ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացել է պաշտպանել Արգենտինային Մեծ Բրիտանիայի դեմ հավանական պատերազմի դեպքում: Նա նշել է, որ Վենեսուելան ամենևին էլ գերհզոր պետություն չէ, սակայն որոշակի զորք և ագրեսիայի դիմագրավելու կամք իրենք ունեն:
Այս հայտարարությունը Չավեսն արել է Բոլիվարյան այլընտրանքի (ALBA` միավորում է Ամերիկյան մայրցամաքի մի շարք երկրներ) անդամ պետությունների ղեկավարների նիստի ժամանակ: ALBA-ի անդամ պետությունները որոշում են կայացրել իրենց տարածքում գտնվող նավահանգիստները փակել Ֆոլկլենդի դրոշի տակ նավարկող նավերի համար: 2011թ. վերջին նմանատիպ որոշում են կայացրել նաև Արգենտինան և Բրազիլիան:
Ֆոլկլենդյան կղզիների համար Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև պատերազմից անցել է 30 տարի, սակայն Արգենտինան մինչ այժմ վիճարկում է դրանց պատկանելիության հարցը, և պարբերաբար որոշակի լարվածություն է առաջանում երկու պետությունների միջև:
2010թ. բրիտանական ընկերությունները կղզիների շրջակայքում սկսել են նավթ արդյունահանել, իսկ այս տարվա հունվարին բրիտանական ղեկավարությունը հայտարարել է տարածքում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու մասին: Փետրվարի սկզբին էլ զինվորական ծառայություն անցնելու նպատակով կղզի է ժամանել արքայազն Ուիլյամը` հանդիսանալով հերթական լարվածության պատճառ:
Խորագիր՝ Նորություններ