ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ. ԿԱՐԵՎՈՐ ՈՒ ԿԱՅԱՑԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընթանում էր զինծառայողների հերթական խմբի ատեստավորման գործընթացը, որին ներգրավված էին զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ։ Յուրաքանչյուրը ձգտում էր լավագույն արդյունքներ գրանցել, լավագույն կողմերով իրեն դրսևորել, և սա ատեստավորվող զինվորականների համար առաջին հերթին պատվի խնդիր է։
Ռազմաբժշկական կրտսեր մասնագետների վերապատրաստման դասակի հրամանատար, լեյտենանտ Թամարա Խաչիկյանը, արդեն իսկ գերազանց հանձնելով քննությունների մեծ մասը, այդ օրը «գերազանց» գնահատականով հանձնեց նաև ֆիզպատրաստության քննությունը։
Թամարան կրթությամբ զինվորական հոգեբան է։ Նախնական զինվորական պատրաստությունը ստացել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում։ 2014 թվականին համալրել է ԶՈւ շարքերը։ Թամարան հիշում է, որ երբ նոր էր ծառայության անցել, կանանց զինծառայության վերաբերյալ դեռևս կային կարծրատիպային մոտեցումներ: Բայց դրանք աստիճանաբար ետ մղվեցին, և այժմ, երիտասարդ սպայի խոսքերով, կանանց զինծառայությանը դրական են վերաբերվում թե՛ զորքերում և թե՛ հասարակության շրջանում։
-Կինը զորքերում տղամարդկանց համար իրենց ծառայությանը ավելի զգոն, ավելի աչալուրջ մոտենալու, առաջադրված խնդիրները ավելի մեծ պատվախնդրությամբ կատարելու խթան է հանդիսանում։ Այս դեպքում մրցակցությունը միայն օգտակար է լինում թե՛ կին և թե՛ տղամարդ զինծառայողների համար։
Որպես ստորաբաժանման հրամանատար՝ Թամարան իրեն նույնպես լիովին վստահ է զգում:
-Քանի որ ես բժշկական ստորաբաժանման դասակ եմ ղեկավարում, տարվա ընթացքում ունենում ենք թե՛ շարքային զինծառայողներով և թե՛ պայմանագրայիններով համալրում։ Ճիշտն ասած՝ փորձում եմ, և իրոք ստացվում է ղեկավարել այս երկու՝ երիտասարդ և տարիքային ավելի բարձր խմբերի զինծառայողների ծառայությունը։ Ե՛վ սիրում են, և՛ հարգում, և՛ պատրաստակամ կատարում են հրամանները։ Բացի այդ, ռազմական ակադեմիայում դասավանդում եմ առաջին բուժօգնություն և մարտադաշտում իրականացվող բուժօգնություն։
Թամարայի մեջ զինված ուժերի ու համազգեստի հանդեպ սերը եղել է դեռ փոքրուց:
-Միշտ երազել եմ զինվորական դառնալու մասին։ Պապիկս իմ ՆԶՊ-ի ուսուցիչն է եղել, բացի այդ, մեր ազգուտակում շատ են զինվորականները։ Նաև սա նպաստեց, որ ես էլ ի վերջո իմ ապագան կապեմ զինվորական գործի հետ։
Քանի որ դասակի հրամանատար նոր եմ նշանակվել, ինձ համար ատեստավորումը պարտադիր հիմունքներով է։ Բայց ես շատ ուրախ եմ այս հնարավորության համար, քանի որ չնայած շատ կարևոր է նաև ատեստավորման ֆինանսական կողմը, բայց նաև մարտական պատրաստության, մասնագիտական կարողությունների աստիճանը բարձրացնելու տեսանկյունից ատեստավորման քննությունները լրացուցիչ խթան են դառնում մեզ համար։
Չնայած որ ես փոքրիկ բալիկ ունեմ, բայց դա էլ չի խանգարել, որ ինչպես հարկն է պատրաստվեմ ու բոլոր քննությունները «գերազանց» հանձնեմ։
***
Փոխգնդապետ Արթուր Մալխասյանն այդ օրը ատեստավորման գործընթացում ներգրավված էր որպես ատեստավորվող։ Պարտադիր հիմունքներով ատեստավորվել էր վեց ամիս առաջ, սակայն որոշ քննությունների արդյունքները նրան չէին գոհացրել, այժմ եկել էր վերահանձնելու և «գերազանց» գնահատականներով առաջ էր ընթանում։
