ընտանիքի միակ աղջիկն եմ։ Եղբայրներս, հիշում եմ, սկզբում ասացին. «Ո՞նց, մեր քույրը զինվորական դառնա՞»։ Բայց հիմա շատ սովորական են վերաբերվում, ընդունում, հասկանում ու գնահատում են իմ ընտրությունը, գործառույթներս ու յուրաքանչյուր քայլս։
«Խորհրդակցում ե՞ք Ձեր եղբայրների հետ ծառայողական խնդիրների շուրջ»,- հարցնում եմ Մարինեին։
-Ո՛չ։ Ես թույլ չեմ տալիս, որ զորամասային և ընտանեկան խնդիրները մեկը մյուսի հետ առնչվեն։ Զորամասն իմ երկրորդ ընտանիքն է։ Եվ եթե զորամասում որևէ դժվարությամբ լուծվող հարց առաջանա, ես ունեմ հրամանատար, որն ի պաշտոնե իմ ցանկացած հարցի կամ խնդրի լուծմանն օժանդակում է։ Ես նրան ընդունում ու հարգում եմ՝ որպես իմ երկրորդ ծնող, և հետո միայն որպես զորամասի հրամանատար։ Նա այն մարդն է, որ ծնողից էլ շուտ մեր կողքին ամուր կանգնած է։
…Զինվորականի մասնագիտությունը յուրահատուկ է ու եզակի,- վստահ է կապիտան Եզեկյանը:- Ես իմ զինվորական համազգեստը անչափ հարգում եմ. այն մեր արժանապատվությունն է, մեր եսը։ Չէ՞ որ այս համազգեստը կրելով՝ մենք արտահայտում ենք մեր Հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը։ Երբ ինձ հարցնում են. «Ինչո՞ւ հենց զինվորականի մասնագիտությունն ընտրեցիր։ Շատ դժվար մասնագիտություն չէ՞ հատկապես կնոջ համար»։ Պատասխանում եմ. «Ցանկացած մասնագիտություն իր դժվարություններն ունի։ Բժշկի մասնագիտությունը բարդ չէ՞, թե՞ մանկավարժինը, թե՞ ցանկացած այլ մասնագիտություն»։ Կարևորը, որ մարդ սիրով կատարի իր մասնագիտական պարտականությունները՝ իր գործի ամբողջ պատասխանատվությունն զգալով»։
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #13 (1526) 05.04.2024 - 12.04.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում