ՄԻ ԱՆԱԿՆԿԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
-Արդեն ութ տարի կյանքս զինվորական ռիթմով է ընթանում՝ «Փոքր Մհերում» եմ սովորել, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Որոշել եմ ժամկետային ծառայությունից հետո ռազմական բարձրագույն կրթություն ստանալ, սպա դառնալ,- իր ապագա ծրագրերի մասին է պատմում շարքային Դավիթ Բոյախչյանը:
Դավիթը զորամասի օրինակելի զինվորներից է, ծառայության ընթացքում խրախուսվել է «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններով։
Մինչև զորակոչվելը զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով, ֆիզպատրաստության վարժությունները կատարում է գերազանց: Հրաձգարանում էլ ականատես եղանք, թե ինչպես է դիպուկ կրակով մեկը մյուսի հետևից խոցում թիրախները…
-Կարգապահ, պատասխանատու զինվոր է, ցանկացած բարդության խնդիր կատարում է սահմանված ժամկետում, առանց թերացումների,- Դավիթին այսպես է ներկայացնում լեյտենանտ Արման Մանջիկյանն ու ավելացնում,- նաև հուսալի, հավատարիմ ընկեր է։
Դավիթի հետ տարբեր թեմաներից զրուցեցինք, իսկ զրույցի ավարտին, երբ հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ է ամենաշատը կարոտել ու ի՞նչ կասի նրան, երբ հանդիպի:
-Մայրիկիս շատ-շատ եմ կարոտել, կասեի՝ ցավդ տանեմ, մա՛մ ջան, ո՞նց ես։
Դավիթն անակնկալների սիրահար է, մենք էլ՝ «Հայ զինվոր» հանդեսի և «Զինուժ» հեռուստածրագրի լրագրողներով հրամանատարության թույլտվությամբ և աջակցությամբ որոշեցինք մի հաճելի անակնկալով էլ իրեն զարմացնել:
-Դավի՛թ, դու հնարավորություն ունես այդ խոսքերը անմիջականորեն հենց մայրիկիդ ասելու՝ գերազանց ծառայության համար հրամանատարությունը քեզ խրախուսել է արձակուրդով:
***
«Զինուժի» մեքենան ուղղություն է վերցնում դեպի զինվորի տուն: Ճանապարհին Դավիթը խնդրում է վարորդին որևէ ծաղկի կրպակի մոտ կանգնել, որ մայրիկի սիրած կակաչները գնի:
***
Երեկո էր, երբ հասանք Բյուրեղավան՝ Դավիթենց տուն։
Դժվար է բառերով նկարագրել զինվորի մոր ապրումներն ու հույզերը, երբ դուռը բացեց ու տեսավ որդուն տան շեմին կանգնած…
-Ձեր որդին գերազանց ծառայության համար խրախուսվել է արձակուրդով,- ասում եմ տիկին Լուսինեին։
Զինվորի մայրիկի հպարտությունն ու հուզմունքը միախառնվում են:
-Հպարտ եմ, որ որդիս լավ է ծառայում, շնորհակալ եմ հրամանատարությանը, որ գնահատել է: Որդիս ապագա սպա է, նույնիսկ ես եմ զգաստանում նրա ներկայությունից,- ասում է մայրը:
-Հիմա ավելի պարտավորված ու առավել պատասխանատվությամբ կծառայեմ,- վստահեցնում է Դավիթը:
***
Վերադարձի ճանապարհին ամեն մեկս իր մտքերով էր, ու ամեն մեկս նույնն է մտածում՝ մի զինվորի մայրիկի ուրախացրինք, մի լավ զինվոր իր կարգապահ ու օրինակելի ծառայության համար հրամանատարության կողմից գնահատվեց ու խրախուսվեց:
Միանշանակ է՝ գնահատված, արժևորված զինվորն անսահման նվիրումով կծառայի:
Գուցե հաջորդ մեր անակնկալի հերոսը դու ես, զինվո՛ր, որ հիմա ամուր ու աներեր կանգնած ես սահմանին…
Սպասի՛ր մեզ…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ
Խորագիր՝ #14 (1527) 12.04.2024 - 19.04.2024, Ազգային բանակ