-Բուն ատեստավորման գործընթացում՝ որպես հանձնաժողովի անդամ, ես ներգրավված չեմ: Ի պաշտոնե ես իրականացնում եմ դրա պլանավորման աշխատանքները։ Քանի որ ինքս ատեստավորման գործընթացում եմ ներգրավված, ինձ համար կարևոր է, որ առաջին հեթին ինքս լավ արդյունքներ գրանցեմ, օրինակ լինեմ մյուս ատեստավորվողների համար։ Բացի այդ, անշուշտ, ատեստավորումը մեր՝ զինծառայողներիս ֆինանսական վիճակը բարելավելով, բազմաթիվ այլ խնդիրներ էլ է լուծում։
Մեր թե՛ ֆիզիկական, թե՛ շարային, կրակային պատրաստության և թե՛ ընդհանուր գիտելիքների բարելավման առումով սա ևս հրաշալի հնարավորություն ու առիթ էր մեզ համար։
Ատեստավորումը արդեն կայացած ու կարևոր գործընթաց է ՀՀ զինված ուժերում, որի շնորհիվ զինծառայողներն է՛լ ավելի շահագրգռված են լինում դրսևորելու իրենց լավագույն կողմերը, շարունակելու պատվով կատարել իրենց ծառայությունը։ Բացի այդ, քաղաքացիական անձանց շրջանում ևս գնալով մեծանում է հետաքրքրությունը զինվորական գործի հանդեպ։
Ես ծառայակիցներիս կոչ կանեմ, որ լրջորեն պատրաստվեն ատեստավորմանը։ Ոմանք, առանց իրենց ուժերի սահմանները ճանաչելու, երբեմն ներգրավվում են ատեստավորմանը, ինչի արդյունքում ցածր գնահատականներ են ստանում, հիասթափվում են։ Հավաստիացնում եմ, որ եթե մատների արանքով չնայեն, այլ ավելի լավ նախապատրաստվեն, արդյունքներն էլ կլինեն լավ ու գերազանց։
***
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի ավագ օրդինատոր, բուժծառայության մայոր Հովսեփ Սարգսյանը կամավոր դիմել ու մասնակցում է ատեստավորմանը:
-Պատրաստվել եմ մոտ երկուսից երեք ամիս,- ասում է մայոր Սարգսյանը,- մինչև այս պահը ստացել եմ բացառապես «գերազանց» գնահատականներ։
Հաշվի առնելով մեր՝ բժիշկներիս ծանրաբեռնվածությունը, իհարկե, մի քիչ դժվար էր ատեստավորմանը նախապատրաստվելը, քանի որ աշխատանքային ժամերին ընդհանրապես հնարավորություն չենք ունենում զբաղվելու ֆիզպատրաստությամբ, կրակային պարապմունքներով։ Պարապում էինք հատկապես շաբաթ-կիրակի օրերին կամ ծառայողական օրվա ավարտից հետո, երբեմն՝ ընդմիջմանը։ Դե, մասնագիտական քննության մասին, իհարկե, չեմ էլ խոսի. բնականաբար, լիովին պատրաստ ենք, տիրապետում ենք, այստեղ խնդիր լինել չէր կարող։
Շատ դրական եմ համարում ատեստավորման գաղափարը։ Սա շատ լավ խթան է, որ վերջապես առողջ ապրելակերպ վարենք։ Վատ սովորություններից այսօր շատերը հրաժարվում են, սկսում ենք զբաղվել սպորտով, քայլել, վազել։ Արդեն մեր օրգանիզմը վարժվել է այս վիճակին։ Բացի այդ, բարձրացնում ենք մեր մարտական պատրաստության վիճակը։
«Գերազանց» գնահատականներս ուրախացրել էին թե՛ ընկերներիս, թե՛ ընտանիքիս անդամներին: Նրանց ուրախությունը նաև դրդապատճառ կլինի, որպեսզի մնացած քննություններն էլ բարձր ցուցանիշներով հանձնեմ։ Անկեղծանամ՝ «գերազանց» ստանալու չէի եկել, բայց ոչ էլ՝ «բավարար»։ «Լավ» գնահատականի էի տրամադրված, բայց «գերազանց» ստացվեց: Շատ գոհ եմ իմ արդյունքներից։ Ընտանիքս էլ շատ ուրախ է՝ աշխատավարձս կտրուկ կաճի, և սա էլ շատ լավ խթան է։
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ
Խորագիր՝ #14 (1527) 12.04.2024 - 19.04.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում